Անդրանիկ Ալեքսանյան. «Թվային հեռարձակման ժամկետից ուշանալը կարող է խնդիրներ բերել» - Mediamax.am

exclusive
5001 դիտում

Անդրանիկ Ալեքսանյան. «Թվային հեռարձակման ժամկետից ուշանալը կարող է խնդիրներ բերել»

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը
ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը

Լուսանկարը` http://mtc.am

Լուսանկարը`


2009թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգի համաձայն, նախատեսվում էր 2010-2015թթ. անալոգային հեռարձակումից անցում կատարել թվային հեռարձակմանը: Ի սկզբանե նախատեսվում էր թվայնացման գործընթացն ավարտել մինչ 2014թ. դեկտեմբերի 31-ը եւ 2015-ի հունվարի 1-ից անցնել վերգետնյա թվային հեռարձակման:

 

Վերջերս, սակայն, թվային հեռարձակմանն անցնելու ժամկետը երկարաձգվեց մինչ 2015-ի երկրորդ եռամսյակի ավարտը: Մեդիամաքս-ի թղթակիցը թվայնացման գործընթացի, հետաձգման եւ թվային համակարգին անցնելու վերաբերյալ զրուցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ:

 

- Պարոն Ալեքսանյան, ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ-ում հեռուստաեթերի թվայնացման գործընթացը:

 

- Գործընթացը մոտենում է եզրագծին: Ինչպես գիտենք, 2015 թվականի երկրորդ եռամսյակում մենք պետք է ավարտենք հեռուստաեթերի թվայնացմանն ուղղված աշխատանքները: Թվային հեռարձակման ժամկետից սկզբունքորեն ուշանալ չի կարելի, քանի որ այն կարող է խնդիրներ բերել, այդ թվում` մեր հարեւանների հեռուստաալիքները դիտելու հնարավորություն: Կարծում եմ, 2015-ի երկրորդ եռամսյակից 10 օր էլ շուտ մենք կավարտենք գործընթացը, ինչի համար բոլոր նախադրյալներն ունենք:

 

- Ո՞րն էր ժամկետի երկարաձգման հիմնական պատճառը:

 

- Գործընթացը հետաձգվել է երկու պատճառով: Մեկը մրցույթի պայմանների հստակեցումն էր, մյուսը` մրցույթին մասնակցել ցանկացողների բացակայությունը: Մրցույթի բոլոր նախնական մասնակիցները ի վերջո հայտնեցին, որ մեր երկրում այդ ոլորտում ներդրում կատարելը տնտեսապես ձեռնտու չէ: Հայտ ներկայացրած 10 կազմակերպություններից նախ մնացին երեքը, սակայն նրանք էլ հանդես եկան նույն պատճառաբանությամբ եւ հրաժարվեցին մասնակցությունից: Շատ հարցերում փորձեցինք զիջումների գնալ, բայց` չստացվեց:   

 

- Կարո՞ղ ենք ասել, որ 2015-ի երկրորդ եռամսյակի ավարտին Հայաստանում լիարժեք անցում կկատարվի թվային հեռուստաեթերի: Անցումը ՀՀ ողջ տարածքում միաժամանա՞կ կլինի:

 

- Լիարժեք անցում կկատարենք, բայց հնարավոր է՝ լինեն այնպիսի տարածքներ, որտեղ կապահովվի արբանյակային հեռարձակում: Տեսականորեն այն, ընդհանուր առմամբ, կկազմի հանրապետության տարածքի 10 տոկոսը, որտեղ ռադիոռելեային գծեր տանելը կարող է տնտեսապես ավելի թանկ արժենալ: Այդ վայրերում սկզբում կապահովենք արբանյակային հեռարձակում, հետո կլինի նաեւ ռադիոռելեային գծերի միջոցով հեռարձակում:

 

- Ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է պահանջվում թվայնացման աշխատանքների իրականացման համար:

 

- Գործընթացի համար անհրաժեշտ է մոտ $ 15 մլն, բայց այդ գումարը տեսականորեն կարող է որոշ չափով նվազել կամ ավելանալ. սարքավորումները, որոնք անհրաժեշտ են գործընթացի իրականացման համար, կարող են փոքր-ինչ փոխել ծախսերի ծավալը:

 

- Ո՞ր ընկերությունը Հայաստանը կապահովի թվայնացման համար անհրաժեշտ սարքերով: Գործընթացի համար պահանջվող գումարից որքա՞նը կհատկացվի սարքավորումների ձեռք բերմանը:

 

- Մրցույթում հաղթել է շվեդական «Էրիքսոն» ընկերությունը: Այն պետք է ապահովի մեզ համապատասխան սարքավորումներով եւ երաշխիքային սպասարկմամբ: Սարքավորումների տեղադրումը կկատարվի մեր մասնագետների հետ համատեղ, մրցույթը շահող կազմակերպությունը պարտավորություն ունի սովորեցնել նաեւ սպասարկման գործընթացը: Ինչպես նշեցի, ծրագրի արժեքը մոտավորապես $ 15 մլն է, որից շուրջ 70%-ը կարող է կազմել սարքավորումների գինը, մնացածը` աշխատանքների ծախսերը:

 

- Որքա՞ն կարժենան թվային ազդանշանն ընդունող սարքերը, եւ ի՞նչ զեղչեր կսահմանվեն սոցիալապես անապահով խավերի համար:

 

- Թվային հաղորդում դիտելու համար սպառողին անհրաժեշտ է դեկոդեր, որի արժեքն է $ 10-20: Բայց, քանի որ պետությունն է գործընթացը ձեռնարկել, սոցիալապես անապահով ընտանիքներին այդ դեկոդերը կտրամադրի հենց պետությունը: Պետք է այնպես անենք, որ մյուս քաղաքացիների համար էլ դրանք մատչելի լինեն` իհարկե, կարեւորելով նաեւ սարքերի որակը:

 

- Քանի՞ հեռուստաալիք է լինելու սոցիալական փաթեթում: Որոնք են լինելու վճարովի հեռուստաալիքները:

 

- Ներկայումս գոյություն ունեցող բոլոր ալիքները լինելու են սոցիալական փաթեթի մեջ` հասանելի լինելով Երեւանում եւ մարզերում: Ինչ վերաբերում է վճարովի ալիքներին, ապա դրանց խնդիրը օրենսդրական կարգավորում է պահանջում: Դեռ պետք է որոշվի` ինչի՞ համար է վճարելու քաղաքացին` բովանդակությա՞ն, թե՞  կապուղու: Երբ կլինի օրենք եւ գին կսահմանվի, կսկսվի նաեւ այդ գործընթացը:

 

- Ի՞նչ եք կարծում, թվայնացման գործընթացը որքանով կնպաստի հեռուստաեթերի զարգացմանը:

 

- Եթե խոսենք եթերի որակի զարգացվածության մասին, ապա այն կլինի ամենաժամանակակիցը, որ գոյություն ունի աշխարհում: Խնդիր կարող է առաջանալ՝ հեռուստացույցի կամ պատկերն ու ձայնը հաղորդող սարքի որակից կախված: Որակական տեսանկյունից նրանք պետք է համապատասխանեն միմյանց: Եթե հեռուստաընկերությունը հաղորդումը նկարում է հին տեսախցիկով, բայց սարքի եւ հեռուստացույցի որակը լավն են, ապա պատկերը կարող է լղոզվել: Երկրորդ խնդիրը կախված է նրանից, թե ինչ որակով է հեռուստաալիքն իր հաղորդումները հեռարձակելու: Համակարգը հնարավորություն կտա բարձր որակի համար, ամեն ինչ կախված է նրանից, թե հեռուստաալիքը ինչ որակի` HD, թե SD կուղարկի ազդանշանը:

 

- Կա՞ ուսումնասիրություն, թե հայկական հեռուստաընկերությունները որքանով են պատրաստ թվային հեռարձակմանը: 

 

- Հստակ չեմ կարող ասել, բայց հեռուստաընկերությունների միջեւ արդեն կա մրցակցություն, եւ հիմա շատ ալիքներ փոխում են իրենց սարքավորումների որակը: Ներկայումս Երեւանում գործող հեռուստաընկերություններից 3-ից 5-ն են թվայնացման ճանապարհին:

 

Թվային հեռարձակմանն անցնելու դեպքում հեռուստաընկերություններում լուրջ խնդիր կլինի բովանդակության հարցը: Կարծում եմ, որոշ հեռուստաընկերություններ կարող են միանալ, մի հաճախականություն վարձել, օրվա ժամերը բաժանել միմյանց մեջ եւ միասին աշխատել: 

 

Անդրանիկ Ալեքսանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին