Դավիթ Տոնոյան. «Հայ խաղաղապահների մի մասը կտեղափոխվի Քաբուլ» - Mediamax.am

exclusive
11968 դիտում

Դավիթ Տոնոյան. «Հայ խաղաղապահների մի մասը կտեղափոխվի Քաբուլ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

- Հայաստանը հայտարարել է, որ կշարունակի օժանդակություն ցուցաբերել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը նաեւ ՆԱՏՕ-ի ISAF գործողության ավարտից հետո: Ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվեն հայ խաղաղապահների գործառույթները գործողության ավարտից հետո:

 

- Մենք տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին եւ ISAF-ում մեր հիմնական գործընկեր Գերմանիային, որ քաղաքական որոշումը կայացված է, եւ Հայաստանը կարողություններ ունի շարունակելու աջակցել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին ISAF գործողության դեկտեմբերին նախատեսված ավարտից հետո:

 

2015 թվականից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո մեկնարկելու է «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությունը: ISAF գործողությունը ներկայումս գտնվում է ակտիվ վերափոխման փուլում` կապված ՆԱՏՕ-ի կողմից լիազորություններն աֆղանական ուժերին հանձնելու հետ, ինչն ազդում է նաեւ հայկական զորախմբի խնդիրների եւ տեղակայման վայրի վրա:

 

Այս պահին մեր զորախմբերը տեղակայված են Մազարի Շարիֆ տարածաշրջանի Քեմփ Մարմալ եւ Քեմփ Մայք Սփան ռազմակայաններում, ապրիլից հնարավոր են փոփոխություններ եւ մեկ զորախմբի տեղափոխություն ավելի պատասխանատու ռազմավան Քաբուլում: Աֆղանստանում մեր խաղաղապահների խնդիրը հիմնականում նույնն է` անվտանգության ապահովում:

 

- Հայ խաղաղապահները ներկայումս ծառայություն են իրականացնում գերմանական հրամանատարության ներքո: Ո՞ր հրամանատարության ներքո նրանք կտեղափոխվեն ISAF գործողության ավարտից հետո:

 

- Գերմանացի գործընկերների հետ ունենք բավականին երկար եւ արդյունավետ համագործակցության փորձ: Հաշվի առնելով, որ Գերմանիայի ներկայությունը Աֆղանստանում շարունակվելու է նաեւ նոր առաքելության ընթացքում, շարունակելու ենք համագործակցել մեր գերմանացի գործընկերների հետ:

 

- Ժամանակին Քունդուզում աշխատում էին հայ ռազմական հրահանգիչներ: Հայաստանը նախատեսո՞ւմ է նորից հրահանգիչներ ուղարկել Աֆղանստան:

 

- Հրահանգիչները ավարտել են իրենց առաքելությունն 2012 թվականին, եւ ներկայումս մեր գործընկերների կողմից նման պահանջարկ չկա: Մենք պատրաստ ենք քննարկել նոր հրահանգիչներ գործուղելու հարցը, եթե նման առաջարկ ստանանք:

 

- Պատմեք այն առաջադրանքների մասին, որոնք հայ խաղաղապահները իրականացնելու են Լիբանանում:

 

- Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ներգրավման գործընթացը գտնվում է համաձայնեցման վերջնական փուլում: Իտալական կողմը, որի հրամանատարության ներքո են գործելու հայ խաղաղապահները, առաջարկել է ստանձնել զորքերի շտաբի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:

 

Միջազգային գործողություններին քանակապես փոքր զորախմբերով, բայց ակտիվորեն ներգրավված երկրները ժամանակի ընթացքում թրծվում եւ մասնագիտանում են կոնկրետ ոլորտներում` բժշկական ապահովում, թիկունքային ապահովում, օդային փոխադրումներ, հատուկ ջոկատայիններ եւ այլն: Սովորաբար հրամանատարություններն այդ երկրներին առաջարկում են լուծել հենց այդ խնդիրները: Այս առումով կարող ենք ասել, որ հայ խաղաղապահները միջազգային ասպարեզում «մասնագիտացել» են անվտանգության ապահովման հարցերում:

 

- Հաշվի առնելով, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, արդյոք հայ խաղաղապահների գործուղումը Լիբանան լրացուցիչ ռիսկի գործոն չի՞ հանդիսանա տեղի հայկական համայնքի համար:    

 

- Մինչեւ ՄԱԿ-ի եւ իտալական կողմի հետ բանակցություններ սկսելը այս հարցը քննարկվել է հնարավոր բոլոր մակարդակներում, եւ եկել ենք այն եզրահանգման, որ խաղաղությունն անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ կերպով պաշտպանող հայ զինծառայողները կարող են միայն դրական մթնոլորտ ստեղծել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին