Շարմին Նարվանի. «Սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս 65 հայ է զոհվել» - Mediamax.am

exclusive
12875 դիտում

Շարմին Նարվանի. «Սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս 65 հայ է զոհվել»

Շարմին Նարվանին
Շարմին Նարվանին

Լուսանկարը` Շարմին Նարվանիի Անձանական արխիվից:

Լուսանկարը`


Շարմին Նարվանին Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության գծով քաղաքական վերլուծաբան է: Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հասարակայնության հետ կապերի դպրոցի Մերձավոր Արեւելքի հետազոտությունների եւ լրագրության մագիստրոսի աստիճան ունի:

 

Շարմին Նարվանին գրում է այնպիսի հեղինակավոր պարբերականների համար, ինչպիսիք են Al Jazeera-ն, The New York Times-ը, The Guardian-ը, USA Today-ը, Huffington Post-ը եւ այլն:

 

Շարմին Նարվանիի հետ Մեդիամաքսը զրուցել է Սիրիայում վերջին ամիսներին քրիստոնյաների, մասնավորապես հայերի վրա հարձակումների թեմայով եւ թե որքանով հավանական է Սիրիայում կրոնական պատերազմի բռնկումը:

 

- Խոսակցությունները Սիրիայում կռվող ծայրահեղականների մասին, ովքեր հարձակվում ու սպանում են քրիստոնյաններին, կամ ստիպում նրանց իսլամ ընդունել, հունվարին կրկին ակտիվացան: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին: 

 

- Հավելյալ տեղեկություններ չունեմ Հալեպից երկու սիրիահայերի սպանության վերաբերյալ: Դժբախտաբար, սիրիական կոնֆլիկտում այս կարգի նորություններն այլեւս չեն զարմացնում: Այսօր մարդկանց գլխատումը կամ մարմնի մասնատումն ավելի քան բավարար է լուր գրելու համար: Բայց, գնալով ավելի ու ավելի շատ ենք ստիպողական կրոնափոխությունների մասին լուրեր լսում, հատկապես վերջին 6 ամիսների ընթացքում, երբ իսլամիստ զինված ապստամբները վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրեցին: Եթե չեմ սխալվում, անցյալ սեպտեմբերին էր, երբ Ալ Քաիդային հարող խմբավորումները գրավեցին հնագույն քրիստոնեական Մաալուլա քաղաքը: Այդ ժամանակ ԶԼՄ-ներն առաջին անգամ խոսեցին Սիրիայում ստիպողական կրոնափոխությունների մասին: Տեղաբնակները հետագայում ասում էին, որ ապստամբներն իրենք իրենց անվանել են խաչակիրներ՝ շեշտելու հարձակման անջատողական բնույթը, ծառայելով Սիրիայի ողջ տարածքում քրիստոնեական համայնքներին ահաբեկելուն:

 

Հունվարին տարածված այն լուրերին, թե երկու հայ ընտանիքներ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից ստիպողաբար իսլամ են ընդունել, հաջորդեցին Վանես եւ Մինաս Լեւոնյանների մահապատժի մասին լուրերը, ովքեր իբր թե հրաժարվել էին կրոնափոխ լինել: Համոզված չեմ, որ երբեւէ կիմանանք, թե ի՞նչ է կատարվել իրականում: Բայց այս տեղեկությունը հաջորդեց նախորդ տարվա դեկտեմբերին Մաալուլայից 13 միանձնուհիների առեւանգմանը: Ուստի այս միտումը ստիպում է մտածել վատագույն տարբերակի մասին: 

 

- Ձեր նշած օրինակները եւ այլ բազմաթիվ չհիշատակված օրինակներ հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք սա համարել Մերձավոր Արեւելքում նոր կրոնական պատերազմի սկիզբ:  

 

- Չեմ կարծում, որ ճիշտ է մի քանի հազար ծայրաղեկաննարի գործողություններից նման եզրակացության հանգել եւ դա դիտարկել  քաղաքակրթությունների բախման տեսանկյունից: Իրական վտանգ կա, որ կոնֆլիկտն ավելի կխորանա, եթե այս իրադարձությունները սկսեն դիտարկվել կրոնական տեսանկյունից: Եկեք անկեղծ լինենք. արդյո՞ք Մերձավոր Արեւելքում իրականում գոյություն ունի հակամարտություն քրիստոնյաների եւ իսլամիստների կամ սուննիների եւ շիաների միջեւ: Ես այդպես չեմ կարծում ու այդպես չի կարծում տարբեր հարցումների մասնակցած արաբների մեծ մասը: Հակամարտությունըկրոնների միջեւ չէ, այլ կրոնի մաս կազմողների ու չկազմողների միջեւ: Հակամարտության երկու կողմում էլ կան քրիստոնյաներ, մահմեդականներ՝ շիաներ ու սուննիներ: Բարեբախտաբար, նրանք, ովքեր կրոնի կողմից են, փոքրամասնություն են կազմում: Ուղղակի նրանք ավելի շատ են հնչեցնում իրենց ձայնը, ավելի խանդոտ են եւ ավելի մոտիվացված` համայնքների միջեւ պառակտում մտցնելու հարցում:

 

Այսօր ավելի անհանգստացնող են կրոնական խմբերին եւ անհատներին տրամադրվող ֆինանսական աջակցության վիթխարի ծավալները՝ թե տարածաշրջանի, եւ թե դրսի ուժերի կողմից: Դրա մի մասը գալիս է բեւեռացման քաղաքականության պատճառով, ինչի ականատեսը կարող եք դառնալ իրանաֆոբ Սաուդյան Արաբիայում, կամ շիաատյաց՝ պակիստանյան դոնորների դեպքում: Բայց ավելի շոկային է այն, թե ինչպես են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պես տերությունները ցանկանում մեկուսացնել, նսեմացնել, ապակայունացնել եւ ոչնչացնել հակառակորդներին՝ Սիրիային, Իրանին, Հեզբոլլահին, եւ դա նույնիսկ այն դեպքում, երբ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել անջատողականների ուժերում: Այս երեք արեւմտյան ուժերը, որոնք այնքան ազդեցիկ են գլոբալ մեդիայում, տարածաշրջանում տեղի ունեցողը նկարագրելու համար կառչում են պառակտող կրոնական մասնիկներից, որպեսզի նկարագրեն այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, ինչպես նաեւ աչքաթող են անում այն փաստը, որ քաղաքական ավելի մեծ նպատակներ հետապնդելով, իշխանության դեմ պայքարում այդ նույն ապստամբները բռնություն են գործադրում քրիստոնյաների հանդեպ:

 

Մերձավոր Արեւելքում կրոնական պատերազմ գոյություն չունի: Հակառակը, կրոնական հողի վրա առկա բռնությունները, ինչպես քրիստոնյաների գլխատումները, ստիպել են շատ արաբների առանձնանալ այդ ռադիկալ խմբերից ու համախմբվել ավելի միավորող ազգային ինքնության շուրջ: Այստեղից է գալիս ազգային բանակներին աջակցության աճը Եգիպտոսում, Սիրիայում եւ Լիբանանում:

 

-Արդյո՞ք ճիշտ են այն մտավախությունները, որ Սիրիայի քրիստոնեական բնակչությունը դարձել է իսլամիստների հիմնական  թիրախը: 

 

-Ոչ, չեմ կարծում, որ քրիստոնյաներն այս կոնֆլիկտում առանձնացվում են: Քանի որ ապստամբներն ավելի ծայրահեղ են դարձել, բոլոր այլախոհները նրանց կողմից հարված են ստանում՝ անկախ կրոնից, ազգությունից եւ այլն: Սա ճիշտ է նաեւ սուննի բնակչության պարագայում: Էքստրեմիստական խմբավորումներն անհանդուրժող են իրենց բնույթով եւ հնազանդություն են պահանջում մյուսներից: Ու ցանկացած մեկը, ով չի կատարի նրանց պահանջները, կարող է թիրախ դառնալ:

 

Տեղյակ եմ, որ սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս 65 հայ է զոհվել: Չգիտեմ, թե իրականում ինչպիսի թվեր կան ողջ քրիստոնեական համայնքի համար: Բայց, եթե հաշվի առնենք, որ կոնֆլիկտի զոհերի ընդհանուր թիվն անցնում է 100 հազարից, ապա քրիստոնյա զոհերի թիվն այս ֆոնին աննշան է դառնում:

 

- Այսօր ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են իսլամիստները Սիրիայում կռվում միմյանց դեմ: Ի՞նչն է նախկինում Ասադի ռեժիմը տապալելը որպես իրենց հիմնական նպատակ դիտարկող այս խմբավորումների պառակտման գլխավոր պատճառը: 

 

- Այսպես կոչված սիրիական հեղափոխությունն ամենասկզբից էլ եղել է իշխանության եւ իշխելու համար կոշտ պատերազմ: Ներքին տարբեր շահերը, դրանց գումարած արտերկրի դերակատարների մրցակցային հետաքրքրությունները, համոզում են, որ Սիրիայում երբեք միասնական ընդդիմություն չի լինի: Սկզբում՝ առաջին օրերին նրանց համար հեշտ էր կռվել՝ ասելով, թե մենք մեկ ընդհանուր ուժ ենք, բայց երբ տարբեր խմբավորումներ սկսեցին գրավել տեղամասեր եւ դիրքեր, գերիշխանության համար մրցակցությունն ուժեղացավ:

 

Կարծում եմ, տեղի կունենա շարունակական ապստամբական մերձամարտ, քանի որ մենք մուտք ենք գործում սիրիական հակամարտության մի նոր փուլ, որտեղ փոխզիջումները, բանակցությունները եւ ռազմական առճակատումն առաջ կբերեն հաղթողների եւ պարտվողների. խաղադրույքներն աճում են, եւ յուրաքանչյուր խումբ կգործի ինքն իր համար:

 

- Արդյո՞ք կարծում եք, որ արեւմտյան ուժերը, ովքեր նախկինում պահանջում էին Ասսադի հրաժարականը, այսօր  ռադիկալ իսլամիզմի մեծ սպառնալիքի առաջ են կանգնած: 

 

-Անկասկած: Արեւմուտքը հաշվարկել էր, որ Ասադը շատ արագ հրաժարական կտա՝ 2011 թ-ի բողոքի առաջին ցույցերից հետո: Տարբեր ժամանակահատվածներում նրանք փորձում էին թեժացնել կոնֆլիկտը, այն համոզմունքով, որ եւս մեկ մեծ հարված, ու Ասադը կհեռանա: Բայց դրա փոխարեն նրանք Սիրիան անկայունության եւ քաոսի վտանգավոր դրության մեջ գցեցին, ստեղծելով մի միջավայր, որտեղ Ալ Քաիդան ու նմանատիպ ռադիկալ խմբերը տարածվեցին:

 

Վաշինգթոնն, իհարկե, հասկացավ իր սխալը, եւ վերջին խոշոր քայլերի միջոցով փորձեց  փոփոխություններ իրականացնել: Սա է միակ պատճառը, որի համար ԱՄՆ-ն շրջանցեց իր ավանդական դաշնակիցներ Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին ու Ժնեւում Իրանի հետ ատոմային գործարքի մեջ մտավ: Արեւմուտքը հիմա Մերձավոր Արեւելքի ներսից աջակցության կարիք ունի ՝ էքստրեմիզմը վերացնելու համար: Եվ նրանք գիտեն, որ Իրանն այն քիչ երկրներից մեկն է, ով ի զորու է դա անել: Իրանը Սաուդյան Արաբիայի սալաֆիստական էքստրեմիզմի հիմնական թիրախն է, եւ, իհարկե, Իրանի շահերից է բխում ոչնչացնել այն: Այնպես որ, հիմա Իրանը, Հեզբոլլահը, Իրաքը եւ Սիրիան դառնալու են առաջատարներ ահաբեկչության դեմ իրական պատերազմում, որը ղեկավարվում է հենց այդ տարածաշրջանից: Հարեւան երկրները, ինչպես Թուրքիան եւ Հորդանանը, ի վերջո կմասնակցեն այդ պատերազմին, իսկ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ այլ պետություններ նշանակալից աջակցություն կտրամադրեն: 

 

 -Հաշվի առնելով վերջին զարգացումները, ի՞նչ ապագա է սպասում Սիրիայում դեռեւս  բնակվող քրիստոնյաներին:

 

- Շատ քրիստոնյաներ լքել են Սիրիան: Ովքեր կարողացել են, ավելի վաղ են դիմել այդ քայլին, հիմնականում, իրենց կանանց ու երեխաներին չարիքից հեռու պահելու համար: Հեռանալու որոշումը ծանր է բոլոր այն քրիստոնյաների համար, ում հետ ես անձամբ խոսել եմ: Մի կողմից, նրանք կապված են իրենց երկրի հետ, մյուս կողմից՝ անհանգստանում են իրենց ընտանիքների համար: Մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ, երբ ամենավատը կմնա հետեւում:

 

Քրիստոնյաները եւ հատկապես հայերը նաեւ մի տեսակ պատասխանատվություն են զգում շարունակելու իրենց ներկայությունը Սիրիայում, պահպանելու իրենց մշակութային ժառանգության գանձերը եւ վայրերը: Այսօր քրիստոնյաները դժվար ընտրության առջեւ են կանգնած: Արեւելքը հարուստ է իր տարածականության շնորհիվ, եւ այդ հարցում քրիստոնյաները մեծ ներդրում ունեն: Գուցե քրիստոնեական համայնքը փխրուն է, բայց վճռականություն կա պաշտպանելու թե ժառանգությունը եւ թե պատմությունը: Գուցե այս պահին ապագան այնքան էլ վարդագույն չէ, բայց ես չեմ տեսնում Սիրիան առանց իր քրիստոնեական համայնքի:

 

Օրինակ, Հոմս քաղաքի իմ ծանոթների վկայություններից կարող եմ ասել, որ 2011 թ-ից մինչ օրս ավելի քան 50 հազար քրիստոնյաներ են լքել այդ քաղաքը: Բայց նրանց մեծ մասը չի լքել Սիրիան, այլ տեղափոխվել է Լիբանանի սահմանի մոտ գտնվող Վադի ալ Նասարահ քաղաք, որը կոչվում է նաեւ Քրիստոնյաների արահետ՝ մերձակայքում տեղադրելով անցակետեր ու պարեկախմբեր:

 

Միջազգային հանրությունն այսօր լրջորեն դիտարկում է իսլամական էքստրեմիզմը Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում: Ես ակնկալում եմ էական ռազմական եւ քաղաքական ջանքեր, որոնք կփոխեն իրավիճակը Սիրիայում: Երկրում մնացած քրիստոնյաները կմասնակցեն այդ գործին, հատկապես այն պատճառով, որ սալաֆիստների հարձակումները դառնում են ավելի կոշտ: Կարեւոր կլինի, որ այս ժամանակաշրջանում կոալիցիաներ կառուցվեն այլ համայքների հետ եւ ավելացվեն պաշտպանողական անվտանգության միջոցառումները: Քրիստոնյաները չեն կարող այլեւս իրենց թույլ տալ նախաձեռնող չլինել: Ես նաեւ կարծում եմ, որ քրիստոնյաների ու Սիրիայում բնակվող մյուս փոքրամասնությունների վիճակի մասին միջազգային ԶԼՄ-ներն առաջիկայում կսկսեն ավելի շատ խոսել եւ պակաս կողմնակալ ձեւով, քան նախկինում:

 

Շարմին Նարվանիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին