Ռուբեն Վարդանյան. «Կարեւորում եմ ավելի շատ վառ գույների օգտագործումը» - Mediamax.am

exclusive
15224 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Կարեւորում եմ ավելի շատ վառ գույների օգտագործումը»

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը`


Փետրվարի սկզբին գործարար եւ բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը XXI դարի առանցքային մարտահրավերների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում:  

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ Ռուբեն Վարդանյանի ելույթից:

 

Նոր աշխարհը

 

Կարծում եմ, մենք գտնվում ենք համաշխարհային զարգացման նոր փուլում: Եթե նայենք XIX դարին եւ ավելի վաղ ժամանակներին, ապա բոլոր խնդիրները կապված էին հողի հետ. մարդիկ ձգտում էին ավելի մեծ տարածքներ ձեռք բերել եւ ընդլայնել իրենց կալվածքները: XX դարում մարդկությունն ավելի շատ կենտրոնանում էր արդյունաբերական ակտիվների եւ բնական ռեսուրսների վրա: Այժմ մենք թեւակոխել ենք տեղեկատվական հասարակության փուլ: Աշխարհը հետզհետե դառնում է ավելի ինտեգրված: Մի կողմից, դա աշխարհ է, որում մենք հնարավորություն ունենք սովորել իրարից: Մյուս կողմից, մենք շարունակում ենք ապրել հին կարծրատիպերով: 

 

Ես հայ եմ, ծնվել եմ Հայաստանում, կարիերա եմ արել Մոսկվայում, ընտանիքս ապրում է Լոնդոնում, ես ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհում եւ ինձ համարում եմ գլոբալ քաղաքացի:

 

Նավթը եւ կրթությունը

 

Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանը, ավելի ուշ սովորել եմ Հարվարդում, INSEAD-ում եւ շատ այլ դպրոցներում, քանի որ հավատում եմ կրթությանը: Երկու տարին մեկ փորձում եմ ինչ-որ դպրոց գնալ, այնտեղ անցկացնել երկու-երեք շաբաթ` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, որո՞նք են համաշխարհային հիմնական միտումները: 

 

Կարծում եմ, կրթությունը լինելու է ապագայի խոշորագույն արդյունաբերություններից մեկը: Ի դեպ, արդեն այսօր կրթության արդյունաբերությունն իր եկամուտներով գերազանցում է նավթային արդյունաբերությանը: Մարդիկ դա չեն գիտակցում, քանի որ կրթության արդյունաբերությունը հատվածավորված է եւ համախմբված չէ: Բայց համախմբումն աստիճանաբար տեղի է ունենում:

 

Աշխատանք պետական մարմիններում

 

Այսօր Ռուսաստանում, ցավոք, բուհ ավարտած 10 ուսանողներից 8-ը ցանկանում են աշխատել պետական մարմիններում: Մարդիկ կարծում են, որ այդ աշխատանքն ավելի հեղինակավոր ու կանխատեսելի է ու իրենց թույլ կտա համապատասխան դիրք զբաղեցնել հասարակությունում: Ինչպե՞ս փոխել այդ իրավիճակը: Միայն «հաջողության պատմությունների» հիման վրա` ցույց տալով, որ անհնարին ոչինչ չկա:

 

Իրականության ընկալումն առանցքային խնդիրներից մեկն է, եւ ես մեծապես կարեւորում եմ ավելի շատ վառ գույների օգտագործումը:

 

Վստահություն եւ երկարաժամկետ պլանավորում

 

Հայաստանյան, ռուսաստանյան եւ զարգացող այլ շուկաները սովորաբար շատ կարճաժամկետ կողմնորոշում ունեն: Ես միշտ առանձնացնում եմ վստահության ու երկարաժամկետ տեսլականի տարրերը: Վստահությունն առանցքային խնդիրներից մեկն է Ռուսաստանի եւ զարգացող շուկաներ ունեցող այլ երկրների համար: Մենք չենք վստահում միմյանց, ինստիտուտներին, կառավարությանը: Այդ պատճառով ավելանում են բիզնեսի ծախսերը. եթե դու չես վստահում, ստիպված ես ավելի մեծ գումարներ ծախսել փաստաբանների, անվտանգության եւ հարակից այլ հարցերի վրա:

 

Ներգրավել լավագույններին

 

Հաջողության առանցքային բաղադրիչներն են` տեսլականը, հետեւողականությունը իրագործելու այն, ինչը խոստացել ես կատարել, արժեքներն ու լավագույն մարդկանց ներգրավումը: Երբ ես ասացի, որ ցանկանում եմ Դիլիջանում միջազգային դպրոց հիմնել, մարդիկ ասացին. «Ի՞նչ: Միջազգային դպրոց Հայաստանո՞ւմ»: Իսկ հիմա Իթոնի քոլեջի նախկին փոխտնօրենը գալիս է Հայաստան` UWC Dilijan-ը ղեկավարելու նպատակով:

 

 

Պատրաստել են Արամ Արարատյանը եւ Կարինե Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին