Ռուբեն Վարդանյան. «Մեր սիրելի զբաղմունքն է` պատմել, թե ինչու այս կամ այն բանը մեզ մոտ չի ստացվի» - Mediamax.am

exclusive
11603 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Մեր սիրելի զբաղմունքն է` պատմել, թե ինչու այս կամ այն բանը մեզ մոտ չի ստացվի»

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը`


Մարտի 20-ին գործարար եւ բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցում հանդես է եկել «Արդյունավետ բիզնես-մոդելները. երջանկությունը` որպես գերշարժառիթ» թեմայով դասախոսությամբ:

 

Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ դասախոսությունից եւ հարցերի պատասխաններից: Ելույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է M24.ru կայքում:

 

Շարժառիթների մասին

 

Ես կարողացել եմ ինձ համար ձեւակերպել`ով եմ ցանկանում լինել: Պակաս կարեւոր չէ հասկանալ, թե ինչպես է պետք չափել հաջողությունդ եւ որքանով ես պատրաստ ռիսկի դիմել դրան հասնելու համար: 

 

«Տրոյկա Դիալոգը» ստեղծելիս մենք ցանկանում էինք կառուցել ներդրումային բանկ, որը կնպաստեր փոփոխություններին երկրում եւ ճանաչում կստանար միջազգային հաճախորդների կողմից: «Տրոյկա Դիալոգը» իսկապես փոխում էր Ռուսաստանը: Մարդիկ, ովքեր ընկերություն եկան միանգամից ուսանողական նստարանից, կառուցում էին ոչ միայն ընկերությունը, այլեւ ամբողջ շուկան:

 

Հաջողության բանաձեւը

 

Ես կառանձնացնեի երեք բաղադրիչ.

 

1.Հստակ ձեւակերպված նպատակ:

2. Ուժեղ թիմ:

3. Հետեւողականություն:

 

Անհնարինը հնարավոր է

 

Իմ նպատակն է ոչ թե որքան հնարավոր է շատ գումար աշխատել, այլ անհնարինը հնարավոր դարձնել: Հիշում եմ, ժամանակին մենք վիճում էինք ՌԴ տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆի հետ, ով չէր հավատում, որ ռուսաստանյան գործարարները սեփական կամքով գումար կտրամադրեն ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցը հիմնելու համար: 

 

Անհրաժեշտ է մեծապես հավատալ ծրագրին: Մի անգամ ինձ մի մասնավոր ընթրիքի էին հրավիրել, որին ներկա էր նաեւ Սինգապուրի «հիմնադիր հայր» Լի Կուան Յուն: Ես նրան պատմեցի ՍԿՈԼԿՈՎՈ-ի գաղափարի մասին, եւ նա ասաց. «Ինձ դուր է գալիս քո երազանքը, ես պատրաստ եմ մասնակցել դրա իրականացմանը»: Եվ ամեն տարի նա գալիս էր այստեղ, եւ իմ երազանքն իրականություն էր դառնում նրա աչքի առջեւ: 

 

Լի Կուան Յուն ինձ խոստացավ, որ եթե ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցը կառուցվի, նա ինձ հետ կգա Հայաստան կգա, եւ կատարեց խոստումը: Մի անգամ հարցրեցի` ինչո՞ւ որոշեց օժանդակել ՍԿՈԼԿՈՎՈ-ի ծրագրին: Լի Կուան Յուն շատ պրագմատիկ մարդ է եւ ասաց, որ 20 տարի հետո Սինգապուրը կսկսի դիրքերը զիջել Դուբային ու Շանհային, եւ մրցակցային մնալու համար Սինգապուրը դիտարկում է բոլոր այն երկրները, որոնք գտնվում են նրանից առավելագույնը 7 ժամ թռիչքային հեռավորության վրա: Այդ տեսանկյունից, ասաց նա, մեզ ձեռնտու է, որպեսզի ռուսաստանյան գործարարների հաջորդ սերունդները, որոնք կսովորեն ՍԿՈԼԿՈՎՈ-ում, տեղեկացված լինեն Սինգապուրի մասին:

 

Վստահության մասին

 

Մեր սիրելի զբաղմունքն է` պատմել, թե ինչու այս կամ այն բանը մեզ մոտ չի ստացվի: Դրա հիմնական պատճառներից մեկը անվստահությունն է: Հաշվեք` քանի՞ մարդու եւ ինստիտուտի եք դուք վստահում: Հավանաբար, մարդկանց թիվը չի անցնի 10-ը, իսկ ինստիտուտներինը կամ կազմակերպություններինը, լավագույն դեպքում, 3-ը:  

 

Ցանկացած լավ գաղափար մագնիսի պես ձգում է, եթե դու պատրաստ ես կիսվել դրանով:

 

Մարդիկ

 

Բազմիցս ասել եմ, որ 21-րդ դարում մարդիկ են հանդիսանում հիմնական ակտիվը: Ցանկացած մեկնարկ կարող է տապալվել կամ հաջողվել` կախված մարդկանց ընտրությունից: Կան տարբել մոդելներ. կարելի է «աստղերի» թիմ հավաքագրել, կարելի է նաեւ ինքնուրույն «աճեցնել» այն: Ինձ համար կարեւոր է, որպեսզի մարդն անտարբեր չլինի:   

 

Պետք չէ վախենալ ուժեղ մարդկանց հետ աշխատելուց: «Տրոյկա Դիալոգում» շատերն ինձանից ավելի ուժեղ, տաղանդավոր ու փորձառու էին: 

 

Ցավալի ու դժվար էր աշխատանքից հեռացնել մարդկանց, ովքեր սխալներ թույլ չէին տվել ու ոչ մի վատ բան չէին արել: Բայց պետք է հեռացնեի նրանց, քանի որ նրանք պատրաստ չէին մեծ փոփոխությունների:

 

Սխալներ եւ թերություններ

 

Կյանքիս ընթացքում բազմիցս թույլ եմ տվել սխալներ եւ շարունակում եմ դա անել: Սխալը, որը ես հաճախ կրկնո՞ւմ եմ: Ամեն անգամ, երբ որոշում եմ հրաժարվել իմ որեւէ սկզբունքից եւ փաստարկներ եմ որոնում զիջումներ կամ բացառություններ անելու համար, գլխիս հարված եմ ստանում: Օրինակ, չեմ հեռացնում այն մարդուն, ում դեռ երեկ պետք է հեռացնեի կամ համաձայնում եմ հանդիպման, որին պետք չէր գնալ:

 

Ամենալուրջ թերությունս այն է, որ փորձում եմ ընդգրկել անսահմանությունը: Արդյունքում` վերջին չորս գիշերներն անցկացրել եմ ինքնաթիռներում: 

 

Ազնվության մասին

 

Մարդը թույլ էակ է, եւ շատ դժվար է ազնիվ մնալ ու միշտ ճիշտը խոսել` առանց երկակի ստանդարտների դիմելու: 

 

Սովորել

 

Ես սովորում եմ ողջ կյանքիս ընթացքում: Բախտս բերել է. ունեցել եմ շատ ուժեղ մենտորներ:  

 

Ընտանիք եւ աշխատանք

 

Չորս երեխա ունեմ, կինս ինձ շատ է օգնում կարեւոր ծրագրերի իրականացման հարցում: Ընտանիքս, իհարկե, տուժում է, եւ շատ ծանր է դա գիտակցել: Ցավոք, աշխատանքի ու ընտանիքի միջեւ հավասարակշռություն գոյություն չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին