Մուդար Բարակաթ. «Քեսաբի վրա հարձակումն Էրդողանի՝ հայերի հանդեպ զայրույթի դրսեւորում է» - Mediamax.am

exclusive
8979 դիտում

Մուդար Բարակաթ. «Քեսաբի վրա հարձակումն Էրդողանի՝ հայերի հանդեպ զայրույթի դրսեւորում է»

Մուդար Բարակաթ
Մուդար Բարակաթ

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը սիրիացի քաղաքագետ եւ վերլուծաբան Մուդար Բարակաթի հետ

 

- Հայաբնակ Քեսաբ քաղաքը, որը նախկինում համարվում էր Սիրիայի ամենաանվտանգ վայրերից մեկը, հարձակման ենթարկվեց Թուրքիայից ներթափանցած զինյալների կողմից: Ինչու՞ է որպես թիրախ ընտրվել հենց Քեսաբը:

 

-Նախ, դրանք սովորական զինյալներ չեն, այլ վարձկաններ, որոնց վարձում եւ մարզում է Էրդողանի նեոֆաշիստական թուրքական կառավարությունը, իսկ ֆինանսավորում են Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Քուվեյթի վահաբիստ ղեկավարները: Նրանց զինում են ԱՄՆ-ն, Իսրայելը ու նրանց եվրոպական դաշնակիցները:

 

2013 թ.-ի հոկտեմբերին ամերիկյան հետազոտական ընկերության հրապարակած զեկույցի համաձայն, ահաբեկիչների հիմնական մասը իսլամիստ ջիհադիստներ են, նրանց մեծամասնությունը Սաուդյան Արաբիայից  (19 700 հոգի, որոնցից 4000-ն արդեն սպանվել է), մյուսները`Թունիսից, Թուրքիայից, Չեչնիայից, Սոմալիից, Աֆղանստանից, Պակիստանից:

 

Սիրիական կառավարությունը փաստաթղթեր եւ վկայություններ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ապացուցելով, որ այս պատերազմին մասնակցում են ահաբեկիչներ 87 երկրներից: Ըստ նույն ամերիկյան կազմակերպության հրապարակած տվյալների, 2011թ.-ի ապրիլից մինչեւ 2013 թ.-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը Սիրիայում սպանվել է 58 հազար արտասահմանցիներ, որոնցից 247-ը թուրքական բանակի սպաներ եւ զինվորներ էին:

 

Հարձակումը Քեսաբ քաղաքի վրա համընկավ Էրդողանի` Անթաքիա քաղաք այցելության հետ, որտեղ նա մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը:  Անթաքիայում իր ելույթի ժամանակ նա հայտարարեց սիրիական ինքնաթիռի վրա թուրքական F16-ի կողմից հարձակման մասին: Ըստ թուրքական ընդդիմադիր ուժերի, նա պլանավորում էր ելույթի ժամանակ հայտարարել նաեւ Քեսաբի անկման մասին`ներկայացնելով այն որպես սիրիական հեղափոխության աջակցության խորհրդանշական հաղթանակ:

 

Նա նաեւ կարծում է, որ այսպիսի հաջողությունը կարող է համոզել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որ սիրիական ռեժիմը տապալելու հնարավորություն դեռ կա, եւ որ Լաթաքիայի վրա հարձակումը դեռ հնարավոր է: Բայց որ ամենակարեւորն է, նա ցանկանում էր իր գրանցած հաջողությամբ ԱՄՆ-ին ապացուցել, որ շատ ավելի լավն է, քան իր նոր թշնամի ու նախկին գործընկեր Ֆաթուլահ Գյուլենը:

 

Անկասկած, Էրդողանի ահաբեկչության համար Քեսաբը թիրախ դարձավ, քանի որ խորհրդանշական կարեւորություն ունի՝ որպես Սիրիայում խաղաղ մի վայր այն հայ ընտանիքների համար, ովքեր կենդանի են մնացել Էրդողանի օսմանյան նախորդների իրականացրած սպանդի ընթացքում՝ 1915 թ.-ին:

 

Քեսաբի վրա հարձակումն Էրդողանի՝ հայերի հանդեպ զայրույթի դրսեւորում է, քանի որ Հայաստանը դեմ է հանդես եկել Սիրիայում նրա ահաբեկչական գործողություններին: Սա 1915 թ.-ի սպանդի հիշեցում է, ինչպես նաեւ հայերի նկատմամբ թուրքական պատմական թշնամության նոր դրսեւորում: 

 

Ինչպես պատահում է ցանկացած պատերազմական գոտում, Քեսաբի բնակիչների մեծ մասը ստիպված էր տեղափոխվել Լաթաքիա` ահաբեկիչների այնտեղ ժամանումից առաջ: Լաթաքիայի բնակիչները Քեսաբից եկածների առաջ բացեցին իրենց տների դռները, իմանալով, որ շատ ժամանակ չի պահանջվի մինչեւ Քեսաբը մաքրվի Էրդողանի ահաբեկիչներից: Մոտ 450 հայկական ընտանիք է Քեսաբից մեկնել Լաթաքիա, որոնց մի մասն այժմ մնում է հայկական եկեղեցում:

 

Մարտի 26-ին, Հայաստանի ԱԺ-ից պատվիրակություն է ժամանել Լաթաքիա: Նրանք հանդիպել են Քեսաբից եկած ընտանիքների հետ: Այնտեղ գտնվելու ընթացքում քաղաք է եկել մի սիրիահայ, ով հազիվ էր կարողացել փախչել իրեն առեւանգած ահաբեկիչներից: Նրանից հարցազրույց վերցրեց սիրիական հեռուստատեսության լրագրողը, ով ընկերակցում էր հայկական պատվիրակությանը: 

 

-Լաթաքիայի վրա հարձակումն առաջիկայում իրատեսական համարու՞մ եք:

 

- Վերլուծելով իրավիճակը, կարող եմ հավաստիացնել, որ դա տեղի չի ունենա, քանի որ այս ահաբեկիչները վերջին երեք տարիների ընթացքում ձախողել են շատ ավելի հեշտ նպատակներ, չնայած այն հանգամանքին, որ եղել  են հզորության գագաթնակետին եւ ունեցել են միջազգային մեծ աջակցություն:

 

Հիմա իրավիճակը փոխվել է` սիրիական բանակը ավելի շատ հարձակվում է, քան պաշտպանվում: Թուլացել է նաեւ ապստամբներին տրամադրվող միջազգային աջակցությունը:

 

-Ներկայումս Քեսաբի համար մարտերը շարունակվում են: Ի՞նչ է անում սիրիական բանակը քաղաքը ետ գրավելու համար:

 

- Ահաբեկիչներին հաջողվել է Քեսաբի մոտ գտնվող սահմանային անցակետը գրավել, որտեղից նրանք առաջ են ընթացել դեպի քաղաքի արեւմտյան մասը: Նրանք լավ զինված են եւ ունեն զենիթային հրթիռներ, ինչպես նաեւ ամերիկյան տանկեր՝ տրամադրված թուրքական բանակի կողմից:

 

Երեկ վաղ առավոտյան սիրիական բանակը վերագրավել է ստրատեգիական համարվող 45-րդ բազան, եւ շրջապատել Քեսաբի շուրջ գտնվող ողջ տարածքը: Սիրիական բանակը քաղաք է մտնում արեւելքից, այլ ստորաբաժանումներ շրջապատում են ահաբեկիչներին քաղաքի արեւմտյան մասից: Մարտերը դեռ շարունակվում են եւ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր ահաբեկիչները սպանվեն: Գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտերում, իմ տեղեկություններով, սպանվել է 1200 ահաբեկիչ, որոնց մեջ կան նաեւ թուրք սպաներ եւ զինվորներ:

 

- Ըստ տարածված տեղեկատվության, թուրք-սիրիական սահմանը հիմա բաց է, եւ Քեսաբում մեծաքանակ թալան է տեղի ունենում:

 

-Դեռ չեն կարողացել մեծաքանակ թալան իրականացնել: Էրդողանի ավազակները ցանկանում են Քեսաբում անել նույնը, ինչ արեցին Հալեպում, որտեղ թալանեցին ամեն ինչ ՝ թանգարանները, մզկիթները, տները, շուկաները:

 

-Ալ Նուսրա խմբավորումը դեռ վերահսկում է Քեսաբը: Որքա՞ն երկար նրանք կկարողանան դիմակայել սիրիական բանակին:

 

-Նրանք հաջողություն չեն ունենա սիրիական ազգային բանակին հանդիպելու պարագայում, ինչպես որ չեն ունեցել նախկինում: Նրանք կճզմվեն սիրիացի զինվորների ոտքերի տակ:

 

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում սիրիական կառավարությունը քրիստոնյաների վրա հարձակումները կանխելու ուղղությամբ:

 

- Սիրիայի քրիստոնյաները չեն տարբերվում մյուս սիրիացիներից: Ահա թե ինչպես ենք մենք միշտ ապրել միասին: Քրիստոնեությունը ծնվել է Սիրիայում, եւ սիրիացի զինվորները պաշտպանում են բոլորին` որպես ամբողջական ազգ: Մեր երկրում կարծում են, որ որոշ սիրիացիներ մահմեդական են արդեն 1400 տարի, մյուս սիրիացիները քրիստոնյա են արդեն 2014 տարի: Բայց մենք բոլորս սիրիացի ենք արդեն ավելի քան 10 հազար տարի: Ահա թե ինչու մեր թշնամիները՝ Էրդողանը եւ մյուսները, ձախողում են, եւ միշտ կձախողվեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին: 

 

Մուդար Բարակաթի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին