Ամսական 400 000 դրամ՝ միջին ընտանիքի «նորմալ ապրելու» համար - Mediamax.am

exclusive
5140 դիտում

Ամսական 400 000 դրամ՝ միջին ընտանիքի «նորմալ ապրելու» համար


Լուսանկարը` https://static.pexels.com


Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները:

 

Տարբեր երկրներ միմյանց հետ համեմատելիս հաճախ օգտագործում են «բնակչության կենսամակարդակ» կամ «կյանքի որակ» հասկացությունները: Դրանք միմյանցից տարբերվում են:

 

Կենսամակարդակ ասելով՝ հասկանում են բնակչության ապահովվածությունը անհրաժեշտ նյութական բարիքներով եւ ծառայություններով, դրանց սպառման մակարդակը եւ մարդկանց բավարարվածության բանական մակարդակը այդ բարիքների ու ծառայությունների առկայությունից:

 

Կյանքի որակը բնակչության կենսամակարդակ հասկացության ընդլայնումն է, երբ դրա մեջ են ընդգրկում նաեւ բնակչության աշխատանքի, կենցաղի, ժամանցի, առողջության, կրթության, շրջակա միջավայրի եւ այլ պայմանները:

 

IPSC ընկերությունը սկսած 2010թ.-ից, իրականացնելով «Հայաստանում կյանքի որակը» հետազոտությունը՝ յուրաքանչյուր տարի հարցաշարում ներառում է. «Որքա՞ն գումար է անհրաժեշտ Ձեր ընտանիքի մեծության ընտանիքին ամսական, Ձեր բնակավայրում «նորմալ ապրելու» համար» հարցը: Ի հավելումն դրան, տրվում է եւս երկու համանման հարց՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ «լավ ապրելու» եւ «աղքատ չհամարվելու» համար:

 

Միջինացված տվյալները, Հայաստանի չորս անձից կազմված ընտանիքի համար հետեւյալ իրողությունն են ուրվագծում. նախ՝ 2014թ.-ին, Հայաստանում չորս անձից կազմված ընտանիքին «նորմալ ապրելու» համար անհրաժեշտ է միջին հաշվով 400,000 դրամ ամսական:

 

Բացի դրանից, եթե 2012թ.-ին 2011թ.-ի համեմատ «նորմալ ապրելու» համար անհրաժեշտ գումարը նվազել է 20,000 դրամով՝ 316 հազար դրամից մինչեւ 296 հազար դրամ, ապա 2012թ.-ից հետո, եւ՛ 2013թ.-ին, եւ՛ 2014թ.-ին «նորմալ ապրելու համար անհրաժեշտ գումարը Հայաստանի «ստանդարտ» ընտանիքի համար (հայր, մայր եւ երկու երեխա), աճել է` հասնելով արդեն նշված 400,000 դրամին: Այսինքն՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում «միջին» ընտանիքի համար «նորմալ» ապրելու համար անհրաժեշտ միջին գումարը աճել է ավելի քան 100,000 դրամով:

 

Սեղմել նկարի վրա՝  գրաֆիկը մեծացնելու համար

Դիտենք Հայաստանում վարձու աշխատողների «ստանդարտ» ընտանիքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2015թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջին անվանական աշխատավարձը եղել է մոտ 175 000 դրամ, այսինքն, «միջին» վարձու աշխատողը պահումներից հետո առձեռն ստացել է մոտ 130,000 դրամ: Հետեւաբար, վարձու աշխատողների «ստանդարտ» ընտանիքը, երկու չափահասների աշխատելու պայմանով, ամսական կունենար մոտ 260,000 դրամ, որը պակաս է նորմալ ապրելու համար «պահանջվող» միջինից՝ 140 000 դրանով: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում զբաղվածների քանակը կազմում է աշխատունակ բնակչության մոտ 53%-ը, ապա կոպիտ հաշվարկով երկու աշխատունակ բնակչից մեկը՝ չի աշխատում: Եվ, եթե այս դրույթը կիրառենք վարձու աշխատողների «ստանդարտ» ընտանիքի նկատմամբ, ապա կստացվի, որ Հայաստանի «ստանդարտ» վարձու աշխատող ընտանիքի դեֆիցիտը «նորմալ» ապրելու համար կազմում է ամսական 270 000 դրամ:

 

Այսպիսով, ուրվագծվում է սոցիալական վիճակի յուրահատկություններից մեկը՝  Հայաստանում կյանքի որակի բավարար մակարդակի տեսակետից շատ խոցելի են վարձու աշխատողները, հատկապես` կրթության, առողջապահության, մշակույթի, կացության եւ հանրային սննդի կազմակերպման եւ գյուղատնտեսության ոլորտներում:

 

Իսկ ինչպե՞ս բարելավել այդ մարդկանց կյանքի որակը: Անհրաժեշտ է վերագործարկել արդյունաբերությունը, հատկապես բարձր տեխնոլոգիական եւ գիտատար արդյունաբերությունը: Այսինքն, տնտեսության այն ոլորտները, որտեղ ստեղծվում է նյութական եւ բարձրարժեք արտադրանք:

 

Մեծամասամբ վաճառողներից, վարորդներից, մատուցողներից, խոհարարներից, գեղեցկության սրահների աշխատողներից եւ նրանց վերակացուներից կազմված տնտեսությունը չի կարող լինել այնքան արդյունավետ, որպեսզի ապահովի եւ՛ այդ ոլորտի վարձու աշխատողների, եւ՛ կրթության, առողջապահության ու մշակույթի աշխատողների պատվարժան աշխատավարձը, որը կհամապատասխանի Հայաստանում «նորմալ» ապրելու համար այդ մարդկանց սպասելիքներին:

 

Սամվել Մանուկյան, սոց.գ.թ., IPSC ընկերության վերլուծաբան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին