Ուղղաթիռի խոցումից կարելի էր խուսափել, ասել են Լավրովն ու Քերին - Mediamax.am

3635 դիտում

Ուղղաթիռի խոցումից կարելի էր խուսափել, ասել են Լավրովն ու Քերին


Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին, Հարլեմ Դեզիրը
Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին, Հարլեմ Դեզիրը

Լուսանկարը` majalla.com, cgdev.org, huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հերթական անգամ բացառել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը՝ կոչ անելով Երեւանին ու Բաքվին աշխատել երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ:

Այսօր Բազելում ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Հարլեմ Դեզիրը համատեղ հայտարարություն են ընդունել:    

 

«Մենք ցավում ենք շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին այս տարվա ընթացքում լարվածության սրման համար: Կողմերը պետք է ձեռնարկեն հավելյալ միջոցառումներ 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանման եւ ավելի բարենպաստ միջավայր ապահովեն խաղաղ բանակցություններն առաջ տանելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

 

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախյան ռազմական ուղղաթիռի կործանման փաստին, համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ «դա ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել»: Նրանց համոզմամբ, այդ միջադեպը մատնացույց արեց լարվածության կրճատման եւ վստահության ամրապնդման, ինչպես նաեւ ապագայում նման միջադեպերից խուսափելու նպատակով միջոցառումներ մշակելու անհրաժեշտությունը:

 

«Մենք դիմում ենք բոլոր կողմերին եւ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու իրավիճակի հետագա լարումը: Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ 2010 թ. հոկտեմբերին Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության ոգուն»,- նշել են միջնորդ երկրների պատվիրակությունների ղեկավարները:

 

Նրանք ընդգծել են, որ այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած երեք հանդիպումները վերականգնել են կողմերի միջեւ շփման ամենակարեւոր միջոցը:

 

«Մենք ողջունում ենք նոյեմբերին Փարիզում նախագահների կողմից արված հայտարարությունը: Ժամանակն է, որպեսզի կողմերը հաղթահարեն բոլոր անհամաձայնությունները, վերականգնեն վստահությունը եւ հավատարիմ լինեն բանակցային գործընթացին, որը կարող է հանգեցնել խաղաղության: Կողմերից ակնկալվում է հստակ գիտակցում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի այն տարրերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք ներկայացված են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների հայտարարությունների մեջ, եւ, մասնավորապես, Փարիզի հանդիպման ժամանակ քննարկված տարրերի հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ:

 

Պատվիրակության ղեկավարները նշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ եւ համապարփակ համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ:  

 

«Մենք հանձնառու ենք կողմերի հետ սերտ աշխատանք տանել՝ հասնելու երկարատեւ կարգավորմանը եւ խաղաղության համար նոր էջ բացել, բայց ցանկանում ենք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղության հասնելու հիմնական պատասխանատվությունը ընկած է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ուսերին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին