Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել տարեվերջին - Mediamax.am

7582 դիտում

Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել տարեվերջին


Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել մինչեւ տարեվերջ՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքները:

Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր տարածած հայտարարությունում:

 

«Նախագահները հաստատել են մինչեւ տարեվերջ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքներն ու այլ հարցեր: Մենք նախագահների հետ հանդիպման ժամանակ շեշտել ենք շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման, ինչպես նաեւ ծանր զինտեխնիկայի, մասնավորապես՝ ականանետների եւ նռնականետների կիրառման անթույլատրելիությունը»,- ասված է հայտարարությունում:

 

Միջնորդները կոչ են արել կողմերին ձեռնարկել բոլոր քայլերը՝ խուսափելու լարվածության մեծացումից:

 

«Մենք բարձրաձայնել ենք առկա առաջարկությունների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը եւ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- ասել են միջնորդները:

 

Համանախագահներն անդրադարձել են նաեւ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ավարտին տեղի ունեցած միջադեպին:

 

«Կողմերը պարտավորություն էին ստանձնել ապահովել դիտարկման անվտանգ անցկացումը: Այդ միջադեպը կարգավորման գործընթացում առաջընթացը խաթարելու կանխամտածված փորձ էր: Այն եւս մեկ անգամ վերահաստատում էր ԵԱՀԿ կողմից միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը»,- նկատել են համանախագահները: 

 

Այս շաբաթ տարածաշրջանային այցի շրջանակում համանախագահները հանդիպել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին