«Բաքուն ԼՂ հիմնահարցով արդարացնում է ներքին խնդիրները» - Mediamax.am

2945 դիտում

«Բաքուն ԼՂ հիմնահարցով արդարացնում է ներքին խնդիրները»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որեւէ կապ չունի»:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է մարտի 30-ին՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում:

 

«1994թ. զինադադարից անցել է 22 տարի, սակայն այսօր էլ Հայաստանի պետական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում ապրող բնակիչները գտնվում են ամենօրյա կրակի սպառնալիքի ներքո: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեժիմը օգտագործում է այդ հակամարտությունը սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար: Կարծում եմ`միջազգային հարաբերությունների տեսությունից ձեզ ծանոթ է այս վարքագիծը: Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են պահել սահմանային լարվածությունը եւ հանդգնորեն պարծենում դրանով, հրապարակավ մեղադրում են միջնորդներին անգործության մեջ եւ սեփական ժողովրդի մոտ հերոսանում դրանով, շփման գծում անվտանգության միջոցառումներն ամրապնդելու՝ Մինսկի խմբի առաջարկն անվանում են տարօրինակ եւ զարմանում դրանից»,- ասել է ՀՀ ղեկավարը:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի համատեքստում շահարկվող «օկուպացիա» բառին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ արտահայտությունն օգտագործողները շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել:

 

«Բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921թ. Ստալինի թեթեւ ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ օկուպացիա»,- նկատել է ՀՀ ղեկավարը՝ հավելելով, որ հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան էր, «հետեւաբար՝ Լեռնային Ղարաբաղն այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ որեւէ կապ չունի»:

 

Սերժ Սարգսյանը հիշեցրել է ներկաներին նաեւ հայաբնակ Նախիջեւանի հայաթափման փորձը եւ 2005թ. Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ «բանակցությունների մասին Ադրբեջանի ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից»:

 

«Անհնարին է մաքսիմալիստական եւ միակողմանի պահանջներով հասնել որեւէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին