Ժամանակն է ճանաչել Ղարաբաղը, պնդում է Եվրախորհրդարանի պատգամավորը - Mediamax.am

exclusive
13224 դիտում

Ժամանակն է ճանաչել Ղարաբաղը, պնդում է Եվրախորհրդարանի պատգամավորը


Ֆրենկ Էնգելը
Ֆրենկ Էնգելը

Լուսանկարը` bnr.bg


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելն այսօր Մեդիամաքսին է տրամադրել «Ագրեսիան չափից շատ է. ժամանակն է ճանաչել Ղարաբաղը» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանը կրկին խախտել է Ղարաբաղի հրադադարը։ Այս անգամ այն խախտվել է լայնամասշտաբ ագրեսիայի դրսևորմամբ։ Սցենարը պատերազմական է. պատերազմ, որը Ադրբեջանը երկար ժամանակ է փորձում էր վերսկսել։

 

Միջազգային հանրությունը կրկին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել հրադադարը։ Թեև հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև չէ, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է, սակայն ո՛չ Ղարաբաղը, և ո՛չ էլ Հայաստանը չեն խախտել հրադադարը։ Հայկական կողմը երբեք չի խախտել այն։ Ագրեսորը էլի նույն երկիրն է. հենց այն երկիրը, որ դեռևս երկու տասնյակ տարի առաջ պատերազմ հայտարարեց Ղարաբաղին:

 

Արդյոք Ադրբեջա՞նն էր, որ խախտել է հրադադարը։ Անխոս, այո՛։ Հակամարտող կողմերից միայն Ադրբեջանը այն խախտելու մեջ շահ ուներ։ Ղարաբաղը գուցե չէր ցնծում խաղաղության համաձայնագրի հաստատման բացակայության հանգամանքից, սակայն հարգում է զինադադարը։ Ղարաբաղը «ստատուս քվո» ունի։ Հայաստանը չէր ցանկանա շփման գիծը հարցականի տակ դնել, քանի որ, օբյեկտիվորեն, այս երկիրն այլ  առաջնահերթություններ ուներ, քան Ղարաբաղի ռազմական գործողությունների վերսկսումը։ Օբյեկտիվորեն, միայն Ադրբեջանն էր  շահում այսպիսի գործողությունների շրջադարձից։ Այդ պատճառով էլ այն սանձազերծեց պատերազմը։ 

 

Այս քայլով Ադրբեջանը ցանկանում է ուղերձ հղել առ այն, որ այն ցանկանում է և ի վիճակի է վերադառնալ Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններին և որ չի գործում միայնակ: Զուգադիպություն չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հստակ նշեց, որ իր երկիրը «մինչև վերջ կկանգնի Ադրբեջանի կողքին»։ Ադրբեջանը համարձակություն չէր ունենա սահմանագծի ողջ երկայնությամբ և այս մասշտաբով հարձակում սկսել առանց Թուրքիայի «դաբրոն» ստանալու։ Թուրքիան հապշտապ հաստատեց և օրինականացրեց ադրբեջանցիների գործողությունները նախագահական մակարդակի հայտարարություններով։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին գործողությունները, փաստորեն ուժերի ցուցադրման շոու-ծրագիր էին՝ ուղղված հայկական երկու պետություններին:

 

Թուրքիան առաջին պետություններից էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Ապա չեղարկեց ճանաչումը՝ Ղարաբաղում պատերազմի բռնկվելուց անմիջապես հետո՝ փակելով Հայաստանի հետ իր սահմանը, որը մինչև օրս փակ է։ Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է կարևոր պատճառ ունենա Հայաստանի հետ հաշտվելու և իր անցյալն ընդունելու համար։ Միաժամանակ պաշտոնական Երևանը ևս ցանկություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու։ Սակայն այս հեռանկարները մնում են վտանգված, քանի որ Բաքվում տիրող ավազակապետական ռեժիմը ժամանակակից Թուրքիայի նշանակալի մի մասին «պատանդ» է վերցրել։ Նույնիսկ երկու երկրների էթնիկ կապերը չեն կարող արդարացնել այսպիսի «եղբայրությունը», այն էլ պետական մակարդակով:

 

ԽՍՀՄ փլուզուման ժամանակաշրջանում Ղարաբաղի բնակչությունը, որն այդ ժամանակ կազմված էր մոտավորապես 80 տոկոս հայերից և 20 տոկոս ադրբեջանցիներից, խորհրդային սահմանադրության համաձայն որոշում կայացրեց, որ չի ցանկանում մաս կազմել անկախ Ադրբեջանի Հանրապետության, և իր համար ընտրեց անկախություն ճանապարհը: Ղարաբաղի ժողովուրդը այս ճանապարհն ընտրեցին առանց որևէ մեկի վրա հարձակվելու, առանց որևէ մեկին արտաքսելու (իսկ այդ ժամանակ ադրբեջանցի բնակիչների թիվը կազմում էր մոտ 40.000): Ոչ ոք պարտադրված չէր լինի տեղահանվել, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորեր և հարգեր խորհրդային սահմանադրությունը, որը ժամանակի համար ողջամիտ իրավական տեքստ էր։ Դրա փոխարեն Ադրբեջանը որոշեց պատերազմ հայտարարել Ղարաբաղին: Եվ պարտվեց։ Այս «տրավման» Բաքվի իշխանություններին մինչև օրս էլ հանգիստ չի տալիս։ Նրանք մինչև օրս էլ վերքերը բաց են պահում՝ մերժելով պատերազմի պատճառով տեղահանված ժողովրդին ապահովել պատշաճ բնակարանային պայմաններով: Պատերազմ, որը նրանք էին սանձազերծել։

 

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարեցնի ինքն իրեն խաբել։ Ղարաբաղը երբեք չի մտնի Ադրբեջանի իշխանության տակ։ Ոչ հիմա, ոչ էլ հարյուր տարի հետո։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանը գնդակոծում է հայերին, հատկապես խաղաղ բնակչությանը, հայերի վճռականությունը` շարունակել մնալ Ադրբեջանի շրջանակից դուրս, ավելի է ամրապնդվում է։

 

Ժամանակն է վերջ դնել միջազգային հանրության ցավալի լռությանը։ ԵԱՀԿ Մինսկի Խումբը պետք է Ղարաբաղի հարցի որոշիչ լուծման համար հող նախապատրաստեր, սակայն մինչև այժմ Մինսկի Խմբին ոչինչ չի հաջողվել, արդեն 20 տարուց ավել է։ Ողջամտությունը հուշում է, որ այլևս միայն մեկ լուծում է մնացել. միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դադարի այս հանրապետությանը վերաբերվել տարածաշրջանային համատեքստում միայն:

 

Լեռնային Ղարաբաղը այնքան լեգիտիմ է, որքան մյուս բոլոր ճանաչված պետությունները նախկին Սովետական Միության տարածքում: Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ճիշտ այնքան լեգիտիմ է, որքան Ադրբեջանը և Հայաստանը։ Սա այն դիրքորոշումն է, որը կարող է  վերջ տալ ադրբեջանական ագրեսիային:

 

Ադրբեջանը կոռումպացված բռնապետություն է, որն ընդհանրապես չի հարգում մարդու իրավունքները։ Ղարաբաղը ժողովրդավարական պետություն է, որտեղ անհատի իրավունքները լիովին հարգվում են։ Այս համատեքստում պարզից էլ պարզ է, թե ինչու անկախությունից պակաս ոչ մի այլ բան ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին