Միջնորդներ. Մեր գործառույթը չէ պարզել, թե ով է խախտել հրադադարը - Mediamax.am

5940 դիտում

Միջնորդներ. Մեր գործառույթը չէ պարզել, թե ով է խախտել հրադադարը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր Երեւանում հայտարարել է, որ միջնորդների մանդատի մեջ չի մտնում հետաքննել, թե որ կողմն է նախաձեռնել ռազմական գործողությունները շփման գծում:

«Մենք ունենք մանդատ՝ անցկացնելու հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ, այցելել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել դե ֆակտո իշխանությունների հետ: Մեր առջեւ դրված գլխավոր խնդիրն է օգնել կողմերին կայունացնել իրավիճակը եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն: Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ով է առաջինը սկսել»,- այսօր ասել է ռուսաստանցի համանախագահը:

 

Նրա խոսքով՝ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում անցկացված հանդիպումներից հետո միջնորդների մոտ ձեւավորվել է այն տպավորությունը, որ կողմերը մտադիր են եւ պատրաստ են պահպանել հրադադարը: 

 

«Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է հարկավոր անել՝ խաղաղություն պահպանելու համար: Հիմնական խնդիրը՝ կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ: Կա ընկալում, որ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական քննարկմանը եւ վստահություն ձեւավորել կողմերի միջեւ»,- ասել է Իգոր Պոպովը:

 

Միջնորդները կշարունակեն քննարկումներն իրենց մայրաքաղաքներում եւ մեկ շաբաթ անց կրկին կհանդիպեն, որից հետո կրկին կվերադառնան տարածաշրջան:

 

«Անհրաժեշտ է կարճ ժամկետներում լուծել զոհվածների մարմինների վերադարձի հարցը: Դրանով այժմ զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, եւ այդ աշխատանքները համակարգում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակը»,- նշել է Պոպովը:   

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն ասել է.

 

«Հետաքննության մեխանիզմի մասին մենք խոսում ենք արդեն մի քանի տարի եւ շարունակելու ենք դա պնդել»: 

 

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արված վերջին հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանն առաջարկներ ունի, եւ կողմերը մոտ են պայմանավորվածության, Իգոր Պոպովն ասել է, որ, ինչպես հենց ՌԴ նախարարն է ժամանակին փաստել, «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի:

 

«Գոյություն ունեն համանախագահների առաջարկներ, որոնք քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Դրանք հիմնված են երեք սկզբունքների եւ վեց տարրերի վրա, որոնց մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են համանախագահ երկրների նախագահները»,- ասել է Պոպովը:

 

Նրա խոսքով՝ խաղաղապահների տեղակայման հարցը նախատեսվում է լուծել կարգավորման վերջին փուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

 

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ միջնորդները խորապես մտահոգված են այս օրերին հակամարտության գոտում մարդու իրավունքների խախտումներով: «Տեսել ենք լուսանկարներ եւ խնդրել ենք Կարմիր խաչի ներկայացուցիչներին մանրակրկիտ դիտարկել, թե ինչ է կատարվել: Սա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է»,- ասել է ամերիկացի միջնորդը:

 

Խոսելով ԼՂ-ի՝ բանակցություններին վերադառնալու մասին՝ Իգոր Պոպովն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթացին»:

 

«Մենք ելնում ենք նրանից, որ մեկնակետը կարող է դառնալ խաղաղ համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային համաձայնագրի կնքումը»,- հստակեցրել է ռուսաստանցի համանախագահը:

 

Պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք Թուրքիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից՝ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ այս պահին որեւէ փոփոխություն ՄԽ ձեւաչափում չի սպասվում: Նա հիշեցրել է, որ ՄԽ բոլոր անդամները Վիեննայում ընդունել են հայտարարություն, եւ Թուրքիան միացել է այդ հայտարարությանը:  

 

«Մենք ակնկալում ենք աշխատել ՄԽ բոլոր անդամների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- ասել է Ուորլիքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին