Բրայզան քննադատել է ԱՄՆ-ին՝ ԼՂ հարցում «դիտորդ» լինելու համար - Mediamax.am

5020 դիտում

Բրայզան քննադատել է ԱՄՆ-ին՝ ԼՂ հարցում «դիտորդ» լինելու համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Washington Post-ում հոդված է հրապարակել` «ԼՂ հակամարտությունը չափազանց վտանգավոր է, որ ԱՄՆ-ն անտեսի այն»:

 

«Ինձ ցնցել է Լեռնային Ղարաբաղի հարցով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ վերջին օրերին համագործակցության բացակայությունը: Մինսկի խմբի ոգով հավաքական գործողություններ ձեռնարկելու փոխարեն՝ Պուտինը միայնակ է գործում: Միգուցե նա ցանկանում է նվազեցնել ԱՄՆ փոխնախագահ Բայդենի ձեռքբերումները, որոնց նրան հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ակտիվացման հարցում, երբ բռնությունների արձանագրումից մեկ օր առաջ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ», - գրում է Բրայզան:

 

Նա հիշեցնում է, որ 2006-2009 թթ. Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն էր: «Իմ ռուսաստանցի գործընկերը՝ Յուրի Մերզլյակովը, մշտապես կառուցողական էր, ինչպես եւ իր վերադասները՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հյուրընկալել էր համանախագահներին չորսժամյա «ուղեղային գրոհի համար», իսկ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օգնեց մեզ հասնելու նրան, ինչը մոտ էր 2009թ. «դրական առաջընթացին»: Թեեւ Վաշինգտոնն ու Մոսկվան պայքար էին մղում 2008թ. օգոոտոսին Ռուսաստանի՝ Վրաստան ներխուժման հարցի համար, ԼՂ հարցով մեր համագործակցությունն այնքան խորն էր, որքան մեր «թշնամությունը» Վրաստանի հարցով», - նշում է Մեթյու Բրայզան:

 

«Պուտինը շահագործում է իրավիճակը ինտենսիվ դիվանագիտության միջոցով՝ ցույց տալով, որ Օբաման այս հարցում որեւէ հետաքրքրություն չունի: Ավելին, Սպիտակ տունն անգամ հանդես չեկավ պաշտոնական հայտարարությամբ:

 

Պուտինը պարբերաբար խորհրդակցել է Ալիեւի եւ Սարգսյանի հետ, Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներն ակտիվորեն համագործակցում են Երեւանի եւ Բաքվի իրենց գործընկերների հետ: Արդյունքում, ապրիլի 5-ի հրադադարը հաստատվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի եւ նրա ադրբեջանցի ու հայ գործընկերների միջնորդությամբ՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անմիջական մասնակցության», - նկատում է Մեթյու Բրայզան:

 

«Այս օրերին Պուտինը, Ադրբեջանին եւ Հայաստանին հետ քաշելով Արեւմուտքից, հիմք է դնում հետագա ճգնաժամի համար, մինչդեռ Վաշինգտոնը դիտորդի դերում է», - եզրափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին