ԼՂՀ ԱԳՆ-ն կիրազեկի միջազգային հանրությանը Բաքվի քայլերի մասին - Mediamax.am

4478 դիտում

ԼՂՀ ԱԳՆ-ն կիրազեկի միջազգային հանրությանը Բաքվի քայլերի մասին


Լուսանկարը` novostnik.ru


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապրիլի 2-ի գիշերը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։

Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի տարածած մեկնաբանությունում:

 

«Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետեւանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել եւ անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաեւ Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ սա ադրբեջանական բանակի իրականացրած ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։

 

Արցախի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Բաքուն կոպտորեն ոտնահարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ իրեն հակադրել ողջ քաղաքակիրթ աշխարհին։

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը եւ հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլեւ ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն»,- ամփոփել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին