Հերբերտ Զալբեր. Ես իսկապես ցանկանում եմ այցելել Լեռնային Ղարաբաղ - Mediamax.am

2793 դիտում

Հերբերտ Զալբեր. Ես իսկապես ցանկանում եմ այցելել Լեռնային Ղարաբաղ


Հերբերտ Զալբերը
Հերբերտ Զալբերը

Լուսանկարը` www.osce.org


Երեւան։Մեդիամաքս։ Քիչ առաջ Երեւանում ավարտվել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Հանդիպումից հետո  Հերբերտ Զալբերը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հանդիպման նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների մասին:

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչո՞ւ է նա հրաժարվում այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Հերբերտ Զալբերը մասնավորապես  ասել է.

 

“Ես չեմ հրաժարավում այցելել Լեռնային Ղարաբաղ: Ես իսկապես ցանկանում եմ այցելել եւ կազմել իմ սեփական տպավորությունները: Ես համագործակցային անվտանգության կողմնակից եմ, եւ դրանից բխում է, որ ես շատ եմ ցանկանում նման այց կատարել, որը համաձայնեցված կլինի բոլորի հետ: Մենք փորձում ենք աշխատել այս ուղղությամբ, եւ երբ մենք համաձայնություն ձեռք բերենք, ես անպայման կանեմ նման այց”:

 

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով ԵՄ-ի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ չեն կարողանում այցելել Արցախ:

 

“Մեր դիրքորոշումն այն է, որ սա արհեստական խոչընդոտ է: Եթե միջազգային հանրությունը շահագրգիռ է ունենալու համակողմանի եւ հավասարակշռված պատկերացում իրականության մասին, նրանք անպայման պետք է այցելեն Արցախ, որովհետեւ Արցախն է հակամարտության հիմնական կողմը”,- ասել է  Կարեն Միրզոյանը:

 

Նախարարի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է Հերբերտ Զալբերին ապրիլի սկզբին տեղի ունեցած դեպքերի՝ տարածաշրջանային անվտանգության եւ ԼՂ բանակցային գործընթացի վրա ունեցած ազդեցության մասին:

 

“Ես հատկապես շեշտեցի, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք ռազմական հանցագործություններ: Մեր նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը կատարվածի մասին”,- ասել է Կարեն Միրզոյանը:

 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է հակամարտության գոտում բռնության աճը եւ քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված վայրագությունները:

 

“Շատ դժվար է գնահատական տալ, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց: Մենք կողջունեինք հետաքննություններ անցկացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտար պարզել մեղավորներին եւ պատժել նրանց, ովքեր իրականացնել են նման վայրագ գործողություններ”,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին