ԼՂՀ-ն բարձրաձայնում է հայկական հուշարձանների ոչնչացման մասին - Mediamax.am

5980 դիտում

ԼՂՀ-ն բարձրաձայնում է հայկական հուշարձանների ոչնչացման մասին


Լուսանկարը` ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե ԼՂՀ տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն օգտագործվում են ռազմական նպատակներով:

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների եւ կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992թ. Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն եւ նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլեւ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջանում:

 

«Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջեւանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է եւ 2005թ. նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առ այսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը:

 

Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական եւ մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան եւ Նախիջեւան»,- ասված է պաշտոնական Ստեփանակերտի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին