Նալբանդյանը Համբուրգում խոսել է Բաքվի վայրագությունների մասին - Mediamax.am

5047 դիտում

Նալբանդյանը Համբուրգում խոսել է Բաքվի վայրագությունների մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը»:

Այդ մասին նա ասել է՝ դեկտեմբերի 8-ին հանդես գալով Համբուրգում ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

 

«Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով: Ոճրագործները հրապարակավ պարգեւատրվեցին իշխանությունների կողմից:

 

Այս անմարդկային դաժանությունները հիշողության մեջ արթնացրեցին անցյալի սարսափները», - ասել է ԱԳ նախարարը:

 

«Ի պատասխան եռանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դատապարտող հայտարարությունների` Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը առ ոչինչ է եւ միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, ինչի մասին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կրկին անգամ հայտարարեց համբուրգյան հանդիպումից օրեր առաջ։ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ՝ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմի` 60 հազար զինվորների, ավելի քան 150 տանկերի, 700 հրթիռային ու հրետանային համակարգերի եւ ռազմական ավիացիայի ավելի քան 50 միավորների մասնակցությամբ, ինչը տեղի ունեցավ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի կոպտագույն խախտումներով», - հայտնել է Նալբանդյանը:

 

«Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը: Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաեւ խաղաղության գործընթացը», - ասել է նախարարը:

 

Նա շեշտել է, որ Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այն հիմքի վրա, որը ստեղծվել է մայիսին Վիեննայում եւ հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներում:

 

«Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից եւեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու եւ նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

«Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ եւ առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին