Նալբանդյան. Բաքուն չի միանա եռանախագահների հայտարարությանը - Mediamax.am

6867 դիտում

Նալբանդյան. Բաքուն չի միանա եռանախագահների հայտարարությանը


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին կայացած հանդիպումը «ինքնին կարեւոր էր»:

 

«Հանդիպմանը քննարկվել է եռանախագահների կողմից դեկտեմբերի 8-ին ընդունված հայտարարությունը: Կարեւոր է հասկանալ, որ այդ հայտարարությունը պետք է ընդունել որպես հիմք, քանի որ արտահայտում է խնդրի կարգավորման համար եռանախագահների դիրքորոշումը»,- Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Մեդիամաքսի հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանը եւ Ադրբեջանը եւս միանան այդ հայտարարությանը, քանի որ նման նախադեպեր նախկինում եղել են, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է.

 

«Մենք կարող ենք միանալ: Կմիանա՞ արդյոք Ադրբեջանը, իհարկե՝ ոչ: Այսինքն՝ կստացվի 3+1: Սա է հարցը: Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է հակասել միջազգային հանրության եւ եռանախագահող երկրների դիրքորոշմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Մյուս կողմից, Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը չի նշանակում, որ «անհնար է հիմնախնդրի կարգավորման հարցում առաջ շարժվել»:

 

«Պետք է տրամադրվել եւ շարունակել բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի: Հայաստանը շարունակելու է համանախագահող երկրների հետ համատեղ իր ջանքերն ուղղել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

ՀՀ ԱԳ նախարարը չի բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, նշելով, որ դրանք պետք է մանրակրկիտ պատրաստել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին