Արցախի ԱԳՆ. Բաքուն առճակատում է պարտադրում - Mediamax.am

3237 դիտում

Արցախի ԱԳՆ. Բաքուն առճակատում է պարտադրում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում՝ արդարացնելու Արցախի մեկուսացմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը:

Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հուշագրում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

 

«Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երեւում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում»,- ասված է հուշագրում:

 

Արցախի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի քաղաքացիների անհատական եւ կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով: 

 

«Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլեւ լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է հուշագրում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին