Արայիկ Հարությունյանը ցանկանում է լինել «ազատ քաղաքական գործիչ» - Mediamax.am

6055 դիտում

Արայիկ Հարությունյանը ցանկանում է լինել «ազատ քաղաքական գործիչ»


Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ հրաժարական է ներկայացրել «երկրում բարեփոխումների իրականացմանը նպաստելու նպատակով»։

 

«Վերջին մի քանի ամիսներին, հատկապես՝ Հայաստանի իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի մոտ նույնպես ձեւավորվեց բարեփոխումներ կատարելու պահանջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Հարությունյանը։

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաճախակի իրականացնել կադրային փոփոխություններ:

 

«Որոշումը կայացվել է նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկումներից հետո»,- ասել է նախկին պետնախարարը։ 

 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ «շարունակելու է մասնակցել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»։

 

«Պետական կառավարման համակարգի բարեփոխման, քաղաքացիական հասարակարգի զարգացման առումով նպատակահարմար է նոր մարդկանց ներգրավվում։ Կարծում եմ, որ ես, լինելով կուսակցության առաջնորդ («Ազատ հայրենիք» -խմբ.), ակտիվ քաղաքական գործիչ, ավելի եմ նպաստելու այդ բարեփոխումների իրականացման գործընթացին։ Ես կարծիքներ արտահայտելով, քննադատելով, կարծիքներ ձեւավորելով՝ ավելի հեշտ եմ մասնակցելու բարեփոխմանը, քան եթե լինեմ պետնախարար, որը սահմանափակում է իմ հնարավորությունները։ Ես ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ, որը թույլ է տալու այդ պահանջված բարեփոխումներին ավելի մեծ մասնակցություն ունենալ»,- հայտարարել է նա։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին