Ամփոփվել են «Արցախյան մեծ հարսանիք-2008» բարեգործական ծրագրի արդյունքները - Mediamax.am

6662 դիտում

Ամփոփվել են «Արցախյան մեծ հարսանիք-2008» բարեգործական ծրագրի արդյունքները


Ամփոփվել են «Արցախյան մեծ հարսանիք-2008» բարեգործական ծրագրի արդյունքները
Ամփոփվել են «Արցախյան մեծ հարսանիք-2008» բարեգործական ծրագրի արդյունքները

Լուսանկարը` http://lifenkr.do.am


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ամփոփել է «Արցախյան մեծ հարսանիք» բարեգործական ծրագրի արդյունքները:

2008թ. հոկտեմբերին Գանձասարում, Շուշիում եւ Ստեփանակերտում կատարվել էր 674 երիտասարդ զույգերի պսակադրություն եւ հարսանյաց հանդիսություն:

 

Միջոցառումից հետո Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի մի շարք գործարարներ եւ բարերարներ՝ Լեւոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը եւ Սամվել Սարգսյանը որոշել էին շարունակել աջակցել նորաստեղծ ընտանիքներին:

 

«Մեծ հարսանիքին» մասնակցած զույգերին բարերարները տրամադրել էին միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար եւ նախատեսել էին այդ ընտանիքներում մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետեւյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 եւ չորրորդ երեխայի համար՝ 10 000 ԱՄՆ դոլար:

 

Հինգ տարվա ընթացքում 674 ընտանիքներում ծնվել է 1070 երեխա:

 

707 ծնված երեխաների համար նրանց ընտանիքներին հատկացվել է 1 մլն 584 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում նախատեսվում է 363 երեխաների համար նրանց ընտանիքներին վճարել եւս  1 մլն 123 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար եւ այդքանով ավարտել ծրագիրը:

 

«Բարձր գնահատելով «Արցախյան մեծ հարսանիք» ծրագրի հովանավորների կատարած աշխատանքը, տեղեկացնում ենք, որ նրանք պատրաստակամ են նոր հնարավորություններ ստեղծել ԼՂՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար եւ, ինչպես նշել են բարերարները, իրենք անհրաժեշտ են համարում գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելին եւ դա վերաբերվում է նաեւ Արցախում նրանց ծրագրերի բովանդակությանը եւ ուղղվածությանը», - ասված է

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին