Կարեն Հարությունյան. Բարության կինոքրոնիկոն - Mediamax.am

1414 դիտում

Կարեն Հարությունյան. Բարության կինոքրոնիկոն


Լուսանկարը`


Պատմությունը, որը հիմա կներկայացնեմ, խնդրում եմ չդիտարկել որպես ինքնագովեստի խոսքեր, այլ մեծ հարգանքի տուրք այն մարդու հիշատակին, ում մասնակցությամբ տեղի է ունեցել այս դեպքը:

 

Իսկ դա 1989 թվականի փետրվարին էր:

 

Իմ ծննդավայր Ջերմուկ քաղաքի առողջարանները հյուրընկալել էին երկրաշարժի արդյունքում անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Հայրս որպես կինոմեխանիկ էր աշխատում այդ առողջարաններից մեկում: Աղետից տուժածների համար պարբերաբար ֆիլմեր էին ցուցադրվում: Հերթական` դեռ նոր սկսված ցուցադրության ընթացքում աչքիցս չվրիպեց կինոդահլիճին կից սպասասրահում անհանգիստ ետ ու առաջ անող ծերունին: Երևի մանկական կանխազգացումս կամ թերևս հեռավոր գյուղում ապրող պապուս հանդեպ ունեցած կարոտը ստիպեց ու մոտեցա ծերունուն: Ներքևից իրեն հառած հայացքիս արձագանքեց կնճիռներով շրջանակված ու արցունքապատ աչքերի թախծոտ հայացքով, որում ակնհայտորեն արտացոլված էր նաև տագնապի զգացողությունը: Ծերունու դողացող ձեռքը հանգրվանեց ուսիս ու ուժ գտա իմ մեջ նրան հարցնելու.

 

- Ինչ ա եղել, պապի:

 

Հարցս մնաց անպատասխան, բայց նրա էլ ավելի մտահոգ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքը առավել քան խոսուն էր: Ստիպված հեռացա, բայց ընդամենը մի քանի քայլ ու այդ ընթացքում կարծես ներքուստ զգում էի, որ երբեք խիղճս հանգիստ չի տալու ու այնուամենայնիվ ծերունին օգնության կարիք ունի: Կրկին մոտեցա ձեռքերը թիկունքի հետևում խաչած ու դրսի խավարի անհունությանը նայող ծերունուն:

 

- Պապի, ասա, ինչ ա եղել քեզ:

 

Այս անգամ ծերունին տեղի տվեց ու պարզվեց, որ նույն սենյակում իր հետ բնակվողը այժմ դահլիճում ֆիլմ է դիտում, սենյակի բանալին նրա մոտ է, իսկ ինքը նոր է վերադարձել զբոսանքից` ճիշտ ժամանակին հերթական դեղահաբերն ընդունելու համար, բայց դրանք սենյակում են և ստիպված պետք է սպասի ֆիլմի ավարտին, իսկ այդ ընթացքում հնարավոր է դեղը չընդունելու արդյունքում ինքնազգացողությունը վատանա` անդառնալի հետևանքներ թողնելով առողջության վրա: Անտանելի կերպով խեղդող հուզմունքս պոռթկաց ու փորձելով ծերունուց թաքցնել հեծկլտոցս ու առատ հորդացող արցունքներս` ամբողջ ուժով վազեցի հորս մոտ, կինոցուցադրման խցիկ: Հեկեկոցի միջից մի կերպ նրան հասկացրեցի, որ ֆիլմն անմիջապես ընդհատի ու միացնի դահլիճի լույսերը: Հայրս գնաց իր համար դժվար ու խնդրահարույց այդ որոշմանը…

 

Հանգստության, բերկրանքի, հպարտության զգացողությունների արդյունքում հրճվանքս չափ ու սահման չէր ճանաչում, բայց այնուամենայնիվ խղճիս խայթը հանգիստ չէր տալիս ինձ ու մինչ առ այսօր, այն դեպքում, երբ մանկական իմ պատկերացումներում այդ “սխրանքին’’ գնացել էի հենց խղճի այդ տանջող խայթից ազատվելու համար…

 

Վաղուց անտերության մատնված կինոցուցադրման դահլիճի հարևանությամբ, խոնավությունից ու տարիների բեռից խունացած պատից կախ ու փոշու հաստ շերտով պատված ցուցատախտակին այսօր էլ ինձ պատկերանում է  այդ օրվա ֆիլմի մասին ազդարարող ու հորս ձեռքով գրված պաստառը` “Պրոֆեսիոնալը, գլխ. դերում` Ժան Պոլ Բելմոնդո” ու հարևանությամբ կանգնած ծերունին` ցիլոյով պսակված ալեհեր գլուխը զարդարող աչքերին դողացող ձեռքերով ամուր սեղմած թաշկինակով, որպես չվերջացող մի կինո:

 

Պապի, պապի  ջան, խոնարհվում եմ ինձ համար աներևույթ շիրիմիդ առաջ: Հոգիդ թող փառավորվի երկնային լույսերի մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին