Անահիտ Ակունց. Հրաշքով փրկվածներս - Mediamax.am

3593 դիտում

Անահիտ Ակունց. Հրաշքով փրկվածներս


Լուսանկարը`


Աշուն է, խորաձորյան գունագեղ աշուն… Պատկերացրեք՝ աշունը  ես զգում եմ կաղաղ ընկույզի ճեփ-ճերմակ միջուկ ուտելով: Ուտում եմ ագահաբար ու չեմ հագենում…

 

Տարիներ առաջ էր… Նստած էինք մեր պատշգամբում ու պատրաստվում էինք վայելել կաղաղ ընկույզի ճերմակ միջուկները: Ընկույզը հորեղբայրս էր հավաքել մոտակա անտառից և հիմա էլ սևացած ձեռքերով կեղևազատում էր երեխաներիս համար: Հինգ- վեց երեխաներ նրա սևացած ձեռքերին էին նայում և լսում մի փոքր չափազանցված պատմություն անտառի ու իրեն պատահած գազանների մասին: Պատուհանի տակ եղբորս նորածին աղջնակի օրորոցն էր: Նա արթնացել էր և փափլիկ թաթիկներով խաղում էր աշնան արևի՝ պատուհանից ներս թափանցած շողերի հետ:

 

Հանկարծ մի խուլ դղրդոց լսվեց, ապա տարօրինակ սուլոց ու ահազարհուր պայթյուն: Հորեղբայրս մի վայրկյանում մեզ՝ հինգ- վեց երեխաներիս, հրեց կաղնեփայտե սեղանի տակ ու հորդորեց չշարժվել, իսկ ինքը անասելի արագությամբ նետվեց դեպի օրորոցը: Լսվեց երկրորդ պայթյունը, երրորդը, չորրորդը… մենք կորցրինք հաշիվը: Ջարդվող ապակիների զնգզնգոց, երեխայի ճիչ, սեղանից թափվող ընկույզների կարկուտ, կահույքի ու սպասքի խառը ձայներ, վերևից թափվող իրեր ու փոշի…

 

Թե որքան ժամանակ անցավ, չիմացանք: Դուրս եկանք սեղանի տակից ու վախվորած աչքերով փնտրեցինք հորեղբորս: Նա հաղթանդամ մարմնով փակել էր օրորոցը ու մնացել ջարդոտված ապակիների տակ: Արյուն նկատեցինք… Վերջապես զգուշորեն վեր կացավ, սրբեց ճակատից աչքերին ծորացող արյունը, օրորոցը մաքրեց ապակու կտորտանքից ու առանց հապաղելու մեզ օրորոցի մանկիկի հետ իջեցրեց նկուղ: Այդ օրը քնեցինք մութ ու խոնավ նկուղում՝ իրար փարված, վախեցած, անհանգիստ…

 

Հետո իմացանք, որ նույն օրը գյուղում օրորոցի մեջ երկամյա երեխա է զոհվել: Գրադի արկի բեկորը չէր խնայել անմեղ արարածին, իսկ նրա մորը ծանր վիրավորել էր…

 

Անմիջապես հաջորդ օրը գյուղի բոլոր տղամարդիկ, ատամները սեղմած, փղձուկը կոկորդներում զսպած, զինվորագրվեցին…

 

Շատ աշուններ են հոսել այդ օրից: Շատ անգամ եմ ընկույզի խոնավ միջուկ ճաշակել, բայց չեմ հագեցել. այն օրը կիսատ էր մնացել:

 

Հիմա օրորոցի մանկիկը մեծացել, հարս է դարձել ու  Սասնա Դավիթներ պիտի ծնի ՝ Թուր կեծակին ձեռքներին:

 

Հիմա չկա հորեղբայրս, որ մեզ համար ընկույզ ջարդի, բայց կանք մենք՝ հրաշքով փրկվածներս, ու կա այս պատմությունը՝ շնորհիվ հորեղբորս, որ սևացած ձեռքերով թաց ընկույզ էր հյուրասիրում անտառի մասին չափազանցված պատմությունների սիրահար երեխաներիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին