Տաթևիկ Խուդինյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

1138 դիտում

Տաթևիկ Խուդինյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Ծնվել և մեծացել եմ Լոռվա հեռավոր գյուղերից մեկում: Ծնողներիս համար իմ ու եղբորս կրթություն ստանալը կարևորագույն նպատակներից էր. խնձորի այգուց ստացված ողջ հասույթը զգուշությամբ խնայվում էր՝ մի քանի տարի հետո մեր ուսման վարձը դառնալու մեծ հույսով: Քանի որ գյուղում անգլերենի ուսուցիչ չկար, իսկ ես համառորոն պնդում էի, որ անգլերեն լեզվի մասնագետ եմ ուզում դառնալ, ստիպված էի ընդունվել ոչ պետական համալսարան, արտասահմանում սովորելու մասին մտածելն էլ ավելորդ էր: Այսօրվա պես հիշում եմ ինչպես իմ առաջին դասախոսը ապշած նայեց ինձ վրա և նույնքան ապշած հարցրեց, թե ինչ եմ անում անգլիական բաժնում, եթե ագլերեն ընդհանրապես չգիտեմ: Ի զվարճանք համակուրսեցիներիս՝ համարձակությունս ներեց պատասխանել, որ հենց այդ պատճառով ել այնտեղ եմ, եկել եմ, որ սովորեմ:

 

Երրորդ կուրսում արդեն բավականին լավ տիրապետում էի լեզվին: Անգլերեն խոսքս ավելի վարժեցնելու համար, տիկին Քարգը, ով այդ տարի անգլերեն լեզվի խոսակցական հմտությունների դաս էր վարում, առաջարկեց ամռանը ԱՄՆ-ից ժամանող խմբի համար որպես կամավոր թարգմանիչ աշխատել: Դե, անլուրջ կլիներ անգլերեն սովորել ցանկացողը հրաժարվի նման առաջարկից. սիրով համաձայնեցի: Դա եղավ կյանքիս կարևորագույն որոշումը:

 

Հուլիսը եկավ, ԱՄՆ-ից ժամանող հյուրերն էլ՝ հետը: Գեղեցիկ օրեր էին: Ամբողջ խումբը բաժանեցին երեք մասի ու մեկական թարգմանիչ կցեցին: Իմ խումբը ամենափոքրն էր՝ մի ամերիկացի զույգ, իրենց մտերիմ մի տարեց կին ու ես: Շատ շուտ մտերմացանք: Ինչ-որ բան մեզ կապում էր՝ գուցե օտարության մեջ հայտնված այդ մարդկանց համար տեղացիների անհասկանալի խոսքերին իմ՝ իմաստ հաղորդողի դերում լինելը: Տասը օրը տասը  ժամի պես անցավ: Բաժանումը դժվար էր. կարծես հարազատ բարեկամի էի հրաժեշտ տալիս, իսկ ԱՄՆ-ն այնքան հեռու էր թվում:

 

ԱՄՆ-ն անշուշտ հեռու էր, բայց 21-րդ դարում անգամ այդ հեռավորությունը ի զորու չէ մարդկային կամքին դեմ գնալ: Իրենց մեկնելուց շատ չէր անցել, երբ էլեկտրոնային փոստով նամակ ստացա. ինչպես կռահեցիք, այն իմ առաջին օտարերկրացի ընկերներից էր: Գուցե և սխալվում եմ, ի վերջո տասը տարի է անցել, բայց որքան հիշում եմ երեք անգամ կարդացի նամակը։ Կոնֆետ ստացած երեխայի նման չէի կարողանում զսպել ուրախությունս։ Ջոնը և Մերին իրենց նամակում բացի գեղեցիկ ողջույնի խոսքերից, գրել էին նաև․ «Սիրելի Տաթև, քեզ նման նպատակասլաց և պատասխանտվության մեծ զգացումով երիտասարդ աղջիկը կարող է մեծ հաջողությունների հասնել՝ ԱՄՆ-ում կրթություն ստանալով։ Լավ գիտակցում ենք, որ այստեղ ուսումը շատ թանկ է, և դու կամ քո ծնողները  նման հնարավորություն չունեք, ուստի մենք ընտանիքով քննարկեցինք և որոշեցինք, որ մեր պարտքն է քեզ օգնել։ Եթե կարողանաս համապատասխան քննությունները հանձնել և ընդունվել այստեղի համալսարրաններից որևէ մեկը, մենք կվճարենք քո ուսման վարձը։ Դու արժանի ես դրան»։ Ինձ այլևս ոչինչ հետ պահել չէր կարող։

 

2013թ․-ին ավարտեցի Օհայո Վուեզլին համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, այնուհետև աշխատանքի անցա Վաշինգտոնում իսկ արդեն 2017թ-ին մագիստրոսի կոչում ստացա Լոնդոնի Համալսարանից։ Գրեթե մեկ տարի է, ինչ վերադարձել եմ հայրենիք՝ միջազգային փորձով, լայն աշխարհայացքով ու ապագայի նկատմամբ մեծ հավատով։ Հաճախ եմ զրուցում Մերիի և Ջոնի հետ․ իմ հաջողություններով հպարտանում են ինչպես իրենց հարազատ երեխայի համար կհպարտանային։ Հարցիս, թե ինչով երբևէ կկարողանամ երախտագիտությունս հայտնել նրանց, Ջոնն ասաց․ «մեկ ուրիշին օգնելով։ Երբ ոտքի կկանգնես ու կհանդիպես մեկին, ով քո օգնության կարիքն ունի, օգնիր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին