Գայանե Հարությունովա. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

1266 դիտում

Գայանե Հարությունովա. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Մեզ հետ գրեթե ամեն օր պատահում են անհավանական բարի պատմություններ` աշխատավայրում, տանը, փողոցում։ Մենք քայլում ենք փողոցով, գնումներ կատարում, աշխատում և չենք նկատում դրանք, իսկ երբեմն պատահում է՝  նկատում ես, սիրահարվում, և վերջ։ Սիրահարվում ես սեփական երեխայիդ, ընկերուհուդ, հարևանի տատիկին, քաղաքիդ կամ որևէ փողոցի... սիրահարվում ես երաժշտության, դարչինով խմորեղենի և քեզ համար էլ ոչինչ գոյություն չունի բացի ամենակաչող, ամենաշարժիչ սիրո ուժից։

 

*

-Մա՜մ, սա ի՞նչ ցեղատեսակի շուն է։

-Ոչ մի ցեղատեսակի։ Փողոցային թափառական շուն է։ Բոմժ։

-Մա՛մ, շներին չի կարելի բոմժ ասել։

-Ըհըմ, եղավ, լավ։

-Մարդկանց էլ…

 

*

 

Մեքենայով խուզած մազեր ունենալու ողջ հմայքն այն բանում չէ, որ չորս հարյուր միլիգրամ շամպունը երեք ամիս ես օգտագործում, որ լողանալուց հետո չորացնելու կարիք չկա և ոչ էլ, որ խնայում ես վարսավիրի գումարը․ողջ հմայքը անցած տարվանից չհագած հագուստիդ վրա երկար մազ գտնելու մեջ է։

 

 

Ես ու երեխաներս՝ հինգ և չորս տարեկան, միշտ պահմտոցի ենք խաղում։ Երբ քիմիաթերապիայի ազդեցության տակ շատ վատ էի զգում և չէի կարողանում վեր կենալ անկողնուց՝ սկսում էի հաշվել, իսկ նրանք թաքնվում էին։ Ես բարձրաձայն ասում էի նրանց գտնվելու բոլոր հնարավոր վայրերն ու եթե գուշակում էի՝ ազնիվ գալիս ու ասում էին, որ գտել եմ։

 

*

-Մեր մնացած հինգ երեխաներն են,- ասում է Կարեն Բերնսը` հեռախոսի մեջ ցույց տալով տարբեր գույնի ու ռասսայական պատկանելիության երեխաների։

-Մարկը ձեր ընտանիքի միակ հա՞յն է,- հարցնում եմ՝ երկու տարեկան նապաստակի շրթունքով՝ դեռ հայկական ազգանուն կրող Մարկին որդեգրած տիկնոջը։

-Ո՛չ, ես էլ եմ հայ, տատիկս հայ է եղել,- աշխարհի տարբեր ծայրերում ծնված և ապրող բոլոր հայերին հատուկ հպարտությամբ պատասխանում է նա։

- Երբ մեծանան՝ ես նրանց բոլորին կպատմեմ իրենց երկրի, պատմության մասին։ Չգիտեմ, գուցե Մարկին չարժե պատմել, բայց մնացածին հաստատ կպատմեմ…

 

Գուցե նա ճիշտ է․հային շատ դժվար կլինի պատմել, թե ինչ է նշանակում հայ լինել և գուցե երեսուն տարի հետո Բոստոնում բնակվող Մարկ անունով իրավաբանին կամ բժշկին առհասարակ պետք չէ պատմել մի երկրի մասին, որտեղ նապաստակի շրթունք ունեցող երեխաներից հրաժարվում են ծնողները…

 

*

 

-Սիթերը քով֊քովի հաջի՛ս,- դիմում է ինձ լիբանանահայ մի պապիկ,- կնիգիս քովը բիդի նստեմ։

-Կներեք, բայց այս պահին այլևս հնարավոր չէ, միայն առանձին տեղեր են մնացել։

-Նոո, հաջիս, հիսուն տարվա կնիգսա, մեզ թու՞ն պիտի բաժնես։

-Հիսուն տարվա մեջ իրարից հոգնած կլինեք, մի երեք ժամ կհանգստանաք։

-Մենք ան աշխարհ էլ միասին կէրթանք,- միջամտում է կինը և սեթևեթանքով նայում ինձ, ապա ամուսնուն։

 

*

 

-Դեպի Տյումեն տոմսն ինչ արժե՞,- հետաքրքվել է ութսունին մոտ մի պապիկ,որը տարիներ շարունակ շիշ էր հավաքում, ամեն առավոտ Զվարթնոց օդանավակայանի ծառայողական ավտոբուսով գալիս քաղաքում շրջում, հանձնում շշերը, իսկ երեկոյան նույն ավտոբուսով վերադառնում իր կացարանը։

 

-Դեպի Տյումեն տոմսն ի՞նչ արժե՝ հետադարձով․արդեն բավակականին շիշ եմ հանձնել, որ կարողնամ տոմս առնել, գնալ տղայիս տեսնել և գալ։

 

*

 

Մորաքույրս հյուրանոցի մինի-բարի պատասխանատուն է։ Մի անգամ երբ պետք է փոխեր հինգ հարյուր մեկ սենյակի բարը, որտեղ նստած քթի տակ երգում էր Շառլ Ազնավուրը՝ ջրի երկու կիսատ շշերը վերցնում է, որ նետի աղբամանը։

-Մի րոպե,- ասում է Ազնավուրը՝ մեկ կիսատ շշի ջուրը դատարկելով մյուսի մեջ, ապա դատարկը մեկնելով նրան,- այ հիմա կարող եք տանել։

 

Փոքր բաների հանդեպ սեր ունեցողներն են հասնում մեծ բաների։

 

Սենյակն այժմ հպարտ կրում է Մեծի անունը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին