Կարեն Թարվերդյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

913 դիտում

Կարեն Թարվերդյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Ես ամեն օր հիշում եմ Նրան և ոչ միայն այն պատճառով, որ Նա իմ Տատիկն է, ինչը շատ բնական կլիներ, այլև ամեն օր առիթ է լինում հիշելու Նրա խոսքերն ու խորհուրդները, խրատներն ու արարքները: Նիհար, բավականին ներս գնացած այտերով և արդեն իսկ ընդգծված այտոսկրերով կին էր Տատս: Ձեռքերի վրա արդեն երևում էին դուրս ցցված երակները, և եթե ձեռքը ինչ-որ տեղ էր հարվածում մոտ մի շաբաթ տվյալ մասում կարելի էր տեսնել կապույտ շրջանակ: Երևում էր որ Նա  երիտասարդ տարիքում եղել է բարձրահասակ, սակայն տարիների հոգսն ու ցավը կարծես արտահայտվել էին Նրա` արդեն մի փոքր առաջ թեքված կազմվածքում: Եթե նայեիր Նրա աչքերին, ապա առանց մեծ դժվարության այնտեղ կտեսնեիր անսահման բարություն սեր ու հավատ: Ծնվել էր Պարսկաստանի Կյարեվերանում հազար ինը հարյուր… երևի երեսունին, ինչպես Ինքն էր ասում: Մի քանի տարեկան հասակում կորցրել էր մորը, հայրը ամուսնացել էր ուրիշ կնոջ հետ, ուստի մասամբ  «ճաշակել» էր որբ լինելու դառնությունը, որի հետևանք էր դպրոց չգնալը և շատ այլ զրկանքներ: Հետո՝ 1946թ-ին, մյուս հայրենադարձների հետ վերադարձել էր Հայաստան, ուստի «ճաշակել» էր նաև գաղթական լինելու «համն» ու գաղթի ողջ դժվարությունները, ամուսնացել էր 17 տարեկանում, կորցրել էր առաջին զավակին, երբ վերջինս չկար նույնիսկ մեկ տարեկան, բայցևայնպես, ուներ 5 զավակ, որոնցից ավագին ևս կորցրեց իր մահից երեք տարի առաջ… այսքանը բավական է…

 

Հիշում եմ, երբ նույնիսկ դեռ փոքր էի, ավելի ճիշտ՝ ինչքան ինձ հիշում եմ, ամեն շաբաթ օրը մի թափառական մարդ էր գալիս մեր դռան դիմաց և կանչում էր՝ «Քնար դոդա»: Ճիշտն ասած՝ ես նրանից ավել բառ չէի լսել, քանի որ նա չեր կարողանում կարգին խոսել, միայն երբեմն-երբեմն ինչ-որ խուլ բառեր էր լսելի լինում նրա բերանից: Բացի սա՝ ես նաև չգիտեի նրա անունը, քանի որ ամբողջ գյուղում նա ճանաչված էր «Քնար դոդա» անվամբ, քանի որ այդպես էր կանչում Տատիկիս: Միայն գիտեի, որ գալիս էր օգնություն խնդրելու: Եվ կարծես Տատս սպասում էր նրան. ամեն շաբաթ օրը: Տատս նրան տալիս էր մի մեծ դեղին տոպրակ, որի մեջ լցված էր լինում օճառ, լվացքի փոշի, կերակուր, գումար, ... մի խոսքով ես այն ժամանակ մտածում էր, որ այդ տոպրակում, որը Տատս հազիվ էր քարշ տալով բերում, տեղավորած է ամեն-ամեն ինչ: Ես ամեն անգամ հարցնում էի, թե ինչու է Նա մեր պատկանելիքը ամեն շաբաթ օրը տալիս այդ մարդուն: Տատս, շոյելով իմ գլուխը, պատասխանում էր,

 

-  Նա ավելի շատ ունի դրա կարիքը:

 

Եվ այսպես մոտ 12-13 տարի, մինչև որ «Քնար դոդա»-ն այլևս մեր գյուղում չերևաց:

 

Ես միշտ զարմանում էի՝ ինչպես կարելի է այդքան դժվարություններից ու դառնություններից, զրկանքներից ու տառապանքներից հետո լինել այդքան գերմարդկային բարի: Իմ զարմանք էլ ավելի շատացավ, երբ մի գիշեր սենյակից լսեցի Նրա՝ հետևյալ խոսքերը,

-Զհաց մեր հանապազորդ

տուր մեզ այսօր  …

 

Ինչ խոսք, ես ևս մեկ անգամ զարմացա, ոչ միայն նրա համար, թե, որտեղի՞ց մարդուն այդքան բարություն, այլև, թե ինչպես կարող է մի մարդ, ով դպրոց չի գնացել և նույնիսկ կարդալ չգիտի իմանալ Հայր մերը…

 

Ինչևէ՝ ես ուրախ ու հպարտ եմ, որ ականատեսն եմ եղել այս «անհավանական բարի Մարդու կողմից ապրած ու ստեղծած անհավանական բարի կյանք-պատմությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին