Հերմինե Ավագյան. Մի կտոր բարություն՝ աշխարհին նվեր - Mediamax.am

573 դիտում

Հերմինե Ավագյան. Մի կտոր բարություն՝ աշխարհին նվեր


Լուսանկարը`


Մեր գյուղի տներն այնքան են իրար մոտ, որ երբ լուսաբացին մեկի հավաբնում աքաղաղր սկսում է կանչել, մյուսների աքաղաղները  հերթով արձագանքում են: Ձայնը հասնում է ներքին թաղից մինչեւ  վերին թաղեր: Ստեղծվում է յուրօրինակ սիմֆոնիա. գյուղը երգում է…

 

Այդ օրը, երբ աքաղաղներն արդեն հոգնել էին երգելուց, կարգին սովածացել եւ «ծուղ-րու-ղու-ղու»-ի փոխարեն «ծուղ-րու-կուտ-կուտ» էին ասես երգում, մեկը ձայն տվեց վերին թաղից.

 

- Հրդե՜հ… խոտի դեզը վառվել է… Տունը բռնկվել է…

 

Աղբյուրը թեպետ հեռու էր, բայց քառորդ ժամվա մեջ այրվող տնից մինչեւ աղբյուրը մարդկանց շարք գոյացավ, նրանք հերթով ջրով լի դույլերը փոխանցում էին միմյանց, տղամարդիկ տանիքից ու տարբեր կողմերից ջուրը նետում էին կրակի լեզվակների վրա:

 

Կրակը, սակայն, անհագուրդ էր:

 

Տան երկու հարսների ու սկեսուրի կողքին կանգնել էր պահապան շունը՝ Արջոն: Տղամարդիկ կռիվ էին գնացել կրակի հետ եւ դեռ պարզ չէր, թե երբ այն կավարտվի:

 

Տնից մի կերպ մի քանի անհրաժեշտ իրեր հանեցին: Հետո տանտերը հիշեց.

 

- Նկուղում վառելիքով լի մեծ տարաներ կան, նկուղն արդեն բռնկվել է, լավ է հեռու մնաք բոլորդ, մեկ է՝ ամեն բան կորած է:

 

- Շուտով շրջկենտրոնից կհասնեն հրշեջները, դիմացեք,- ասաց գյուղի կապի աշխատողը:

 

Նկուղը վառվում էր: Մարդիկ չէին համարձակվում ներս մտնել:

 

Արջոն անհանգիստ շարժումներ արեց, վազեց դեպի նկուղը: Կանգնեց  միակ պատուհանի տակ ու սկսեց հաչալ: Դա սովորական հաչոց չէր, ասես՝ մանկանը կտրում, տանում էին մորից եւ նա աղերսում էր, որ չտանեն:

 

-Արջո, այս կողմ արի,- շան կապը բռնեց հարևան Աշոտը:

 

Շունը տեղից  չշարժվեց: Աշոտը նորից ձգեց կապը, շունը նորից հաչաց աղերսագին՝հայացքը դեպի նկուղի պատուհանը:

 

Աշոտը մոտեցավ ծխամած պատուհանին եւ մշուշի մեջ հազիվ նշմարեց հետեւյալ տեսարանը: Պատուհանագոգին նստել էր թխսկանը՝ ճուտիկները կողքը հավաքած՝ ասես սպասելով մոտալուտ վախճանին:

 

Աշոտը նայեց շանը: Շան աչքերն ասում էին՝ փրկիր:

 

Հետո կրակը թեժացավ, ծուխն ու կրակը տարածվեցին…

 

Մարդիկ շարունակում էին կռիվ տալ: Ծխի հոտը չէր թողնում ոչ նորմալ տեսնել, ոչ էլ շնչել:

 

Հետո մշուշի միջից երևաց Արջոն, ապա  Աշոտը՝ թխսկանն ու նրա վեց ճուտիկները գրկած:

 

Արջոն լիզում էր մարդու ոտքերը: Շան աչքերում հրդեհներ էին, որ վառվում էին բարության կայծով: Այդ նույն կրակը նաեւ մարդու աչքերում էր: Աշխարհի ոչ մի հրդեհ զորու չէր կլանելու, իր լեզվակների մեջ առնելու բարության կրակը…

Շրջկենտրոնից ժամանած հրշեջները հասան այն պահին, երբ արդեն կրակը հասել էր հարևան տան տանիքին: Երկար պայքարից հետո հրդեհը նահանջեց: Հետո եկավ լռությունը: Լռությունը ի ցույց դրեց տան ամայությունը: Ոչինչ չէր մնացել:

Գյուղապետը, ձեռքը դնելով տանտիրոջ ուսին, խոսեց.

-Ուստա Վալոդ, սիրտդ լեն պահիր, գյուղամիջի էն դատարկ տունը ձեզ փեշքեշ /նվեր/, գնացեք, ապրեք ու շենացրեք:

 

-Իսկ խոտի դե՞զը… բա անասունները ձմռանը ի՞նչ են ուտելու,- անհանգստացավ գյուղացիներից մեկը:

 

Այդ հարցն էլ լուծվեց: Ներքին թաղից մինչեւ վերին թաղը ամեն մի տուն մեկ կիպ /խուրձ/ խոտ տվեց ուստա Վալոդին, որ անասունները ձմռանը սոված չմնան…

 

Արջոն թխսկանի կողքին ոստոստում էր, անհագորեն շարունակում էր լիզել հարևան Աշոտի ոտքերը:

 

-Ապրես, Աշոտ ախպեր,- դարձավ տանտերը,- էս թխսկանը թոռներիս ուրախությունն է, այնքան շատ են սիրում… Դու վտանգեցիր կյանքդ:

-Չէ՛, ես բան չարեցի, Արջոն փրկեց նրանց,- բարի ժպիտը նորից ու նորից արև նկարեց Աշոտի դեմքին:

-Եթե կենդանիներն այսքան բարի են, մարդն իրավունք չունի բարի չլինելու,- ասաց տանտերը եւ համբուրեց շան ճակատը...

 

Արեւը թեքվեց դեպի մայրամուտ, բայց բարության շողերը մնացին  լուսնին պարուրված՝ խոնջացած աշխարհի վրա տարածելով մի կտոր բարություն...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին