Խոհանոցում՝ Տոմայի հետ - Mediamax.am

exclusive
3939 դիտում

Խոհանոցում՝ Տոմայի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խոհանոցային օրագրեր»` Մեդիամաքսի նոր խորագիրն է, որտեղ կներկայացնենք այն մարդկանց, ում համար խոհանոցը ամենօրյա հոգսերից կտրվելու եւ ստեղծագործելու մի վայր է: Մեր «հերոսները» պրոֆեսիոնալ խոհարարներ չեն, սակայն կարողանում են լավագույնս ինքնաարտահայտվել խոհանոցում: Նրանք պատմում են խոհանոցում հաստատած իրենց կանոնների, սովորությունների, թուլությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում են հետաքրքիր մի ճաշատեսակ:

 

Այս անգամ այցելել ենք Տոմա Զարգարյանի խոհանոցը: Տոման լրագրող է: Նրան ճանաչում եմ մոտ երեք տարի ու իր «խոհանոցային կախարդանքներին» լավ ծանոթ եմ: Խոհանոցից հրաշալի տեսարան է բացվում դեպի ամբողջ քաղաքը, այնպես որ անհնար է չնստել այստեղ մինչեւ ուշ գիշեր՝ քննարկելով ամեն ինչն ու բոլորին: Մանավանդ, երբ սեղանին Տոմայի պատրաստած «համովություններն» են, իսկ գիրկդ Լյալյա անունով աշխարհի ամենաբարի շունիկը:

 

Կիրքն առ խոհանոց

 

Մոտ չորս տարի առաջ ինձ մոտ խոհանոցի հանդեպ իսկական կիրք ծնվեց, մինչ այդ երբեմն փորձում էի, հիմնականում դեսերտներ էի պատրաստում: Այդ ժամանակ սկսեցի շատ ճանապարհորդել ու բացահայտեցի տարբեր երկրների հրաշալի խոհանոցները: Շրջադարձային էր ճանապարհորդությունս Իտալիա: Երբ տեսա, թե ինչպես են իտալացի խոհարարները պաստա պատրաստում ու հասկացա, որ իրականում նման հաճույքը ինքնուրույն էլ շատ հեշտ է իրականացնել,  մտածեցի՝ իսկ ինչու՞ չսկսեմ պատրաստել այս ամենը տանը:  Ամենաբարդն, իհարկե, սննդամթերքի «հայթայթումն» էր, պանրի տեսակները, ծովամթերքներն ու այլ բաղադրատեսակները մեզ մոտ պարզապես չկային: Սկսեցի իմպրովիզացիայի դիմել ու փոխարինել դժվար հայթայթվող բաղադրամասերը մյուսներով:

 

Բլոգային «խոհանոց»

 

Մի առանձին կիրք էր համացանցում խոհարարային բլոգերին հետեւելը: Ամենահավեսն այն է, որ տասնյակ բլոգներ ընթերցելով, ծանոթանալով միեւնույն ճաշատեսակի տարբեր բաղադրատոմսերին, միջին հայտարարի գալով, գտնում ես քոնն ու առաջարկում սեփական բաղադրատոմսը: Չնայած, հեղինակային բաղադրատոմսեր չունեմ, երեւի թե բացի «մինեստրոնեից»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի օր ընկերուհուս հետ որոշեցինք՝ մենք էլ պիտի բլոգ ունենանք: Սկզբում մտածեցի, որ բլոգում կտեղադրեմ այն բաղադրատոմսերով պատրաստած ուտեստները, որոնք հիշատակվում են տարբեր գեղարվեստական գրքերում: Բայց՝ չսահմանափակվելով միայն այդ բաղադրատոմսերով, հիմա գրում եմ երկու իմ ամենասիրելի թեմաների ՝ գրքերի ու խոհանոցի մասին:

 

Սպասքի հավաքածու ունենալու ու փարիզյան հնաոճ բաժակների մասին

 

Գեղեցիկ սպասքի հանդեպ թուլություն ունեմ, դրանց կողքով անտարբեր անցնելը պարզապես անհնար է: Ի դեպ, այս սովորությունը եւս ինձ մոտ առաջացավ ուտեստներ պատրաստելու հետ մեկտեղ: Մինչ այդ, ինձ լրիվ մեկ էր՝ ինչպիսի ափսե կամ բաժակ է դրված սեղանին:  Հիմա սպասք գնելն ինձ համար ավանդույթի նման մի բան է դարձել: Օրինակ՝ արդեն մի քանի տարի է Villeroy & Boch խանութից մաս-մաս  ամանորյա սպասքից նմուշներ եմ գնում` շուտով ողջ հավաքածուն կունենամ:

 

Ճանապարհորդելիս եւս ամենասիրելի զբաղմունքներից է խոհանոցի համար պարագաներ գնելը:  Չեմ կարող հիշել մի դեպք, որ ճամփորդեմ ու տան համար որեւէ բան չգնեմ: Փարիզում հնաոճ իրերի շուկայից ճենապակուց վինտաժային 2 բաժակ ու ափսե եմ բերել: Վառ վարդագույն են, շատ նուրբ, 1905 թվականի արտադրության են՝ չկարողացա դիմադրել:

 

Սովորությունները

 

Սիրում եմ խոհանոցում մենակ լինել, տանել չեմ կարողանում, երբ «ձեռքիս տակ» խոսում են, նույնիսկ եթե այդ պահին մեկը որոշում է ջուր խմել: Կատարյալ տարբերակը՝ միացնում եմ տարբեր հեռուստասերիալներ ու սկսում եմ ուտեստներ պատրաստել: Ամենալավը պատրաստում եմ Friends կամ Sex and the City սերիալների ընթացքում, որովհետեւ ամեն բառն անգիր գիտեմ ու պետք չէ ուշադիր լսել ու դիտել:

 

Կարդալ, ոգեշնչվել, արարել

 

Համով ուտելն, իրականում, մարդկանց միավորելու շատ մեծ ուժ ունի: Սիրում եմ պատրաստել հարազատ, մտերիմ մարդկանց համար, որովհետեւ երբ ես մենակ եմ, կարող եմ հասարակ ձվաձեղ սարքել ու ուտել: Խոհանոցում պատրաստելը ինձ համար լավագույն «անտիդեպրեսանտն է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կան մարդիկ, որ ամբողջ կյանքի ընթացքում միշտ պատրաստում են, օրինակ, այն 15 ճաշատեսակները, որ ամենալավն են ստացվում իրենց մոտ: Իմ դեպքում այդպես չէ, ես նորությունների կողմնակից եմ: Ռեստորաններում համտեսած ցանկացած ճաշատեսակ շատ հեշտ կարող եք ինքներդ պատրաստել: Կարդացեք, տարբեր ուտեստների գեղեցիկ լուսանկարներ դիտեք, ոգեշնչվեք ու արարեք ձեր խոհանոցներում:

 

Այսօր կպատրաստենք կրեմ-ապուր դդումից

 

Չորս բաժնի համար հարկավոր է ՝

 

Ձեթ

Մաքրած դդում - 0.5 կիլոգրամ

Մի գլուխ սոխ

Գազար - երկու հատ

Սխտոր – մի հատիկ

Սերուցք

Աղ

Մի թեյի գդալ աղացած կոճղապղպեղ (իմբիր)

Մի թեյի գդալ աղացած դարչին

 

Երկու ճաշի գդալ ձեթը նախապես տաքացնում ենք միջին կրակի վրա, այնուհետեւ ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը ու թեթեւակի խաշ ենք տալիս մոտ երեք րոպե: Ավելացնում ենք կտրատված գազարը ու կրկին խաշում մոտ երեք րոպե: Ավելացնում ենք աղացած կոճղապղպեղի ու դարչինի փոշին, մոտ երկու րոպե խաշելուց հետո ավելացնում ենք դդումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ընթացքում բաղադրամասերը պետք է անդադար խառնել: Մոտ տաս րոպե անց, երբ մթերքը արդեն փափկած է, ավելացնում ենք աղը եւ եռացրած ջուրը, այնքան, որ ծածկի դդումը: 20-30 րոպե խաշվելուց հետո (առանց ջուրը թափելու) թողնում ենք, որ այն սառի: Գոլ վիճակում բլենդերով հարում ենք: Այնուհետեւ ավելացնում ենք սերուցքը ու նորից դնում կրակին: Մոտ երկու րոպեից ապուրը պատրաստ է:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին