Աննա Մուգլալիս` «Միշտ հիշեք, որ կյանքը հիասքանչ է» - Mediamax.am

exclusive
5622 դիտում

Աննա Մուգլալիս` «Միշտ հիշեք, որ կյանքը հիասքանչ է»

Ավարտվեց 11-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, բայց մենք շարունակում ենք ներկայացնել փառատոնի հյուրերի հետ ունեցած մեր զրույցները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտվեց 11-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, բայց մենք շարունակում ենք ներկայացնել փառատոնի հյուրերի հետ ունեցած մեր զրույցները: Այս անգամ կարդացեք ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիսի մտքերը:

 

***

 

Ինձ պապիկիս քրոջ պատվին են անվանել, նա էլ էր Աննա Մուգլալիս: Բայց կարծում եմ, ամեն մեկս էլ մեր սեփական ճակատագիրն ունենք, անկախ նրանից, թե ում անունն ենք կրում: Ֆրանսիական անուն չէ ու մանկուց բոլորը հարցնում էին ինձ, թե որտեղից եմ, շատերը նույնիսկ պնդում էին, որ արտասահմանցու ակցենտով եմ խոսում ֆրանսերեն:

 

Հայրս հույն է, մայրս` ֆրանսուհի: Իհարկե, բնավորությանս կայացման վրա զգում եմ երակներումս հոսող տարբեր ազգությունների արյան ազդեցությունը: Հենց դրա շնորհիվ է, որ այնքան հարմարվող եմ, գրեթե բոլոր երկրներում ինձ շատ լավ եմ զգում: Հայաստանում կարծես տանը լինեմ, խառնվածքով հույների հետ նման եք: Բայց չեմ ուզում սահմանափակվել որեւէ ազգությանը պատկանելով` ես մարդ էակ եմ, աշխարհի քաղաքացի:

 

Ծնվել եմ Նանտում` Ֆրանսիայի արեւմտյան հատվածում: Հետո տեղափոխվեցինք Փարիզ, քաղաքն ինձ պարզապես հիպնոսացրել էր, այնքան հիացած էի: Սկութեր ունեմ, հաճախ շրջում եմ քաղաքով, ուսումնասիրում եմ ամեն անկյունը:

 

 

***

 

Կարլ Լագերֆելդը իսկական ոգեշնչանք է: Նա արվեստի գործերի հսկայական հավաքածու ունի` գրքեր, արխիվային նյութեր, կտավներ, հագուստներ… նա այնքան խելացի ու տաղանդավոր է: Կարլը մշտապես կանգնում է սկսնակ մոդելների, դերասանների կողքին ու աջակցում է նրանց:

 

Մինչեւ Կարլ Լագերֆելդի հետ ծանոթանալը որոշ ժամանակ աշխատել էի որպես մոդել ու չափազանց դժգոհ էի ինքս ինձնից: Իմ կարծիքով, լուսանկարներում դիակի տեսք ունեի: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատահեց ինձ հետ, երբ Լագերֆելդի նման հանճարն ասաց, որ ես գեղեցիկ եմ: Սկսեցի վախենալ, որ մարդիկ կհասկանան, որ իրականում տգեղ եմ ու հենց Կարլն էլ կհիասթափվի ինձնից:

 

 

Լագերֆելդը բացատրեց ինձ, որ գեղեցկությունը ներաշխարհի արտահայտումն է: Պետք է շեշտել դիմագծերի ամենատարօրինակ անկյունները, պետք է կարողանալ առավելություն դարձնել այն, ինչն ինքդ քո մեջ չես սիրում: Կարլի շնորհիվ ավելի ինքնավստահ դարձա:

 

***

«Կոկո Շանել ու Իգոր Ստրավինսկի» ֆիլմում խաղալուն շատ երկար եմ նախապատրաստել: Լսում էի Շանելի ձայնի ձայնագրությունները, հաճախում էի նրա բնակարան, ծանոթանում էի արխիվային նյութերին: Ռեժիսորն ինձ ասաց, որ ձայնս շատ հաստ է, պետք է մի բան անեմ: Ես էլ, հակառակը, փորձում էի Շանելի ձայնը շեշտադրել, նա էլ, ինձ նման, շատ էր ծխում:

 

«Խանդը» ֆիլմում խաղընկերս Լուի Գարելն էր, իսկ ռեժիսորը` նրա հայրը` Ֆիլիփ Գարելը: Այնքան հետաքրքիր էր հետեւել խաղահրապարակում հոր եւ որդու հարաբերություններին, երբեք չէիք ասի, որ նրանք բարեկամներ են: Լուին հիասքանչ անձնավորություն է, չափազանց պրոֆեսիոնալ, հասկացող եւ հոգատար: Ֆիլմի նկարահանման ավարտից հետո շատերի հետ շարունակում եմ ընկերություն անել: Օրինակ, Լուիի հետ մինչեւ այժմ էլ լավ հարաբերություններ ունենք:

 

 

***

Գիտեք ինչ, որքան էլ, որ պնդեն, թե ֆեմինիզմը վատ է, ես իսկական ֆեմինիստուհի եմ: Դա հասկացա, երբ հղի էի եւ իմացա, որ դուստր եմ ունենալու: Կնոջ կյանքն իսկապես բարդ է, չնայած ես վստահ եմ, որ տղամարդկանց կյանքն այսօր եւս շատ դժվար է: Պետք է հասկանանք, որ նախ` կենդանի էակ ենք եւ ի սկզբանե մեր մեջ կան թե տղամարդկային եւ թե կանացի գծեր, անկախ սեռից: Պետք է կարողանանք ճիշտ կառավարենք դրանք:

 

Չեմ դադարում զարմանալ, կյանքն ինձ համար այնքան գունավոր է, ամենաչնչին մանրուքը կարող է ոգեշնչել եւ ուրախացնել ինձ: Երբեք չեմ ձանձրանում, ամեն պահն ինձ համար հրաշք է:

 

Կյանքը սքանչելի է, բայց ասեք, դուք երբեւէ զգու՞մ եք այդ մղձավանջը, երբ հասկանում եք, որ երեկվա օրը այլեւս չի վերադառնա, իսկ վաղվա օրը գուցե չգա:

 

***

 

Հիմա երազում եմ ուժերս որպես ռեժիսոր փորձելու մասին: Մի ֆիլմ կար, որի համար այդպես էլ ֆինանսավորում չստացա, բայց անհաջողությունները եւս ինձ ուժ են տալիս առաջ գնալու համար:

 

Շարունակում եմ փնտրել ինքս ինձ, սիրում եմ մասնագիտությունս, ամեն անգամ տարբեր կյանք եմ ապրում, դրա միջոցով ավելի եմ հասունանում: Միշտ հիշեք, որ կյանքը հիասքանչ է:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին