Քշիշտոֆ Զանուսի` «Մահի ընկալումն է իմաստավորում մեր կյանքը» - Mediamax.am

exclusive
3556 դիտում

Քշիշտոֆ Զանուսի` «Մահի ընկալումն է իմաստավորում մեր կյանքը»

Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի հյուրերից էր անվանի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, որին հանդիպել են Մեդիամաքսի թղթակիցները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի հյուրերից էր անվանի լեհ ռեժիսոր  Քշիշտոֆ Զանուսին, որին հանդիպել են Մեդիամաքսի թղթակիցները:

 

Ես գիտեմ, թե ովքեր են իմ սիրելի արարիչները, իսկ թե նրանցից ովքե՞ր են հանճարներ, թող ասեն արվեստաբանները: Գիտեմ ժամանակով ստուգված ու հաստատված իմ հանճարներին` Տարկովսկի, Կուբրիկ, Վիսկոնտի, Բերգման: Կասկածում եմ, որ Տարանտինոն հանճար է: Հուսով եմ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան եւս հանճար կանվանվի: Հանճարի կոչմանը միշտ ուշացմամբ են արժանանում:

 

***

 

Չգիտեի, թե ո՞ւր են ինձ տանելու ընտրածս մասնագիտությունները: Ֆիզիկա ու փիլիսոփայություն` վախենում էի, կասկածում էի, ճգնաժամեր էի ունենում:

 

Փառատոններին մասնակցությունը, մրցանակներ ստանալը, քննադատների բարձր գնահատանքին արժանանալը ստիպում է մտածել՝ գուցե իսկապե՞ս օգտակար բան եմ անում:

 

 

***

 

Աշխատանքն ինձ համար հաճույք է, երջանկություն, երանություն: Ես չեմ կարող չաշխատել:

 

Փորձել եմ ինձ օպերայում, թատրոնում, վավերագրական կինոյում, բայց խաղարկային ֆիլմերի նկարահանումն ինձ առավել մոտիկ է:

 

Այո, ֆիլմերումս անդադար հարցեր եմ հղում հանդիսատեսին: Նույն բանն եմ անում նաեւ առօրյայում: Սա մարդուն բնորոշ հետաքրքրասիրություն է: Մի պարզ բանաձեւ եմ գտել` բոլոր հարցերիս պատասխանն այն է, որ ես ապրում եմ: Կյանքը մեզ ժամանակավոր է տրված, շատ հեշտ է կորցնել այն, կամ կորել կյանքում: Ես այնքան էլ կորած չեմ, դա արդեն լավ է ու հուսադրող:

 

Կյանքում ընտրել եմ դիտորդի դերը, ուսումնասիրում եմ մարդկանց ու զննում եմ նրանց ճակատագրերը: Մարդուն նայելով՝ կարող եմ շատ բան ասել նրա մասին:

 

Չեմ ուզում ուսուցիչ, կամ մարդկային հոգիներ փրկող մեկը լինել: Կարծում եմ, հանդիսատեսի հետ պետք է կիսեմ փորձս, կասկածներս, մտքերս, մտավախություններս, ընտրությունը նրան թողնելով: Մարդկանց ազատ ընտրության հնարավորություն եմ տալիս:

 

 

***

 

Մեզ միայն մեկ կյանք է տրված, պետք չէ գայթակղվել «իսկ ի՞նչ կլիներ, եթե …» արտահայտությամբ: Անիմաստ է նման մտքերի վրա ժամանակ վատնել: Փորձում եմ միայն առաջ նայել ու քայլել դեպի ապագա` ընկալելով նախկինում գործած սխալներս ու փորձելով չկրկնել դրանք:

 

«Մահանալու ժամանակն է» գիրքս մարդկանց ստիպում է մտածել: Իհարկե, կյանքից հեռանալու մասին դեռ չեմ մտածում, սիրում եմ ապրել: Բայց պետք է ընկալել, որ մեր ժամանակն անցնում է, ու մի օր կգա այն պահը, որ պիտի հեռանանք: Դա էլ չափազանց կարեւոր պահ է, որին պետք է պատրաստ լինենք:

 

Եթե մարդը հավատացյալ է, ապա վստահ է, որ մահից հետո շարունակություն կա, կան նաեւ մարդիկ, որոնք մտածում են, թե դա վերջն է: Կարծում եմ, նրանց շատ բարդ է ապրել:

 

Պետք է ճիշտ հավատք ունենաս, որ ճանաչես սերը: Իսկ ճիշտ հավատքը բարությունն է քո անձի, կողակցիդ եւ ամբողջ աշխարհի հանդեպ: Եթե մարդը ցանկանում է վրեժխնդիր լինել, պատժել, ոչնչացնել, ուրեմն իմաստուն չէ ու անիմաստ կյանք է վարում:

 

***

 

Ֆիլմերիցս մեկի վերնագրի նման կյանքը մահացու հիվանդություն է, որ փոխանցվում է սեռական ճանապարհով: Բայց գիտե՞ք ինչ. եթե մահ երեւույթը գոյություն ունի, ուրեմն ամեն ինչ այնքան էլ վախենալու չէ: Կարծում եմ, հենց մահի ընկալումն է իմաստավորում մեր կյանքը:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին