Մեդիա vs Facebook. Սոցցանցը դեռ «գահին» է, բայց դիրքերը թուլանում են - Mediamax.am

13404 դիտում

Մեդիա vs Facebook. Սոցցանցը դեռ «գահին» է, բայց դիրքերը թուլանում են


Լուսանկարը` REUTERS


Facebook-ը, որպես նորությունների ստացման հարթակ, այլեւս չի գոհացնում մարդկանց: Նորությունների համար երիտասարդները, ի տարբերություն տարեցների, ավելի հակված են վճարել լրատվամիջոցներին: 

 

Այս մասին են վկայում Օքսֆորդի Ժուռնալիստիկայի Reuters ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները: Թվային նորությունների 2018թ. զեկույցը թվային լրատվության սպառման վերաբերյալ հարցում է անցկացրել 37 երկրի ավելի քան 74 հազար մարդու շրջանում: 

 

Նորությունների ստացման համար սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ Facebook-ի օգտագործումը նվազում է: Հետազոտության հեղինակները նշում են, որ վերջին յոթ տարիների իրենց դիտարկումները վկայում են որպես հիմնական աղբյուր սոցիալական ցանցերի օգտագործման անխախտ աճի մասին, սակայն այժմ շատ երկրներում այդ աճը կամ դադարել է, կամ ընթացել հակառակ ուղղությամբ: 

 

ԱՄՆ-ում, օրինակ, երիտասարդների շրջանում նորությունների ստացման համար Facebook- ի օգտագործումը 2017թ.-ի համեմատ նվազել է 20 %-ով: Իհարկե, սա չի արտացոլում բոլոր երկրների պատկերը, օրինակ Մալայզիայում եւ Չեխիայում սոցիալական ցանցի դերը շարունակում է զգալի մնալ, բայց շատ երկրներում էլ դիտվում է միտումը, որն անցյալ տարի սկսել է ԱՄՆ-ում: 

 

Reuters-ն իր հետազոտության մեծ մասն անցկացրել է մինչեւ 2018թ.-ի հունվարը, երբ Facebook-ի ալգորիթմը փոխվեց, եւ լրատվական էջերն ավելի քիչ սկսեցին երեւալ սոցիալական ցանցում: Ստացվում է, որ հետազոտության արդյունքները պայմանավորված չեն սոցիալական ցանցի ընդունած որոշմամբ: Հետազոտողները ենթադրում են, որ պատճառն այն է, որ մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում փակ հաղորդագրությունների ծրագրերում, ինչպիսին է WhatsApp-ը (որոշ երկրներում նորությունների ստացման համար այս մեսենջերի օգտագործումը 2014թ.-ից ի վեր եռապատկվել է, մինչդեռ ԱՄՆ-ում հարցվածների միայն 4%-ն է հայտնել, որ ստանում են նորություններ այս հարթակից):

 

Մարդիկ ասել են, որ նորությունները շարունակում են գտնել Facebook-ում եւ Twitter-ում, այնուհետեւ դրանք քննարկելու համար հրապարակում են WhatsApp-ի խմբում՝ առանց հղումի, օգտագործելով միայն վերնագիրը կամ «սքրինշոթը»: 

 

Այնուամենայնիվ, հետազոտողները փաստում են, Facebook-ը դեռ իր «գահին» է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին