Մեզ հարկավոր է Ղարաբաղյան պատերազմի թանգարան, վստահ է Ալեքսանդր Օհանյանը - Mediamax.am

11087 դիտում

Մեզ հարկավոր է Ղարաբաղյան պատերազմի թանգարան, վստահ է Ալեքսանդր Օհանյանը


Լրագրող Ալեքսանդր Օհանյանը
Լրագրող Ալեքսանդր Օհանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Օհանյանի անձնական արխիվից


Լրագրող Ալեքսանդր Օհանյանն, ով երկար տարիներ աշխատել է որպես "Գոլոս Արմենիի” թերթի թղթակից, արդեն մի քանի տարի է, ինչ մտածում է Հայաստանում Զինվորական թղթակիցների ասոցիացիա եւ Ղարաբաղյան պատերազմի թանգարան ստեղծելու գաղափարի շուրջ: Չնայած վերջին տարիներին Ալեքսանդրը դադարել է զբաղվել ակտիվ լրագրողական գործունեությամբ եւ աշխատում է որպես "Հայջրմուղ” ընկերության մամուլի քարտուղար, նա պատրաստ է գործընկերներին միավորել այս գաղափարի շուրջ:

“Ղարաբաղյան պատերազմի մասին գրած բոլոր մեր լրագրողները ինչ-որ չափով մասնակցել են դրան: Այո, կա ունի դասական կանոն, ըստ որի լրագրողը պարտավոր է անկողմնակալ լինել ցանկացած իրավիճակում: Բայց ես այնքան էլ համաձայն չեմ դրան այն դեպքում, երբ խոսքը քո ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի մասին է: Ես կարող են անկողմնակալ լինել, երբ ինձ գործուղում են, օրինակ` Սուդան` այնտեղի էթնիկական հակամարտությունը լուսաբանելու համար: Ինչ վերաբերում է  Ղարաբաղյան պատերազմին, ապա հնարավոր չէ լուսաբանել ռազմական գործողություները եւ չմասնակցել քո ժողովրդի պատերազմին”, - ասում է Ալեքսանդրը:

 

Ալեքսանդր Օհանյանի անձնական արխիվից

 

Նա չի բացում բոլոր չակերտները` նշելով, որ “երբ ես եւ գործընկերներս աշխատում էինք Ղարաբաղում, եղել են իրավիճակներ, երբ մեզանից պահանջվում էր “մարտական միավոր” դառնալ”:

 

“Գտնվելով այնտեղ` մենք անում էինք այն, ինչ անհրաժեշտ էր այս կամ այն պահին”, - նշում է  նա:

 

Ղարաբաղյան պատերազմին եղած հայաստանցի լրագրողները չունեն ռազմական գործողությունների մասնակցի կամ դրան հավասարեցված կարգավիճակ: Ալեքսանդր Օհանյանը մտադիր է ստեղծել հասարակական կազմակերպություն, որը կմիավորի պատերազմում եղած բոլոր լրագրողներին, եւ դիմել պաշտպանության նախարարությանը եւ Գլխավոր գերագույն հրամանատար` ՀՀ նախագահին նման կարգավիճակ ստանալու համար:

 

“Ասոցիացիայի գլխավոր խնդիրը` Ղարաբաղյան պատերազմի թանգարանի ստեղծումն է: Մենք բոլորս ունենք անձնական արխիվներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ թանգարանի ֆոնդերի համար”, - ասում է Ալեքսանդրը:

 

Նա վստահ է, որ Ղարաբաղյան պատերազմի թանգարանն անհրաժեշտություն է եւ անկեղծորեն զարմանում է, որ այն մինչ օրս չի ստեղծվել:

 

Ալեքսանդր Օհանյանի անձնական արխիվից

 

«Մենք հաղթել ենք այս պատերազմում, բայց մեզ հաղթողի նման չենք պահում: Հասկանում եմ, երբ խոսքը գնում է միջազգային ասպարեզի մասին, այնտեղ գործում են քաղաքական կոռեկտության նկատառումներ: Բայց նույնիսկ մեր տանը մենք մեզ հաղթողի նման չեք պահում», - ասում է Ալեքսանդրը:

 

Նա հույս է հայտնում, որ երկրի ղեկավարությունը կսատարի թանգարանի ստեղծման գաղափարին: «Ինչո՞ւ չստեղծել այդ թանգարանը Եռաբլուրում, որտեղ հանգչում են մեր հերոսները», -  առաջարկում է Ալեքսանդր Օհանյանը: Նրա խոսքերով, թանգարանային նմուշների մի մասը կարելի է շարժական անել` պարբերաբար ցուցադրելով դրանք Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ ստեղծել վիրտուալ տարբերակ, որը ինտերնետի միջոցով հասանելի կլինի աշխարհի ցանկացած անկյունում:

 

«Թանգարանի առանցքային մաս կկազմեն լրագրողների արխիվները, քանի որ դրանք ավելի կանոնակարգված են: Բայց մենք կդիմենք նաեւ պատերազմի բոլոր մասնակիցներին` լուսանկարներ, վկայություններ ներկայացնելու խնդրանքով: Վստահ եմ, որ արդյունքում մեզ կհաջողվի հավաքել նյութերի բացառիկ հավաքածու Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ, որը հասանելի կլինի ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ մեր երկրի հյուրերի համար», - ասում է Ալեքսանդրը:

 

Ալեքսանդր Օհանյանի անձնական արխիվից

 

Բնականաբար, թանգարանի ստեղծումը ոչ կոմերցիոն նախաձեռնություն է: Առաջնահերթ խնդիր է տարածքի հատկացումը: Դրանից հետո անհրաժեշտ կլինեն միջոցներ թանգարանային նմուշների նախապատրաստման եւ աշխատակիցների աշխատավարձի համար:

 

Ալեքսանդր Օհանյանը հույս ունի, որ թանգարանի ստեղծման գաղափարը աջակցություն կստանա Հայաստանի ղեկավարության մոտ: Միաժամանակ, ասում է նա, գաղափարի շուրջ կարող են համախմբվել նաեւ հայաստանյան բիզնես-հանրության ներկայացուցիչները:

 

Մեդիամաքսը կհետեւի Ալեքսանդր Օհանյանի նախաձեռնությանը եւ պատրաստ է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել նրա գաղափարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին