Ո՞վ է պատասխանատու հեռուստագովազդի լեզվի համար - Mediamax.am

exclusive
7673 դիտում

Ո՞վ է պատասխանատու հեռուստագովազդի լեզվի համար


Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյանի անձնական արխիվից


Հայկական հեռուստագովազդի «Օրինական հավաստի եւ պատշաճ» լինելուն արդեն անդրադարձել ենք: Իսկ ի՞նչ լեզվական  խնդիրներ կան մերօրյա հեռուստագովազդում, եւ ո՞վ է պատասխանատու գովազդի լեզվի համար. Մեդիամաքս-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանի, ԵՊՀ դասախոս, գովազդային ոլորտի փորձագետ Անուշ Մարտիրոսյանի, ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանի եւ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ:

 

Լեզվի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 1993 թվականին: Սույն օրենքով ամրագրված է` ՀՀ  պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

 

Հայկական հեռուստագովազդում գրական եւ անաղարտ հայերենի հազվադեպ ենք հանդիպում: Հեռուստագովազդում, օրինակ,  խմիչքը կարող է դառնալ «խմիչքներ», մինչդեռ խմիչքը հավաքական գոյական է, որն իր մեջ արդեն հոգնակի իմաստ ունի, հագուստը`  «հագուստներ» եւ մի շարք այլ ոճական, շարադասական սխալներ, որոնք հեռու են գրական հայերեն կոչվածից, իսկ բարբառը կամ ժարգոնը մերօրյա գովազդի զինանոցի հիմնական գործիքներից մեկն է` «հզոր ա», «վազն անցի» եւ այլն:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշում է. «Լեզվի մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածը սահմանում է. «ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է Հանրապետության կյանքի բոլոր ոլորտները». ի սկզբանե օրենքում նշվում է, որ այն վերաբերում է Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներին, ինչն իր մեջ ներառում է նաեւ ԶԼՄ-ների հետ կապված հարաբերությունները: Նույն օրենքի չորրորդ հոդվածում նշվում է. «ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով»: Եկեք փորձենք այս դրույթը համակցել Գովազդի մասին ՀՀ օրենքի հետ, որի 5-րդ կետում նշվում է. «Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։ Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված  լեզվական  կանոնները»»,- նշում է Արփինե Հովհաննիսյանը ու հավելում, որ վերոնշյալը բացառում է գովազդում բարբառի կամ ժարգոնի օգտագործումը:

 

«Մյուս կարեւոր դրույթը Լեզվի ամսին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի («Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները») պահանջների խախտման համար պատասխանատվությունն է, մասնավորապես` Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 189.3 հոդվածի («ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները եւ գովազդները ոչ հայերեն ձեւավորելը եւ գովազդի ընդհանուր պահանջները խախտելը») համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 250-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով»,- ասել է իրավաբանը:

 

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը

Լեւսանկարը՝ Մեդիամաքս
/>

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն պետք է կազմի գործի քննությունն իրականացնելու իրավասու պետական-տեղական ինքնակառավարման մարմինը, Լեզվի պետական տեսչությունը`այն ուղարկելով վարչական դատարան:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, սակայն, Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է, որ հեռուստառադիոհեռարձակման ասպարեզում լեզվի վերահսկողության գործառույթն օրենքով իրենց չի պատկանում. «Այժմ մշակվում է օրենսդրական մի նախաձեռնություն, որով հեռուստառադիոհեռարձակման ոլորտի լեզվի վերահսկողությունն օրենքով կանցնի մեզ:  ՀՌԱՀ-ը դրան դեմ չէ, քանի որ իրենք վերահսկողության համապատասխան մեխանիզմներ չունեն”,- ասել է Ս. Երիցյանը: Վերջինիս փոխանցմամբ` օրենսդրական նախագիծը մոտ օրերս կներկայացվի ՀՀ կառավարությանը. “Եթե գործն օրենքով մեզ հասնի, մենք ուշադիր կլինենք եւ կիրականացնենք ռադիոհեռուստատեսային ասպարեզի լեզվի վերահսկողություն»,- ասել է նա:

 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, խոսելով վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության մասին, նկատել է. «Շատ ուրախ եմ դրա համար` չնայած այն հանգամանքին, որ Լեզվի պետական տեսչությունը  կհայտնվի մեծ խնդրի առաջ. չափազանց բարդ է լինելու գտնել գրական հայերենի, բանավոր խոսքի, արեւմտահայերենի, բարբառների եզրույթները»:

 

Դադասյանը նշել է, որ ՀՌԱՀ-ը Հանրային խորհրդում առաջարկել է դրան կից ստեղծել մի հանձնաժողով, որը բաղկացած կլինի տարբեր հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի, գերատեսչությունների ներկայացուցիչներից. «Դա կլինի ՀՌԱՀ խորհրդակցական մարմինը, որը որոշակի եզրակացություններ կկայացնի հատուկ դեպքերի համար` ներկայացնելով դրանք ՀՌԱՀ-ին, իսկ վերջինս այն կօգտագործի որպես գործիք»,- ասել է Ժիրայր Դադասյանը:

 

Անդրադառնալով հեռուստագովազդում լեզվի խնդրին` Դադասյանը նշել է, որ ժամանակին սխալներն ավելի շատ էին. «Կարծում եմ` ժամանակի հարց է, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

 

ԵՊՀ դասախոս, գովազդային ոլորտի փորձագետ Անուշ Մարտիրոսյանը լեզվի անաղարտության խնդիրը հեռուստագովազդից բացի տեսնում է ցանկացած հեռուստաարտադրանքում. «Գովազդի ոլորտում կատարվում է այն, ինչ կատարվում է հեռուստաեթերում, դրանք խիստ փողկապակցված են, մեկի զարգացումը հանգեցնում է մյուսի զարգացմանը, եւ հակառակը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

 

ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը

Լուսանկարը՝ PanArmenian Photo

 

Փորձագետի կարծիքով, գովազդը, լինելով կոմերցիոն ոլորտ, հաճախ հետին պլան է մղում այն բարոյական սկզբունքները, որոնք վերաբերում են լեզվի անաղարտության պահպանմանը. «Գովազդ արտադրողներից շատերը կարծում են, որ ոչ գրագետ հայերենով կարող են 1-2 հոգով ավելի մեծ լսարան ձեռք բերել. մենք մեր հասարակության մասին շատ ավելի վատ կարծիք ունենք, քան կա իրականում»,- ասել  է նա:

 

Անուշ Մարտիրոսյանն ելքը տեսնում է ինքնակարգավորման մեխանիզմի ստեղծմամբ. «Հազար ու մի հանձնաժողով կա, որ ունի իրավասություններ, որոնք  երբեք չեն գործում: Ուղղակի պետք է ցանկացած հեռուստակայանի տնօրեն շահագրգռված լինի, որ իր եթերում գրագետ հաղորդումների հետ միասին լինի գրագետ գովազդ, գովազդ արտադրողն ու պատվիրողն էլ՝ շահագրգռված լինեն գրագետ արտադրանք ունենալ: Սրանք ներքին հարցեր են, որոնց օրենքով, տուգանքով լուծում չի տրվում: Տուգանքը ծիծաղելի չափերի է հասնում, բայց, ինչքան էլ մեծացնեն, հազարապատիկի չափ դարձնեն, չի աշխատի»:

 

Հեռուստագովազդում լեզվի խնդիրը փորձեցինք քննարկել նաեւ գովազդ արտադրող ընկերությունների հետ, որոնցից շատերը, սակայն,  «նպատակահարմար չգտան» խոսել գովազդում առկա լեզվական խնդիրների, ժարգոնի կամ բարբառի օգտագործման մասին:

 

«Եվրոպական շատ երկրներում մարդկանց մտքով չի անցնում, որ կարող է ժարգոնը կամ բարբառը եթերում հայտնվի: Հեռուստաեթերն այն տարածքն է, որտեղ անգրագետ ոչինչ չպետք է լինի, սա ներքին էթիկայի խնդիր է»,- նշել է գովազդի ասպարեզի փորձագետը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին