Հայաստանի ինտերնետ-գովազդի շուկան` նոր խաղացողի սպասումով - Mediamax.am

Փետրվար 02, 2026
exclusive
7354 դիտում

Հայաստանի ինտերնետ-գովազդի շուկան` նոր խաղացողի սպասումով


Տիգրան Սաֆարյանը
Տիգրան Սաֆարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Media International ընկերության կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելու մեկնարկը դեռեւս հստակեցված չէ:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Media International Service-ի (MIS) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Սաֆարյանը, Հայաստանի առաջատար հեռուստաալիքների գովազդի բացառիկ վաճառող ընկերությունը ծրագրում է այս տարի սկսել նաեւ ինտերնետ-գովազդ վաճառել:

 

Անդրադառնալով  ուկրաինական Media International սեյլս-հաուսի կառավարիչ Վալերի Մաշտակովի կողմից FISH ինտերնետ-սեյլս-հաուսի վերահսկիչ փաթեթի գնմանը եւ հաղորդագրությանը, թե «ընկերությունները մտադիր են իրականացնել հեռուստատեսային ու ինտերնետ-գովազդի վաճառքների ինտեգրում, ինչպես նաեւ FISH-ը դուրս հանել նոր շուկաներ, մասնավորապես`Հայաստան»` Տիգրան Սաֆարյանն ասել է.

 

«Այս մասին Վալերի Մաշտակովի հետ որեւէ հստակ պայմանավորվածություն դեռեւս չունենք, հայաստանյան կայքերում գովազդ վաճառելու մասին քննարկումներ եղել են, բայց կոնկրետ FISH-ը կլինի, թե այլ ուղղություն, դեռ պարզ չէ», - ասել է նա Մեդիամաքս-ին:

 

Հայկական կայքերում Media International-ի կողմից գովազդ վաճառելու մտադրության մասին Մեդիամաքս-ը խոսել է նաեւ գովազդային այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Corpors Media ընկերության տնօրեն Կարեն Թորոսյանի կարծիքով, Հայաստանում ինտերնետ-սեյլս-հաուսի կարիքը կա, եթե այն ճիշտ աշխատի.

 

«Ինտերնետային գովազդի ոլորտը մեզանում բավական խառն է եւ չհամակարգված:  Պրոֆեսիոնալ հիմքերով գրագետ աշխատանքն ու ժամանակակից տեխնոլոգիաները կբերեն ոլորտի զարգացման, որի արդյունքում կունենանք լրատվական կայքերում գովազդ տեղադրելու կուլտուրա, չեն լինի կայքեր, որտեղ լուրը կարդալուց ընթերցողը ստիպված կլինի շրջանցել մի քանի գովազդային բաներներ, որոնք հաճախ նույն ապրանքի կամ ծառայության, բայց տարբեր բրենդի մասին են լինում»:

 

Այնուամենայնիվ, Կարեն Թորոսյանը նկատել է, որ ինտերնետ-սեյլս-հաուս-ի առկայությունը կարող է իր մեջ մենաշնորհի վտանգ պարունակել, եթե վերջինիս հետ աշխատեն առաջատար լրատվական կայքերը, որոնց թիվն այնքան էլ շատ չէ:

 

BTL Services-ի տնօրեն Վահագն Նազարյանի կարծիքով, Media International-ի կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելը մենաշնորհի վտանգ չի պարունակում, քանի որ գներ ձեւավորողը շուկան է:

 

«Միակ խնդիրն այն է, որ չափող կազմակերպությունն ու սեյլս-հաուսը պետք է լինեն տարբեր եւ նույն շահերը չհետապնդող ընկերություններ: Եթե պատվիրատուն ունենա չափման օբյեկտիվ արդյունք, ապա մենաշնորհի վտանգ չկա »,-ասել է նա:

 

Վահագն Նազարյանը նշել  է, որ ինտերնետ գովազդի շուկայում սեյլս-հաուսի գործունեություն ծավալող ընկերության նախադեպ արդեն կա.

 

«Շուկայում հաջողությամբ գործող ընկերություններից IP marketing-ն է, որը հանդիսանում է մի շարք  լրատվական կայքերի գովազդի բացառիկ վաճառողը»:

 

Հայկական կայքերում գովազդ վաճառելու գործում Վահագն Նազարյանը կարեւորել է ինտերնետում վարկանշային չափումների համակարգերի լիարժեք աշխատանքը.

 

«Ներկայումս կան որոշակի տվյալներ, սակայն համակարգն ամբողջությամբ զարգացած չէ: Սեյլս-հաուսը կարող է նպաստել այս խնդիրների լուծմանը եւ խթանել ընկերությունների միջեւ առկա մրցակցությանը»,-ասել է Վահագն Նազարյանը:

 

IP marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի կարծիքով, ինտերնետային գովազդի վաճառքի ճիշտ կարգ սահմանելու եւ միջազգային չափանիշները կիրառելու դեպքում սեյլս-հաուսը դրական ազդեցություն կարող է ունենալ շուկայի վրա:

 

«Ինտերնյուս»-ի Media.am նախագծի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «Media International-ի կողմից հայկական կայքերում գովազդ վաճառելու հնարավոր ազդեցությունները գովազդային շուկայի վրա ավելի պարզ կլինեն, երբ հասկանանք ընկերության ազդեցությունը հեռուստագովազդի շուկայի վրա»:

 

«Պետք է հասկանալ նաեւ համակարգը, որով նրանք աշխատելու են:  Կարծում եմ, սեյլս-հաուսը հեռուստագովազդից բացի` իր հաճախորդներին պետք է գովազդ առաջարկի նաեւ կայքերում, ինչը դրական ազդեցություն կարող է ունենալ. ավելի էժան գովազդը կլինի կայքերում, ինչի հետեւանքով վերջիններիս գովազդատուները կավելանան, իսկ հեռուստաեթերը կմաքրվի գովազդի մեծ քանակից»,-ասել է Գեղամ Վարդանյանը:

 

Նա եւս կարեւորել է ինտերնետի վարկանշային չափումները. «Եթե գովազդը վաճառեն վարկանիշների հիման վրա` հատուկ չափումներ կատարելով, դա մեկ քայլ առաջ կտանի ոլորտը», - ասել է նա:

 

Խոսելով մենաշնորհի վտանգի մասին, Գեղամ Վարդանյանը նշել է. «Եթե մեծ խաղացող մուտք գործի դաշտ, կարող է շուկայի մի մասը գրավել, բայց չեմ կարծում,  թե մոնոպոլ դիրք կգրավի»:

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին