Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ասել է, որ լրատվամիջոցների հանդեպ հասարակության վստահության աստիճանը ցածր է, ինչի հիմնական պատճառը քաղաքական ազդեցությունն է ԶԼՄ-ների վրա:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Բորիս Նավասարդյանն ասել է` ներկայացնելով Երեւանի մամուլի ակումբի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ «Ինտերնյուս Նեթուորք»-ի իրականացրած «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն իրականացվել է 2013 թվականի ընթացքում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:
Այն ներառում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան»-ի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցում` ՀՀ մարզերի եւ մայրաքաղաքի 1403 տնային տնտեսություններում, Երեւանի մամուլի ակումբի կողմից իրականացրած հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները եւ փորձագիտական հարցում` Դելֆյան մեթոդի օգտագործմամբ:
Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «Հայաստանի մեդիա շուկան բավական հագեցած է, ինչը լուրջ եւ բացասական կերպով ազդում է մեդիա ոլորտի վրա»:
Խոսելով նոր մեդիայի դերի մասին` Բորիս Նավասարդյանը նշել է, որ դրա շնորհիվ հետաքրքրությունը հեռուստատեսությունից հեռանում է`գալով դեպի այլընտրանքային մեդիա. «սակայն սոցիալական ցանցերը հադես չեն գալիս որպես ինֆորմացիայի հիմնական աղբյուր եւ այս առումով պրոֆեսիոնալ լրատվամիջոցների դերը շարունակում է բարձր մնալ»:
Հետազոտությունն ու դրան մասնակից փորձագետները խոստումնալից ապագա չեն տեսնում տպագիր մամուլի համար, քանի որ հետաքրքրությունը թղթային տարբերակից անցում է կատարում դեպի համացանց:
Հետազոտության համաձայն, զարգացում է նկատվում գովազդային շուկայում, հատկապես` հեռուստագովազդի չափման ոլորտում, իսկ առցանց լրատվամիջոցների մոտ գովազդն այնքան էլ առաջընթաց չի ապրում: Ինչ վերաբերվում է մեդիայի զարգացման տեսլականին, ապա հետազոտության մասնակից փորձագետներն ապագայում անխուսափելի են համարում հոլդինգների ձեւավորումն եւ մեծ լրատվամիջոցների կողմից փոքրերի կլանումը:
Հետազոտության արդյունքում կատարված վերլուծության հիման վրա մշակվել են առաջարկների փաթեթ, որն, ըստ կազմակերպիչների, կարող է նպաստել hայաստանյան մեդիա ինդուստրիայի առջեւ կանգնած հիմնական խնդիրների լուծմանը:
















