exclusive
40001 դիտում

Արմեն Ամիրյան. «Չեմ հոգնում ու չեմ տրտնջում»

Արմեն Ամիրյանը
Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Փաստեր.

Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ինˋ Երեւանում:

1985-1991 թթ.  սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք:

1984-1985 թթ.-ին աշխատել է Հայկական ՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեումˋ որպես ռեժիսորի ասիստենտ:

1986-1988 թթˋ ծառայել է Խորհրդային բանակում:

1988-1995 թթ.ˋ Հայկական ԽՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեումˋ  հեռուստահաղորդավար:

1997-2015 թթ.ˋ «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն:

2010-2013 թթ. - Երեւանի Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա- եւ ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար:

2015-2016 թթ.ˋ  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

2016 թ. սեպտեմբերի 27-ից՝  ՀՀ մշակույթի նախարարն է:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

«Կամք եւ մեծ ցանկություն, ինչի դեպքում ամեն բան իր տեղը կընկնի»

-Պարոն Ամիրյան, տարիներ շարունակ աշխատել եք մշակույթի ոլորտում ու եղել հայ մշակույթի ներկայացնողը՝ որպես հաղորդավար: Ինչպե՞ս ընդունեցիք ոլորտի քաղաքականությունը մշակող կառույցի ղեկավար լինելու առաջարկը:

-Նման առաջարկ եղել է նախկինում, բայց միշտ նախընտրել եմ մնալ ինձ հարազատ հեռուստատեսությունում եւ ռադիոյում: Պարզապես, գալիս է մի տարիք, երբ կուտակած փորձը, գիտելիքները, կարողություններն ու կապերն ուզում ես ծառայեցնել ի շահ քո ժողովրդի ու պետության: Ուրախ եմ, որ գնահատեցին ինձ, հպարտˋ  նման բարձր գնահատականի համար:

-Մի բան է խնդիրները դրսիցˋ«օտար աչքով» տեսնելը, մի այլ բանˋ ներսում լինելն ու մանրամասն տեղեկանալն իրավիճակին: Ոլորտին ծանոթանալուց հետո ինչպե՞ս եք գնահատում Ձեր ուժերըˋ առկա խնդիրներին լուծումներ տալու համար:

-Միանգամայն ճիշտ եք: Ծանոթացումից հետո սկսում ես նորովի վերարժեքավորել ու վերագնահատել ուժերդ, որովհետեւ ներսից ամեն ինչ այլ կերպ է երեւում:

Իրականում խնդիրները շատ են ու տարբեր: Այնուամենայնիվ, դրսի պատկերացումներն օգնում են ներսում ճիշտ կողմնորոշվել: Անելիք, միանշանակ, շատ կա, բայց, ազնվորեն պետք է ասեմ, որ դրանք խնդիրներ չեն. դրանք բավական արագ եւ հեշտ լուծվող հարցեր են: Պարզապես պետք է կամք եւ մեծ ցանկություն, որոնց առկայության դեպքում ամեն բան իր տեղը կընկնի:

Կտրուկ փոխելու եմ առկա մոտեցումներն ու փորձելու եմ ժամանակակից մեթոդներով մշակույթը բերել դեպի ժողովուրդը:

«Ժողովրդի մեջ պետք է արթնացնել ազգային գենետիկան»

- Ի՞նչ բացեր էիք նկատել տարիների ընթացում, որի ուղղությամբ առաջնային աշխատանք պետք է կատարեք:

- Փորձեմ շատ ընդհանուր ձեւակերպելˋ այդ ընդհանուրի մեջ դնելով այն հիմնական կորիզը, որը վերաբերվում է բոլոր ոլորտներին. մեր ժողովրդի մեջ պետք է արթնացնել ազգային գենը: Հայ ժողովուրդը դառնում է տոկուն, ստեղծարար, պայքարող ու երկիր շենացնող այն դեպքում, երբ նրա մեջ արթնանում է ազգային գենը: Ազգասիրության, հայրենասիրության բարի ու կենարար հունդերի արթուն լինելու դեպքում է, որ հայը ստեղծում է աստվածային պատկերներ ու երազային  երկիր: Իմ ողջ առաքելությունն ուղղված է հայկական գենետիկ սերմերն արթնացնելուն, որոնք աշխարհ են գալիս ամեն հայի հետ:

Իմ պատկերացմամբ, հատկապես անկախության տարիներին, մենք մի քիչ շատ տարվեցինք օտարամոլությամբ: Բնական է, որ ամեն բան նոր էր ու, փակ վարագույրի հետեւում գտնվելով, ավելի ցանկալի: Թող տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ աշխարհի հետ համաչափ զարգացմանը, սակայն, չպետք է մոռանալ ազգային գույնն ու նկարագիրը, սեփական տեսակը: 

«Պաշտոնի կարիք երբեք չեմ ունեցել»

- Փողկապը, գրեթե միշտ, եղել է Ձեր ուղեկիցը, այնուամենայնիվ, նախարարական փողկապն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

-Ոչինչ, որովհետեւ ես չեմ եկել այստեղ նախարար աշխատելու, եկել եմ ծառայելու իմ հայրենիքին: Եթե պայմանականություններով խոսենք, անգամ իմ անձնական աթոռն եմ ինձ հետ բերել, որն արդեն տասը տարի էˋ ուղեկցում է ինձ: Նախարարական աթոռը  կամ փողկապը չէ, որ մարդուն ուժ ու կարողություն պետք է տան: Մարդը  պետք է սեփական ուժով ու կարողությամբ գա իր ժողովրդին, հայրենիքին ծառայության: Իրականում սա բավական ծանր եւ ժամանակատար ծառայություն է, որին պետք է պատրաստ լինել:

Արմեն Ամիրյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Արմեն Ամիրյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Ազնվորեն, ես պաշտոնի կարիք երբեք չեմ ունեցել: Ի բարեբախտություն ինձˋ միշտ վայելել եմ հայրենակիցներիս սերը, համակրանքն ու վստահությունը, ինչն այսօր հազարապատիկ պարտավորեցնում է ինձ եւ իրավունք չունեմ հուսախաբ անելու իմ ժողովրդին:

- Եղե՞լ է մի պահ, որ մտածեքˋ կհոգնեք այս աշխատանքից կամ Ձեր ուժերը  չեն բավականացնի դրա համար:

-Ազնվորեն ասածˋ նույնիսկ զարմանում եմ ինձ վրա, որ երբեք նման միտք չեմ ունենում: Չեմ հոգնում, չեմ տրտնջում եւ, հավատացեք, որ Աստվածային մի հզոր ուժ է իջել վրաս, որն առաջնորդում է ինձ:

Ուժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձեւակերպումները: Տարօրինակ զգացողություն է: Կարծում եմˋ սա եւս Աստվածային շնորհ է, Աստվածային առաջնորդություն:

«Ընտանիքը պետության փոքր մոդելն է»

-Արդեն առիթ ունեցել եք ասել, թե ինչ արեցիք նշանակման մասին լուրը լսելուց հետո, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում ու շատերի համար բավական ռոմանտիկ քայլ դիտվեց: Նման արձագանքն ինչպես ընդունեցիք:

-Իմ խորին համոզմամբˋ ընտանիքը պետության փոքր մոդելն է: Եթե մի երկրում ընտանիքը, ընտանեկան արժեքները մարդ-անհատի կյանքի, նպատակների ու աշխարհայացքի կենտրոնում չեն եւ մարդու աշխարհայացքը չի կառուցվում ընտանեկան երջանկության վրա, այդ պետությունը, ժողովուրդը որեւէ ապագա չունի: Կարծում եմˋ մեր գործունեության նպատակը հանրությանը կրթելն ու նրա հայացքը դեպի ամուր ու առողջ ընտանիք ուղղելն է, որի արդյունքում կունենանք ամուր եւ առողջ պետություն:

- Կպատմե՞ք Ձեր կնոջ հետ ծանոթության մասին:

- Կնոջս հետ ծանոթացել ենք 28 տարի առաջˋ ընտանեկան մի հավաքույթի ժամանակ, եւ փառք Աստծո, որ ծանոթացանք: Ես դա էլ եմ համարում Աստվածային առաջնորդություն, քանի որ արդյունքում ունեցանք լավ ընտանիք, սեր եւ ջերմություն: Արդեն 28 տարի էˋ ամուսիններ ենք եւ ունենք լավ զավակներ:
Արմեն Ամիրյանը՝ տիկնոջ հետ Արմեն Ամիրյանը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները:

-Տղաս  աշխատում է ԱՄՆ ապահովագրական ընկերություններից մեկում: Աղջիկս ամուսնացավ այս ամռանը, փեսայիս հետ միասին ուսումը շարունակում է Միացյալ Նահանգներում: Նա  նախապես ընտրել էր լրագրողի մասնագիտությունն ու Հայաստանում ավարտել բակալավրիատը, որոշել է մասնագիտական կտրուկ փոփոխության գնալ եւ այժմ պատրաստվում է բժշկություն ուսանել, իսկ փեսաս մասնագիտությամբ հաշվապահ է, սովորել է Լոնդոնում, այժմ ուսումը շարունակում է ԱՄՆ-ում:

Այս պահին միայն փոքր աղջիկս է մեզ մոտˋՀայաստանում, սովորում է դպրոցում, սիրում է պարել: Դեռ չգիտենքˋ ինչ մասնագիտություն կընտրի:

«Խորովածի տեսականի եմ շատ լավ պատրաստում»

-Ինչպե՞ս եք պլանավորում ընտանեկան ժամանցն ու հանգիստը:

-Շատ ենք սիրում հյուրեր ընդունել տանը, հյուրասիրություններ կազմակերպել, բայց, ցավոք, հիմա դրա ժամանակը չունեմ: Ինքս շատ սիրում եմ պատրաստել, հյուրասիրել:
Արմեն Ամիրյանը Արմեն Ամիրյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ի՞նչն է Ձեզ մոտ ամենից հաջող ստացվում պատրաստել:

-Ինչպես ցանկացած հայ տղամարդˋ խորովածի տեսականի եմ շատ լավ պատրաստում, բայց, այլ ուտեստներ եւս հաջող են ստացվում: Ի դեպ, խոհանոցը եւս համարում եմ մեր մշակույթի մի բաղկացուցիչը եւ կարծում, որ անուղղակի կերպով պետք է զբաղվենք նաեւ մեր խոհանոցովˋ օտար լեզուներով լավ գրքեր ու տեսահոլովակներ, հաղորդումներ ունենանք, որոնք կներկայացնեն մեր խոհանոցը:

- Ինչի՞ն էիք տրամադրում Ձեր ազատ ժամանակը նախքան նախարար դառնալը, եւ ինչի՞ն եք տրամադրում հիմա:

- Հանրային ռադիոյից դուրս գալուց հետո, երբ տեղափոխվեցի Հանրային հեռուստառադիոխորհուրդ, բավական ազատ ժամանակ ունեի, որը տրամադրում էի իմ անձնական կյանքին ու առողջությանը: Օրական նույնիսկ երկու անգամ հաճախում էի մարզասրահ ու հաճույք ստանում իմ առօրյայից: Հետո եղավ կառավարությունում աշխատելու առաջարկն ու դա շատ կարճ տեւեց:

Այսօր, փաստացի, ազատ ժամանակ գոյություն չունի: Իմ ողջ ժամանակը նվիրված է աշխատանքին. առավոտյան 8:30-ից մինչեւ կեսգիշեր, երբեմնˋավելի ուշ,  աշխատավայրում եմ: Դրսից թվում է, թե նախարար աշխատելը վայելք է: Կեսգիշերին մոտ, երբ  ընկերներս զանգահարում են ու, աշխատանքի բերումով,  չեմ կարողանում նրանց պատասխանել, կարծես վիրավորվում են:

Հանգստյան օրերը հիմնականում օգտագործում եմ մարզային այցելությունների համար, իսկ եթե կիրակի երեկոյան կարողանում եմ մեկ-երկու ժամ «փախցնել» ինձ համար, գնում եմ մարզասրահ, եւ փորձում ծանր շաբաթվա լարվածությունը թոթափել:
Արմեն Ամիրյանը եւ Արամոն՝ տիկնանց հետ Արմեն Ամիրյանը եւ Արամոն՝ տիկնանց հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ի՞նչ սպորտաձեւ եք նախընտրում:

-Շատ եմ սիրում բասկետբոլ խաղալ: Շուրջ տասը տարի պարապել եմ, բայց հիմա դրա համար թիմ ու ժամանակ է պետք:

«Հեռուստատեսությունը, իր արտադրանքով, իրեն դուրս մղեց իմ կյանքից»

- Հեռուստացույց դիտու՞մ եք:

-Հիմա ժամանակ չունեմ, իսկ մինչ նշանակումըˋ երբեմն: Ցավոք, պետք է ասեմ, որ հեռուստատեսությունը, իր արտադրանքով, ինքն իրեն դուրս մղեց իմ կյանքից եւ, թերեւս,  շատերի կյանքից: Հեռուստաարկղն այլեւս ինձ համար դադարեց հրաշք գործել ու հետաքրքիր լինել: Մեր հեռուստաընկերությունների պատասխանատուներն այսօր պետք է խորը հետեւություն անեն, թե ինչու է հեռուստադիտողը երես թեքում իրենցից:

Ցավով պետք է ասեմ, որ մշակույթի նախարարությունը որեւէ առնչություն չունի հեռուստատեսության հետ: Մեր հեռուստաընկերություններն այսօր առաջնորդվում են սխալ մոդելովˋ հանրությանն առաջարկելով իբր այն, ինչի պահանջարկը կա: Այնինչ, հեռուստատեսությունն իր առաջարկով պետք է ժողովրդի մեջ պահանջարկ ձեւավորի: Տնտեսագիտական մոդելով շարժվելու արդյունքում գործում ենք մշակութային, դեմոգրաֆիական ավեր,  խարխլում մեր պետության հիմքերն ու ընտանեկան արժեքները: Չգիտեմˋ երբ կկարգավորվի սա, չգիտեմˋ ինչ պետք է անել, բայց  մեր մասով անելիքը հետեւյալն է. 2017-ին պետք է փորձենք ազգային երգ-երաժշտության համերգների ու մրցույթ-փառատոնների պատվերներ իջեցնել մասնավոր հեռուստաընկերությունների համար, որպեսզի, գոնե, եթերային քաղաքականության մեջ եղած արտադրանքին հակակշիռ լինի:

Կարծում եմ, մոտ ապագայում, այդ հակակշռի շնորհիվ, կկարողանանք որոշակի հավասարակշռություն բերել հեռուստադաշտ։

- Ի՞նչ կասեք մեր զրույցի վերջում:

-Կցանկանայի խնդրել մեր հասարակությանը՝ այն սերն ու վստահությունը, որն այսօր ունեմ, մի քիչ երկար ժամանակով տրվի:

Արմեն Ամիրյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am