Վարդան Մինասյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում» - Mediamax.am

persona
12399 դիտում

Վարդան Մինասյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում»

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը`


Վարդան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Փաստեր

 

•    Վարդան Մինասյանը 44 տարեկան է: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

•    Ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից:

•    Երկար տարիներ հանդես է եկել Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի կազմում, Հայաստանի բազմակի չեմպիոն է:

•    2001թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

•    Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2010 թվականից:

•    Վարդանն ու նրա կինը` Գոհար Գեւորգյանը, համադասարանցիներ են եղել:

 

«Թումանյանի քառյակները ինձ շատ են օգնում

- Այս պահին Հայաստանի հավաքականը խաղեր չունի, եւ ենթադրում եմ, որ հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունես: Ինչպե՞ս ես այն անցկացնում:

 

- Արձակուրդային շրջանը ավելի շատ ֆուտբոլիստների համար է, իսկ մենք՝ մարզիչներս, աշխատում ենք: Մասնավորապես, հիմա կազմում ենք Փյունիկի նախապատրաստական ծրագիրն առաջիկա 4-5 ամիսների համար: Սակայն, իհարկե, պատասխանատվության առումով հիմա ինձ ավելի թեթեւ եմ զգում: Յուրաքանչյուր խաղ ինձ համար քննության պես մի բան է, իսկ քննությունից առաջ լարվում են բոլորը:

 

Հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Գիրք եմ կարդում, թատրոն եմ հաճախում, այսինքն՝ փորձում եմ անել այն ամենը, ինչը չեմ կարող անել լարված ժամանակաշրջանում: Իմ ամենասիրելի թատրոնը Երեւանի կամերային թատրոնն է, դիտել եմ նրանց խաղացանկի բոլոր ներկայացումները:

 

Փորձում եմ փոքր-ինչ «կտրվե» ֆուտբոլից. երբեմն դա շատ օգտակար է ու թույլ է տալիս գործին մոտենալ ավելի թարմ ուղեղով:

 

Լուսանկարը` Վարդան Մինասյանի անձնական արխիվից

 

- Ի՞նչ ես կարդում:

 

- Վերջերս կարդացի Պաուլո Կոելյոյի «11 րոպե» գիրքը: Թեեւ ավելի շատ արտասահմանյան գրականություն եմ կարդում, բայց իմ ամենասիրած գրողը Հովհաննես Թումանյանն է, որին ես պարզապես հանճար եմ համարում: Երբ էմոցիոնալ առումով լարված եմ լինում, ինձ այդ վիճակից հանում են Թումանյանի քառյակները: Դրանք ինձ շատ են օգնում` վերադարձնելով իրական կյանքին:

 

- Աշխատող տղամարդիկ սովորաբար ընտանիքին կարողանում են տրամադրել շաբաթ եւ կիրակի օրերը: Այդ օրերին ինչո՞վ ես զբաղվում` երեխաների հետ ես զբաղվում, շուկա՞ ես գնում:

 

- Ինձ մոտ այդ ավանդական շաբաթ-կիրակին չի լինում, սովորաբար ազատ օր եմ ունենում խաղի հաջորդ օրը: Ինչ վերաբերում է կենցաղային հոգսերին, ապա կինս` Գոհարը, ինձ ազատել է դրանցից, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ: Մի առիթով ասել եմ, որ ես թերեւս կնախընտրեմ օրվա ընթացքում 3 պարապմունք անցկացնել, քան որեւէ կենցաղային գործով զբաղվել (ժպտում է):

 

Երբ ինձ հարցում են, թե որն է իմ հոբբին, պատասխանում եմ, որ շատ եմ սիրում ժամանակ անցկացնել ընկերներիս հետ: Նրանց հետ ինձ շատ հետաքրքիր է:

 

- Երեխաներիդ դաստիարակության հարցում ինչի՞ վրա ես հատկապես մեծ ուշադրություն դարձնում:

 

- Տղաս` Վահեն, 15 տարեկան է: Կարծում եմ, տղայի դաստիարակության հարցում հայրը պետք է նախեւառաջ օրինակ ծառայի իր ապրելակերպով, քան այս կամ այն հստակ խորհուրդը տալով, չնայած խորհուրդները ևս կարևոր են:  Այսինքն, կարող ես նրան շատ բան չասել, բայց որդիդ նայելով քեզ, քո շփմանը մարդկանց հետ, քո պահվածքին տարբեր իրավիճակներում, կսովորի քեզանից:

 

Աղջիկս` Նանեն, 11 տարեկան է, նա իմ թուլությունն է: Հասկանում եմ, որ երեւի սխալ եմ վարվում, սակայն նրան երբեք որեւէ հարցում չեմ մերժել ու նրա վրա երբեք չեմ բարկացել: Կինս այդ առումով ավելի խիստ է: Միշտ ասում եմ, որ շատ շնորհակալ եմ Գոհարին, քանի որ տան առօրյան ու միջավայրը կազմակերպելն ու պահպանելը իրականում անչափ կարեւոր ու պատասխանատու գործ է:

 

- Որո՞նք են քո նախասիրությունները սննդի հարցում:

 

- Սննդի հարցում քմահաճ չեմ: Սիրում եմ տանը պատրաստած ուտեստներ:

 

- Հիմա «խաշի սեզոն» է: Խաշ կերե՞լ ես այս տարի:

 

- Այո, սեզոնի բացումն արել ենք (ժպտում է): Բայց խաշի մոլի երկրպագու չեմ` տարին 1-2 անգամ եմ ուտում:

 

Վարդան Մինասյանը կնոջ, դստեր եւ որդու հետ (Լուսանկարը` Mediamax)

 

- Ի՞նչ կասես խմիչքի մասին:

 

- Խմում եմ չափի սահմաններում: Այսպես ասեմ. ինձ համար ավելի կարեւոր է ընկերական միջավայրը, քան բուն խմելը:

 

- Սոցիալական ցանցերում դու չկաս: Ժամանա՞կ չունես, թե՞ ցանկություն:

 

- Ես դրա կարիքը չեմ զգում: Ինձ երբեմն ասում եմ, որ աշխատանքս այնպիսին է, որ պետք է հաճախ շփվեմ երկրպագուների  հետ: Սակայն ես լրագրողների հետ բավական հաճախ շփվում եմ մամուլի ասուլիսների եւ հարցազրույցների ընթացքում, եւ դուք միշտ կարող եք ուղղել ինձ այն հարցերը, որոնք հետաքրքրում են մարդկանց (ժպտում է):

 

Երջանկությունը մեր կողքին է

 

- Ի՞նչ է երջանկությունը:

- Հուսով եմ` ես դրա բանաձեւը գտել եմ: Մենք հաճախ ի վիճակի չենք լինում ընկալել, որ երջանիկ ենք: Երբեմն երջանկությունը մեր կողքին է, սակայն մենք այն չենք նկատում: Հաճախ մեզ թվում է, որ «լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք», սակայն իրականում այդպես չէ: Մի պատմություն հիշեցի. Ֆրանսիայի հավաքականը, որը նվաճել էր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները, բարեգործական նպատակով մեկնել էր աֆրիկյան մի երկիր, եւ թիմը մնում էր մի հյուրանոցում, որն անգամ 1 աստղանի չէր: Ու երբ թիմի ավագ Դիդյե Դեշամին հարցրել են,  թե ինչպե՞ս եք կարող մնալ նման պայմաններում, նա պատասխանել է, որ «երբեմն սա անհրաժեշտ է` գնահատելու համար այն, ինչ ունես»:

 

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ ու զբաղվում եմ սիրած գործով, որից հաճույք եմ ստանում:

 

- Կա՞ն բաներ, որոնցից վախենում ես:

 

- Ես իմ էությամբ աստվածավախ մարդ եմ: Այլ վախեր չունեմ:

 

- Սպորտն իր էությամբ խտացված էմոցիա է: Էմոցիոնալ առումով ինչպե՞ս ես վերապրում պարտություններն ու հաղթանակները:

 

- Թե հաղթանակը եւ թե պարտությունը պետք է հանգիստ տանել: Հաղթանակը չպետք է էյֆորիայի հասցնի, իսկ պարտությունը` հուսահատության: Հենց որ խաղն ավարտվեց, պետք է մտածել հաջորդ խաղի մասին, այլապես կկորցնես սթափ վերլուծություն կատարելու կարողությունը: Սա է պրոֆեսիոնալ վերաբերմունքը գործին, որը ենթադրում է, որ պետք է կյանքին ռեալ նայել: Ֆուտբոլում լինում է երեք արդյունք` հաղթանակ, պարտություն, ոչ-ոքի: Պարտություններից ոչ ոք ապահովագրված չէ:

 

Բնականաբար, էմոցիոնալ առումով միշտ ավելի դժվար ես վերապրում պարտությունը, քանզի պետք է քո մեջ ուժ գտնես ու թիմի հետ խոսես այնպես, որ չզգացվի, թե դու ընկճված ես:

 

 

- Լրագրողները հաճախ ասում են, որ դու չափից ավելի համեստ ես:

 

-  Ես որեւէ արհեստական ջանք չեմ գործադրում տպավորություն գործելու համար: Ես այն եմ, ինչ կամ:

- Կ՞ա մի բան, որի համար զղջում ես:

 

- Չարվածի կամ արվածի համար ափսոսալը համարում եմ ժամանակի կորուստ: Կարեւորը վերլուծություն անելն է, ինչը թույլ կտա հաջորդ անգամ նման իրավիճակում այլ կերպ վարվել: Եթե որևէ բան այլեւս փոխել չես կարող, դրա վրա կենտրոնանալն իմաստ չունի:

- Մարդն իր կյանքը ինչպե՞ս պետք է ապրի:

- Ամեն մարդ պետք է ունենա կյանքի իր սկզբունքները եւ փորձի դրանք երբեք չխախտել: Մինչեւ հիմա ես այդպես եմ ապրել, ու տա Աստված, որ մինչեւ վերջ կարողանամ իմ սկզբունքներին հավատարիմ մնալ:

 

- Ո՞րն է հաջողության հասնելու գլխավոր գրավականը` պրոֆեսիոնալիզմը, ոգին, հավատը սեփական ուժերին:

 

- Չի կարելի առանձնացնել մեկ գործոն, որը թույլ է տալիս հաջողության կամ հաղթանակի հասնել: Բոլոր գործոնների համադրությունն է կարեւոր: Այդուամենայնիվ, եթե խոսքը մեր ազգային հավաքականի մասին է, ապա ես առաջին տեղում դնում եմ տղաների հայրենասիրությունը:

 

Լուսանկարը` Վարդան Մինասյանի անձնական արխիվից

«Ֆուտբոլը սոցիալական երեւույթ է դարձել Հայաստանում

 

- Վերջին 3-4 ամիսների ընթացքում մեր հավաքականը մեր ազգին միավորեց այնպես, ինչպես դա չի հաջողվում որեւէ քաղաքական ուժի կամ մտավորականներին: Սա, կարծում եմ, անչափ ծանրացրեց քո ուսերին ընկած պատասխանատվության բեռը, քանի որ այժմ գիտես, որ քո գործին հետեւում են հարյուր հազարավոր մարդիկ:

 

- Իհարկե, պատասխանատվությունն ավելանում է: Վերջերս դիտեցի մեր ֆուտբոլասերների կողմից պատրաստված մի ֆիլմ, որը պատմում է վերջին 1.5 տարում հավաքականի անցած ճանապարհի մասին: Նայելով Հանրապետության հրապարակում մեր հաջողությունները տոնող մարդկանց՝ ես իսկապես հասկացա, թե ֆուտբոլը ինչպիսի սոցիալական երեւույթ է դարձել Հայաստանում: Մեր առօրյա կյանքում լավ բաներն այնքան էլ շատ չեն, ու նայելով այդ ֆիլմը, գիտակցեցի, որ մենք մեր աշխատանքով իսկապես կարողացել ենք շատ երջանիկ պահեր պարգեւել մեր ժողովրդին, ու դրա համար հպարտ եմ:

 

Ցանկացած հարց, որը կապված է ազգի հետ, պահանջում է շատ պատասխանատու վերաբերմունք: Եվ, իհարկե, ես գիտակցում եմ, որ բարձունքում մնալը շատ ավելի դժվար է, քան այնտեղ հասնելը:

 

- Ենթադրում եմ, որ լավ մարզիչը նախեւառաջ պետք է լավ հոգեբան լինի: Կարո՞ղ ենք ասել, որ հենց հոգեբանությունն օգնեց կոտրել այն կարծրատիպը, որ հայերն ավանդաբար ուժեղ չեն թիմային մարզաձեւերում:

 

- Ժամանակակից ֆուտբոլում մանրուքներ չկան: Արդեն ասացի, որ հաջողության կարելի է հասնել բոլոր գործոնների առկայության ու ճիշտ համադրության շնորհիվ: Այնուամենայնիվ, այո, հոգեբանությունն առաջին տեղում է: Երբ աշխատում ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, դու իրականում իրենց ասելու շատ բան չունես: Օրինակ, երբեմն եվրոպական ակումբներում մարզիչը ֆուտբոլիստին ասում է. դու այսօր խաղում ես այս դիրքում` ընդամենն այդքանը, մնացածը խաղացողն ինքը գիտի:

 

Շատ ավելի կարեւոր է «ներարկել» թիմին հավատը հաղթանակի հանդեպ, նույնիսկ այն դեպքում, եթե խաղում ենք չափազանց ուժեղ մրցակցի դեմ: Կարեւորն այդ հաղթական մտածելակերպն ունենալն է, իսկ մարդու ֆիզիկական հնարավորություններն անսահմանափակ են:

 

Շատ եմ կարեւորում նաեւ մարդկային փոխհարաբերությունները թիմում: Ինձ համար շատ կարեւոր է թիմում տիրող մթնոլորտը: Այդ մթնոլորտի կարեւորությունը սովորել եմ մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Իէն Պորտերֆիլդից: «Դուք կարող եք հաղթել»,- ասում էր նա մեզ:

 

- Հավաքականում հանդես են գալիս Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին, ում հետ դու երկար տարիներ խաղացել ես: Ինչպե՞ս ես կարողանում այնպես անել, որ հավասար վերաբերմունք դրսեւորես նրանց ու երիտասարդ խաղացողների նկատմամբ:

 

- Նախ, միշտ փորձում եմ պահել այն սահմանը, որը պետք է լինի մարզչի ու խաղացողների միջեւ` անկախ նրանց հետ մարդկային հարաբերություններից: Ինչ վերաբերում է Սարգիսին ու Ռոմանին, ապա ես շատ շնորհակալ եմ իրենց դրսեւորած ճիշտ մոտեցման համար: Երբեմն նայում եմ, թե ինչպես է մարզվում Սարգիս Հովսեփյանը, ու զարմանում, թե որտեղի՞ց է ինքն այդ տարիքում ստիմուլ գտնում: Սարգիսը եւ Ռոմանը իրենց պահում են մեծ պրոֆեսիոնալների նման, եւ այդ հարցում իմ բախտն իրոք շատ է բերել:

- Մարզական տարին մոտենում է ավարտին: Մի քանի օրից կկայանա մեր հավաքականի մեծարման երեկոն: Ի՞նչ կասես մեր ֆուտբոլասերներին, որոնք անհամբեր սպասելու են 2012թ. սեպտեմբերին, երբ հավաքականը կվերսկսի իր պաշտոնական խաղերը:

 

- Շատ կարեւոր է, որ մենք ճիշտ ընկալենք այն վերելքը, որն այսօր ունենք հայկական ֆուտբոլում: Մարդիկ սկսել են իսկապես սիրել ֆուտբոլը: Ու այսօր շատ երիտասարդներ շատ ավելի լավ են հասկանում իրենց ծնողների պատմածները այն ցնծության մասին, որ տիրում էր Հայաստանում  1970-ականներին` «Արարատի» հաջողությունների ժամանակ:

 

Այսօր Հայաստանում ֆուտբոլը դարձել է ազգային երեւույթ ու ազգային գաղափար: Այսօր մենք ունենք հավաքական, որի խաղացողները մտնում են դաշտ ու տալիս են իրենց ուժերի 100 տոկոսը: Երբեք չպետք է նրանցից երես թեքենք` անկախ խաղի արդյունքից: Թիմում այսօր խաղում են հայրենասերներ, եւ ես ուզում եմ, որ մենք միշտ երկրպագենք Հայաստանի ազգային հավաքականին` անկախ այն բանից, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղում, և ով է մարզիչը: Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը միշտ անելու է առավելագույնը: Ֆուտբոլը Հայաստանում մարդկանց մեջ հավատ է արթնացրել, ու ես հուսով եմ, որ այդ հավատը երկար կմնա:

Վարդան Մինասյանի հետ զրուցեց Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին