Հրայր Թովմասյան. “Չեմ հասկանում ֆուտբոլ չսիրող մարդկանց ” - Mediamax.am

persona
15773 դիտում

Հրայր Թովմասյան. “Չեմ հասկանում ֆուտբոլ չսիրող մարդկանց ”

Հրայր Թովմասյանը կնոջ հետ
Հրայր Թովմասյանը կնոջ հետ

Լուսանկարը` Հրայր Թովմասյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Փաստեր`

 

•    Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին, Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

•    Հրայր Թովմասյանն ու կինը համակուրսեցիներ են` ամուսնացել են երրորդ կուրսում:

 

•    2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

•    2001 թ.ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։

 

•    2001-2010 թթ. աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում` որպես իրավաբան։

 

•    2010թ-ից մինչեւ այսօր` ՀՀ արդարադատության նախարարն է:

- Պարոն նախարար, Դուք այն սակավաթիվ հայ պաշտոնյաներից եք, ովքեր ազատ են շփումների մեջ եւ անմիջական: Ձեզ հաճախ կարելի է տեսնել քաղաքի փողոցներից որեւէ մեկով հանգիստ քայլելիս: Դա այնքան էլ զարմանալի չէր լինի, եթե մենք ապրեինք Բելգիայում կամ Լյուքսեմբուրգում, սակայն մեր իրականության մեջ պաշտոնատար անձանց մեծամասնությունը շրջում է շքեղ մեքենաներով եւ քայլում թիկնապահների ուղեկցությամբ:

 

- Պաշտոնի հանդեպ վերաբերմունքի հարց է: Եթե մենք որեւէ մասնագետի հրավիրում ենք մեր տուն որեւէ վճարովի ծառայություն մատուցելու (սանհանգույցը կարգի բերել, էլեկտրական սարքերը նորոգել եւ այլն), ապա նա ներկայանալով՝ իրեն չի պահում որպես մի անձ, ում պարտավոր ենք մեծարել կամ զգուշանալ: Նմանապես եւ պետական պաշտոնյանի դեպքում. նախարարին, մյուս պաշտոնյաներին հանրությունը վճարում է իր գրպանից այս կամ այն խնդիրը կարգի բերելու համար, եւ անձամբ ինձ համար դժվար ըմբռնելի է պաշտոնի կարեւորությունից պաշտոնյայի վարքի,  իմիջի անհարկի  ձեւախեղումը:

 

Երկրորդ, պաշտոնը ինքնանպատակ չէ: Պաշտոնն ինձ համար միջոց է Հայաստանում առկա ինձ վերապահված ոլորտի խնդիրները  լուծելու համար: Սակայն դա միակ միջոցը չէ, միգուցե` ամենաարդյունավետ միջոցն է:

 

Բելգիայում եւ Լուքսեմբուրգում էլ մի օրում չեն պաշտոնյանները սկսել փողոցում  հանգիստ քայլել: Պարզապես սիրում եմ քայլել եւ չեմ անում ոչինչ, որի համար  կվախենամ փողոցում քայլել:

 

Հրայր Թովմասյանն ընտանիքի հետ (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

- Ո՞րն է երջանկության Ձեր բանաձեւը: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանեկան ժամանցը: Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ: 

 

Ես ու կինս համակուրսեցիներ ենք եղել, ու ամուսնացել ենք, երբ երրորդ կուրսում էինք: Այսինքն` ուսումնառությունս, բացի գիտելիքներից, ինձ նաեւ լավ կին է տվել:

 

Կարծում եմ, երջանկությանս բանաձեւը պարզ է. ապրել  խղճի  հետ խաղաղությամբ եւ  չանել որեւէ բան, որի մասին չէիր ցանկանա, որ ուրիշները իմանային:

 

Անկեղծ ասած՝ ընտանեկան ժամանցը կազմակերպելու ժամանակ գրեթե չի  մնում: Բայց,  պիտի խոստովանեմ, որ անգամ մինչեւ նախարար լինելն էլ դրա մեծ վարպետ չեմ եղել:

 

Սիրում եմ հայկական ժողովրդական պարերը`արմատներով սասունցի եմ

 

- Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը: Ի՞նչ նախասիրություններ ունեք եւ ի՞նչն է Ձեզ հատկապես դուր գալիս մարդկանց մեջ:

 

- Վերջին ժամանակներս երեւի նշանաբան է դարձել խղճի հետ հաշտ ապրելը: Ցանկացած մարդ անում է կամ առնվազն մտածում է բաներ, որոնք միայն իրեն են հայտնի: Բայց յուրաքանչյուր ոք ունի խիղճ եւ առաջին հերթին նրան է հաշվետու իր արած չարածի, մտածած-չմտացածի  համար:

 

Նախասիրություններս այնքան էլ շատ չեն` ֆուտբոլ, փոքր թենիս, շախմատ: Մեկ էլ հայկական ժողովրդական պարեր, որը իմ մեջ գենետիկ է` արմատներով սասունցի եմ:

 

Նախարարը եւ կառավարության անդամները ֆուտբոլային խաղից հետո  (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

 

- Ի՞նչ տեղ ունեն Ձեր կյանքում ընկերները: Ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում նրանց եւ ինչպիսի՞ միջավայրում եք նախընտրում անցկացնել Ձեր ժամանակը:  

 

- Եթե չունեք քույր ու եղբայր, կարող եք նեղանալ ձեր ծնողներից, եթե չունեք ծնողներ, կարող եք խռովել ճակատագրից,  եթե հասուն մարդ եք եւ դեռ չեք գտել կողակից, կարող եք մի քիչ  բախտից գանգատվել, բայց եթե չունեք ընկեր, մեղադրել կարող եք միայն ձեզ: Անհամեստ չթվա, բայց ընկերների առումով ինքս ինձ մեղադրելու առիթ չունեմ: Իմ ամեն օրը թերի կլիներ, եթե չլիներ իմ ընկերների մշտական ներկայությունը:

 

Ճիշտ է, նոր աշխատանքս, խիստ զբաղվածությամբ, փոքր-ինչ նվազեցրել է մեր հանդիպումների եւ փոքր կենտրոնում միասին զբոսնելու հաճախականությունը, բայց ոչ մի կերպ չի պակասել ընկերներիս բնորոշ ուշադրությունն ու նվիրվածությունը:

 

Անկեղծ ասած` չեմ հասկանում  ֆուտբոլ  չսիրող մարդկանց: Միակ դեպքն է, որ կնոջս  էլ  չեմ հասկանում

 

Հայաստանի Ազգային հավաքականի խաղը դիտելիս  (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

 

- Ասացիք, որ  ֆուտբոլի սիրահար եք, գիտենք, որ հետեւում եք մեր ազգային հավաքականի հանդիպումներին: Իսկ ֆուտբոլային այլ հանդիպումների կամ ակումբային մրցապայքարին հետեւո՞ւմ եք: Կնշե՞ք Ձեր սիրելի ակումբը, ֆուտբոլիստին եւ մարզչին:

 

- Ազգին համախմբելու գործիքներից մեկը սպորտն է: Տեսնել է պետք, թե մայրաքաղաքի փողոցներում մարդիկ ինչպես են փոխվում մեր թիմի հաղթանակի դեպքում: Սպորտն օգնում է “մենք”-ի զգացողության վերականգնմանը, որը զգալիորեն խախտված է մեր հանրության մոտ: Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լուրջ հաջողություններ ունենա Եվրոպայի, առավել եւս աշխարհի առաջնություններում, ապա դա կխթանի ազգային գիտակցության վերելքը այստեղ, Հայաստանում, եւ որ շատ կարեւոր է, նաեւ Սփյուռքում: Բայց ասեմ, միայն սպորտը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: 

 

Ազգային  հավաքականի  խաղերին հետեւելը այլ  զգացողություն է առաջացնում: Հոգիդ տակնուվրա է լինում, կարծես աշխարհում այդ խաղից  բացի ուրիշ բան չկա:

 

Սիրածս  ակումբը Մադրիդի Ռեալն է, թեպետ տղայիս  սիրած ակումբը Բարսելոնան է:  Սիրածս  ֆուտբոլիստը երեւի Զիդանն է, գործողներից`Մեսսին, Ռոբենը, Կական, Ռոնալդուն: Մարզիչները մի  քանիսն են` եւ Մորինյոին եմ հավանում, եւ Գվարդիոլային,  եւ Ֆերգյունսոնին,  եւ Իոախիմ Լյովին, եւ Վարդան Մինասյանին: Նրանք բավականին տարբեր են, բայց յուրաքանչյուրը իր ձեռագիր ունեն, նրանք  ֆուտբոլի նորաձեւության  առաջամարտիկներն են:

 

Պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում գրեթե չէի քնում

 

Նախարարն աշխատանքային հանդիպման ժամանակ (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

 

- Այս հանդիպմանը նախապատրաստվելիս աչքի էի անցկացնում Ձեր հարցազրույցները: Արդարադատության բնագավառում խնդիրները չափազանց շատ են. Ձեզ են ուղղվում հարցեր դատական համակարգի կոռումպացվածության, նոտարական գրասենյակների եւ քրեակատարողական հիմնարկների խնդիրների, ազատ եւ արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Ձեր ամենօրյա գործունեության մեջ եւ ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

 

- Դժվարությունը, բնականաբար,  Ձեր կողմից  նշված խնդիրների հաղթահարումն է:

Պաշտոնավարման առաջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե չէի քնում: Պառկում էի, աչքերս  փակում, սակայն ուղեղս  չէր անջատվում: Պատասխանատվության հետ միասին ինչ-որ առումով ճնշում էր նաեւ մարդկանց  սպասելիքները, եւ ցանկություն կար  ամեն ինչ անել, եւ անել միանգամից:

 

Բայց մի  լավ ընկերոջ՝ մասնագետի խորհուրդ կարծես թե ինձ հանեց այդ վիճակից: Խորհուրդները հին չինական էին`«դանդաղ շտապիր» եւ «անհանգստացիր հերթականությամբ»:  

 

Ասեմ նաեւ, որ ոչ միշտ է,  որ  իշխանության մեջ չլինելով` կարող ես խնդիրների ողջ  սպեկտրը պատկերացնել, անշուշտ, կա նաեւ առավելություն, երբ խնդիրները տեսնում ես նաեւ դրսից:  Հաճախ խնդիրները լինում են բազմաշերտ, որոնց պատճառները իրենց  արմատներով հազարամյա պատմություն ունեն եւ մեկ  կամ երկու օրում, անգամ տարում, հնարավոր չէ լուծել: Քավ լիցի, արդարանալու համար  չեմ ասում, սակայն  մտածողությունը, իներցիան, “մենք”-ի  գիտակցության, պետականության թյուր ընկալումը երբեմն շատ են դժվարացնում այդ խնդիրների լուծումը:

 

Հաղթահարելու համար մի քանի նախադրյալներ կան. սիրել հայրենիքը, հասկանալ, որ այն քեզնից է սկսվում, պատասխանատվություն զգալ սերունդների առջեւ, հավատալ     քայլերիդ արդյունավետությանը եւ ունենալ համախոհների թիմ: Սրանց առկայության պարագայում, կարծում եմ, ցանկացած դժվարություն ուշ թե շուտ հաղթահարվելու է:

 

Հրայր Թովմասյանը որդու հետ (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեզ ուղղված քննադատությանը, որը կարող է  լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ  հիմնված լինել բամբասանքների եւ զրպարտությունների վրա:

 

- Մի տխուր կարծրատիպ է ձեւավորվել մեզանում. եթե նախարար ես կամ որեւէ այլ պաշտոն ունես, արդեն իսկ, մեղմ ասած, անմեղ չես: Դա ինձ հիշեցնում է Ստեփան Զորյանի «Պատերազմի» հերոս Մաճկալանց Դավթին, ով ձեռնափայտի մի հարվածով սպանում է խեղճ գյուղապետին, այդկերպ արտահայտելով ու պարպելով համաշխարհային պատերազմում կրած իր  ցավն ու բողոքը: Անշուշտ, այդ կարծրատիպի  ձեւավորմանը նպաստել են որոշ  ղեկավար-պաշտոնյաներ, եւ երբեմն քննադատության թիրախ կարող ես դառնալ միայն նախարարի պաշտոնում լինելու «մեղքի»  համար:

 

Ես անձնական ու գաղափարական ընդգծված հակառակորդներ չեմ ունեցել, սակայն նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո զգացի, որ քաղաքական, թիմային շահերը շատերին ստիպում են մոռանալ երբեմնի մտերմությունը եւ հրապարակային ու անիմաստ տեղը քննադատել: Նույնիսկ մարդիկ, ում հետ ժամանակին, ինչպես ասում են, աղ ու հաց ես կիսել: Բայց դե կյանք է, հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի:

 

- Մի անգամ ասել եք, որ “նոր մտածողություն, արժեքներ ունեցող մարդկանց կարիք ունենք”: Ինչպիսի՞ն են այդ մարդիկ, եւ ինչ նախապայմաններ են անհրաժեշտ այդ “նոր մտածողության” համար:

- Ալբերտ Էյնշտեյնն այսպիսի միտք ունի՝ «Բարդ խնդիրները, որոնց մենք բախվում ենք, չեն կարող լուծվել մտածողության այն նույն մակարդակում, որում մենք գտնվել ենք դրանց առաջացման պահին»: Իմ պատկերացրած նոր մտածողություն ունեցող մարդիկ նրանք են, ովքեր գտնվում են մտածողության այն մյուս մակարդակում: Բայց, քանի որ այդ նոր մակարդակը դեռեւս բավականին հեռու է, ապա բավարարվում եմ նրանց որոնումով, ովքեր գոնե գիտակցում են նոր մտածողության անհրաժեշտությունը:  

 

Ձմեռ պապով կամ մեկ մարդով կատարյալ հասարակություն ունենալ հնարավոր չէ

 

Հրայր Թովմասյանի զավակները (Հրայր Թովմասյանի անձնական արխիվից)

 

- Մեր հարցազրույցը կհրապարակվի Ամանորի նախաշեմին: Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

 

- Տարեմուտին ընդունված է միմյանց մաղթել հաջողություն, լիակատար առողջություն, բարեկեցիկ կյանք` թերեւս քաջ գիտակցելով, որ այդ ամենը մի օրում, միանգամից չի կարող իրագործվել: Հիշում եմ, մտավորականներից մեկը մի անգամ տարեմուտին Ձմեռ պապից  խնդրել էր «գալ ու մեր կյանքի վատ կողմերը սրբել, տանել»: Մենք պիտի հասկանանք, որ ոչ Ձմեռ պապով կամ մեկ մարդով եւ ոչ էլ մեկ հրամանով կամ խնդրանքով լիարժեք կարգավորված պետություն կամ կատարյալ հասարակություն ունենալ հնարավոր չէ: Լավ երկիր ունենալու համար  հստակ ու նպատակային քայլեր են պետք: Կցանկանայի, որ Նոր տարին մեր ժողովրդին ահա այս գիտակցումը եւ իմաստնությունը բերեր:

Հրայր Թովմասյանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին