Վահան Հովհաննիսյան. «Իմ սարկազմը ագրեսիայից խուսափելու լավագույն ձեւն է» - Mediamax.am

persona
16082 դիտում

Վահան Հովհաննիսյան. «Իմ սարկազմը ագրեսիայից խուսափելու լավագույն ձեւն է»

Վ. Հովհաննիսյանի անձնական արխիվից
Վ. Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


Փաստեր

 

•    Ծնվել է 1956 թ. Երեւանում, ամուսնացած է, ունի 2 երեխա եւ 1 թոռ:

 

•    ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավարն է:

 

•    1978 թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան եւ հնագետ է:

 

•    1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

 

•    1995-1998 թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

 

•    2003-2008թթ. Եղել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:

 

- Ձեր հայրն ու նախապապը եղել են հայտնի դաշնակցականներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարո՞ղ ենք ասել, որ Ձեր ճակատագիրը կանխորոշված էր:

 

- Ոչ, այդպես չի կարելի ասել: Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ ժողովուրդը որոշեց, որ բարձր ատյաններ դիմելու միջոցով կարող է հասնել պատմական արդարության: Ես հասկանում էի, որ դա հարցի լուծում չէ, եւ սկսեցի միջոցներ փնտրել անխուսափելին`այսինքն` պատերազմը, դիմավորելու համար: Այդ որոնումների մեջ հանդիպեցի մի կուսակցության, որը կազմակերպչական առումով ավելի լավ էր պատրաստ այն իրողություններին, որոնք սպասում էին մեզ, եւ ինչն այն ժամանակ շատերի կողմից չէր գիտակցվում: Իսկ ցեղական գաղափարական ժառանգությունը պարզապես օգնեց գտնելու Հայրենիքին ծառայելու ճշգրիտ ճանապարհը` ՀՅԴ միջոցով:

 

Ետդարձի ճանապարհ այլեւս չկա

 

- Այսինքն, եթե չլիներ շարժումն ու պատերազմը, Դուք հիմա զբաղվելու էիք գիտությամբ:

 

- Այո, իհարկե: Ես այժմ էլ կցանկանայի զբաղվել գիտությամբ, սակայն արդեն հնարավոր չէ: Երբ քաղաքական կյանքի մեջ ես, ետդարձը շատ դժվար է: Բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա: Եթե չլիներ պատերազմը, իմ մասնակցությունը քաղաքականությանը, հավանաբար, այլ ձեւ կստանար: Փաստ է, որ Խորհրդային Միությունն այն ժամանակ կանգնած էր լուրջ փոփոխությունների շեմին: Պատերազմը դրդեց քաղաքականությամբ զբաղվել նույնիսկ նրանց, ովքեր նման ցանկություն չունեին: Ես երբեք չեմ երազել լինել ինչ-որ կուսակցության անդամ, բայց եթե լինել` ապա միայն ՀՅԴ-ի անդամ:

- Առաջին հերթին ի՞նչ պետք է հասկանալ «դաշնակցական» ասելով` կուսակցություն, պատմություն, գուցե՞ արժեհամակարգ:

 

- Այն հիմնականում մարդկային տեսակ է: Սա չի նշանակում, որ մարդկանց այդ տեսակը կենտրոնացված է միայն Դաշնակցությունում, կամ բոլոր այն մարդիկ, ովքեր մեր կուսակցության մեջ են, պատկանում են այդ տեսակին: Բայց մեր կուսակցությունը չի ձեւավորվել կամ համախմբվել առաջնորդների կամ փողի շուրջ, դա բացառվում է, ոչ էլ միմիայն ծրագրերի շուրջ` այլ նաեւ օրինակելի քաղաքացու մասին մեր պատկերացումների շուրջ:

 

Բանտից հետո դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ

 

- Դուք 3 տարի անցկացրել եք կալանքի տակ: Ի՞նչ քաղեցիք այդ փորձից:

 

- Դարձա շատ ավելի հանդուրժող մարդկանց թուլությունների նկատմամբ: Դա ինձ իմաստություն տվեց: Եվ փոքր մանրուքներ, օրինակ` թողեցի ծխելը, սովորեցի անգլերեն: Բայց, իհարկե, վնասն ավելի մեծ էր: Կար մի նպատակ` միասնական, անկախ եւ ազատ Հայաստան տեսնել, եւ այդ պատճառով մեզ համար չկային հստակ սահմաններ Ղարաբաղյան պայքարի  եւ բանտում պայքարելու միջեւ: Մեկը կարելի է համարել մյուսի շարունակությունը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե երկրորդը տեղի չունենար, եւ կարող էր տեղի չունենալ, բայց, հոգ չէ, ամեն ինչ էլ պատահում է: Դրանից ողբերգություն չեմ սարքում:

 

- Ի՞նչ տեղ է գրավում ազգային գաղափարը Ձեր պատկերացումների մեջ:

 

- Ամեն ինչ շատ պարզ է: Բոլոր այն տեսությունները, որոնց համաձայն մարդկությունը կմիավորվի մեկ ընդհանուր ընտանիքում` բաց շագանակագույն մաշկով, գանգուր մազերով, թեթեւակի շեղ աչքերով եւ անգլիալեզու, հիմարություն են եւ ամբողջությամբ անիրատեսական: Մարդկությունը, եւ ոչ միայն մարդկությունը, այլ ցանկացած օրգանիզմ գոյատեւում եւ զարգանում  է հիմնվելով ներքին  հակասությունների վրա (այս մասին Հեգելն է ասել, ոչ թե ես): Մարդկությունն էլ  կարող է գոյատեւել եւ զարգանալ, միայն երբ ունի ներքին հակասություն, այդ հակասությունը ազգերի միջև ընթացող մրցակցությունն է: Ֆրանսիացի փիլիսոփաների խոսքերով, ազգերը Աստծո մտքերն են: Մարդկությունը ազգերից դուրս, ուղղակի որպես մարդկանց համախմբություն, չի կարող գոյություն ունենալ: Ազգերը միշտ են լինելու: Որոշ ազգեր այլեւս գոյություն չունեն, ինչը ազգերի միջեւ ընթացող շարունակական պայքարի եւ մրցակցության հետեւանքն է: Ես ցանկանում եմ, որ իմ ազգը այս մրցակցության մեջ հաղթող դուրս գա եւ շարունակի զարգանալ, եւ միշտ կազմի մարդկության մի մասը: Այդ նպատակի համար ոչինչ ափսոսել պետք չէ:

 

- Այսօր մենք ունենք գաղափարների եւ գաղափարախոսությունների բավականին լուրջ ճգնաժամ: Ինչո՞վ կարելի է լրացնել այդ վակուումը:

 

- Ներկա պահին այն կարելի է լրացնել միային արդարությամբ: Գաղափարների պակաս իսկապես կա: Հայկական միտքը փիլիսոփայական թռիչքներ չի ապահովում, մնում է բացը լրացնել պարզ եւ տարրական ձեւով ` արդարություն հաստատելով:

- Բայց արդարությունն էլ բավականին հարաբերական կատեգորիա է:

 

- Այո, իհարկե, արդարությունը սուբյեկտիվ երեւույթ է, որովհետեւ նույն հասարակության տարբեր անդամներ կարող են այն տարբեր կերպ ընկալել: Որպեսզի այդ ընկալման տարբերությունը չլինի, մարդկությունը հորինել է արդարության միասնական չափանիշ` օրենք: Օրենքը կարող է լինել վատը, բայց եթե այն գործում է բոլորի համար եւ նույնն է բոլորի համար, ապա սկսում է երեւալ խորը արդարությունը: Dura lex, sed lex - օրենքը խիստ է, բայց դա է օրենքը: Իսկ օրենքն ունի մեկ առանձնահատկություն` այն կամ նույնն է բոլորի համար, կամ չի աշխատում: Հայաստանում մենք պետք է հասնենք նրան, որ օրենքը  լինի պարտադիր բոլորի համար:

 

Իշխանությունն անխուսափելիորեն այլասերում է

 

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում «իշխանություն» կատեգորիային:

 

- Թերահավատությամբ: Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաժողովրդավարականը, ձգտում է դուրս գալ հասարակության հսկողությունից, եւ դա բնական է: Հասարակությունը միշտ փորձում է գտնել վերահսկման մեխանիզմներ` ստեղծելով կուսակցություններ, հասարակական շարժումներ, ընտրելով խորհրդարան եւ այլ հակակշիռներ, որպեսզի գործադիր իշխանությանն իր «բռի մեջ» պահի: Գործադիր իշխանությունը, ժողովրդավարության մասին իր պատկերացումների եւ իր առաջնորդների ինտելեկտի սահմաններում, միշտ ձգտում է դուրս գալ այդ հսկողությունից:

 

Մեդիամաքս

 

Վերցնենք Հայաստանի օրինակը. մեզ մոտ չկա հասարակական վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ: Մեզ մոտ ոչ թե խորհրդարանն է նշանակում գործադիր իշխանություններին, այլ հակառակը` գործադիրն է որոշում թե ով պիտի ներկայացնի ժողովրդին խորհրդարանում: Այդ իսկ պատճառով, իմ վերաբերմունքը իշխանությանը սկեպտիկ է: Բայց ես ընդհանրապես չեմ հավատում, որ իշխանությունը կարող է շատ լավը լինել: Նա կարող է լինել տանելի, հանդուրժելի, բայց դժվար թե լավ:

 

- Անգլիացի փիլիսոփա Ջոն Ակտոնը մի առիթով ասել է` իշխանությունն այլասերում  է, բացարձակ իշխանությունը` բացարձակ այլասերում է: Համամի՞տ եք այս մտքի հետ:

 

- Այո, դա անխուսափելի է: Սա հենց նրա հետեւանքն է, ինչի մասին ասում էի:

 

Ավելին, առանձին վերցրած պաշտոնյան, առանձին նախարարը, առանձին ինչ-որ վարչության պետը կամ վարչապետը` միանգամայն նորմալ եւ ադեկվատ մարդիկ են, որոնք ամենեւին չեն ձգտում բռնապետության: Սակայն, դրան միշտ ձգտում է  բյուրոկրատական ապարատը: Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ կարելի  է մտնել, միայն ունենալով հստակ ձեւավորված վերջնական նպատակներ: Հակառակ դեպքում, հոսանքն անկախ քեզնից կտանի: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են, որ իրենց երեխաները ստանան լավ կրթություն, բայց քաղաքականության մեջ կարեւորն այն է, թե ինչ առաջնահերթություններ ես դնում քո առջեւ: Եւ, եթե դու չես դավաճանում քո առաջնահերթություններին եւ չափից դուրս ճկունություն չես դրսեւորում, ապա ողնաշարդ էլ ամբողջությամբ չի ծռվում, ինչպես լակեյի մոտ: 

- Խոսենք Ձեր նախասիրությունների մասին: Ճի՞շտ է, որ Դուք էլ եք ռոք երաժշտության երկրպագու:

 

- Այո, այդպես է: Չնայած ռոքի վերջին ճյուղավորումները, խառնված փոփ եւ ռեփ երաժշտության հետ, ինձ այնքան էլ հասկանալի չեն: Բայց դասական ռոք, օրինակ` Deep Purple, Led Zeppelin, Jethro Tull կամ ավելի հներից` Rolling Stones, ես սիրում եմ: Ժամանակակից կատարողներից նախընտրում եմ Բրայն Ադամսի եւ էլթոն Ջոնի ռոք-բալլադները:

 

- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:

 

- Եթե թոռնիկս տանն է լինում, ապա նրա հետ եմ խաղում: Իմ երեխաները արդեն մեծ են, իրենց մասնագիտություններն այնպիսին են, որ ընդհանուր թեմաները քիչ են: Հիմնականում, ազատ ժամանակ ուղակի կարդում եմ:

 

- Ինչ գրականություն եք գերադասում` գեղարվեստական, թե՞ մասնագիտական:

 

- Սովորաբար միաժամանակ մոտ 3 գիրք եմ կարդում: Մեկը` լրիվ հիմարություն, ինչ-որ դետեկտիվ`կրակոցներով եւ սպանություններով, ուղղակի որպեսզի ձանձրույթից շուտ քնեմ: Երկրորդը` մասնագիտական, բայց արդեն ոչ միայն հնագիտություն, այլ մշակութաբանություն, մարդաբանություն կամ ազգագրություն: Եւ, վերջապես, գրագետ քաղաքական գիրք: Վերջերս վարչապետը ինձ նվիրեց Սեմյուել Հանթինգտոնի աշխատանքներից մեկը:

 

Էջանիշներ չեմ սիրում, այնպես որ, եթե մի բան սկսում եմ կարդալ, գերադասում եմ շատ շուտ ավարտել այն, մի գիշերվա ընթացքում:

 

Թերեւս, կընդունեի անմահության առաջարկը` իմ նախապայմաններով

 

- Մի քանի հարց էլ իմ լավ բարեկամ Մարսել Պրուստից: Ո՞րն է Ձեր գլխավոր հատկանիշը:

 

- Սեփական պատասխանատվության չափազանցված զգացում: Որպես արդյունք` արագ նյարդայնանալը:

 

- Ձեզ բնորոշ հայտնի սարկազմը նույն օպերայից է՞: 

 

- Սարկազմը լավագույն ձեւն է ագրեսիայից խուսափելու: 

- Մոլորությունը, որ գոյություն ունի Ձեր մասին:

 

- Այն արդեն հաղթահարված է:

 

- Ինչպե՞ս կնկարագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

 

- Սկեպտիկ, վատատես եւ լավատես: Հաջորդականությունը պարբերաբար փոփոխվում է:

- Ձեր սիրած պատմական դեմքը:

 

- Շարլ դը Գոլը:

 

Վահան Հովհաննիսյանը եւ հայտնի լեհ լրագրող ու հասարակական գործիչ Ադամ Միխնիկը:

Վ. Հովհաննիսյանի անձնական արխիվից

 

- Եթե Ձեզ առաջարկվեր անմահություն առանց որեւէ նախապայմանի, կընդունեի՞ք:

 

- Այդպիսի գործարքները, որպես կանոն, անգին չեն լինում: Դա կախված է գնից: Բայց ես հակված կլինեի ընդունել այն: Մյուս կողմից, անվերջ կյանքը նշանակում է արդյո՞ք անվերջ երիտասարդություն է: Հիշեք, Սվիֆթի մոտ նկարագրված է մի կղզի, որտեղ մարդիկ անմահ էին, սակայն թորշնում էին մինչեւ 90 տարեկան, եւ այդպես ապրում էին դարերով: Եթե այդպես, ապա, ոչ, շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, եթե առաջարկը լիներ առանց նախապայմանի, կարծում եմ, կընդունեի, բայց այդ դեպքում հնարավոր է, որ նախապայմաններ կլինեին իմ կողմից:

 

- Եթե տեսնեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:

 

- Կասեի, որ ոչ շատ արագ եւ ոչ հեշտությամբ, սակայն հավատացի եւ հավատում եմ նրա գոյությանը եւ այն բանին, որ աշխարհը ստեղծվել է իր կողմից: Անգամ իմ մասնագիտությունը, որը, կարծես թե, պիտի շեղեր ինձ այդ հավատքից, շատ հստակ հաստատում է իր գոյությունը:

 

Վահան Հովհաննիսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին