persona
128254 դիտում

Վլադիմիր Հակոբյան. Իմ բոլոր երազանքները կատարվել են

Վլադիմիր Հակոբյանը
Վլադիմիր Հակոբյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից:


ՓԱՍՏԵՐ

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 7-ին Բաքվում:
1986-ին դարձել է աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն:
1989-ին` աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն:
1991-ին` աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն:
1991-ին ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում:
1992-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը:
1995-ին «Երեւան» ակումբի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:
1999-ին` ՖԻԴԵ-ի նոկաուտ համակարգով աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
 2008, 2010  եւ 2012 թվերին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է շախմատի օլիմպիական չեմպիոն:
2011թ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող:
Ամուսնացած է, ունի երեք որդի:

Ամեն ինչ սկսվեց նրանից,  երբ…

- Պարոն Հակոբյան, մի առիթով ասել եք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 5 տարեկանում Ձեր հայրը Ձեզ շախմատ խաղալ սովորեցրեց: Որո՞նք են այդ տարիների Ձեր ամենավառ հիշողությունները:

- Ինչպես նշեցիք, շախմատ խաղալ հայրս  է ինձ սովորեցրել: Հետագայում ծնողներս նկատեցին, որ կարող եմ լուրջ զբաղվել շախմատով եւ ինձ տարան շախմատի դպրոց: Այդ ժամանակ մենք ապրում էինք Բաքվում: Իմ առաջին մարզիչը տատիկիս եղբայրն էր` միջազգային վարպետ Սուրեն Աբրահամյանը:  Նա հաստատեց, որ արժե շարունակել զարգացնել շախմատի ուղղությունը` խորհուրդ տալով գնալ մասնագիտացված շախմատային դպրոց:
 
Առաջին հաջողություններն ի սկզբանե նկատելին էին. Մանկական առաջնություններում հաղթանակներ կային: Բավական շուտ սկսեցի խաղալ Ադրբեջանի առաջնությունում, արդեն 11 տարեկանում շատ բարձր արդյունքներ գրանցեցի, իսկ 14 տարեկանում տեղափոխվեցինք Երեւան:

- Ո՞րն էր տեղափոխման պատճառը, եւ արդյո՞ք հեշտ էր անցումը մի միջավայրից մեկ այլ միջավայր:

- Մեզ առաջարկեցին տեղափոխվել Հայաստան: Առաջին անգամ նման խոսակցություն եղավ 1985-ին. մայրիկիս հետ Վոլգոգրադում էինք, սպարտակիադա էր, որտեղ Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները մայրիկին ասել էին, որ նման ծրագրեր ունենալու դեպքում պատրաստ են աջակցել մեզ: Ճիշտն ասած, ինչպես այն ժամանակ Բաքվում ապրող բոլոր հայերը, մենք եւս մտածում էինք Մոսկվա մեկնելու մասին: Հայաստան գալը մեզ համար անսպասելի էր, չնայած` հայրս միշտ ուզում էր, որ մենք ապրենք հայրենիքում:  Երբ հայրիկի հետ քննարկեցինք, որոշեցինք, որ ճիշտն այստեղ գալն է: Մեր որոշմանը նպաստեց նաեւ մի հանգամանք. այստեղ էր հայտնի մարզիչ Օլեգ Դեմենտեւը, ում հատուկ հրավիրել էին Հայաստան: Տեղափոխվելուց հետո 5 տարի նրա մոտ եմ մարզվել: Այնտեղ ես բավական աճել էի, շատ կարեւոր էր հետագայում եւս լավ մարզիչ ունենալը:
Մինչ տեղափոխությունը մի քանի անգամ եղել էինք Հայաստանում: Բաքվում, իմանալով մեր տեղափոխության մասին, Կոմերիտմիության քարտուղարն իր մոտ էր կանչել հայրիկիս եւ հարցրել, թե ո՞րն է տեղափոխման պատճառը: Հայրս ստիպված ասել էր, որ իրեն են կանչում, որ թե ինձ: Երբ բնակարանի հարցը լուծվեց, մեր որոշումը վերջնական դարձավ:

- Ի՞նչ ընտանիքում եք մեծացել:

- Հայրս ֆիզիկոս է, մայրս՝ երաժիշտ: Ընտանիքում ես միակ երեխան էի: Ծնողներս միշտ շատ հետեւողական են եղել իմ հանդեպ, գրեթե բոլոր մրցաշարերի ժամանակ մայրս կամ հայրս ինձ հետ էին լինում:
 
«Հաղթանակն ինձ համար ուղղակի հաճելի զգացողություն է»


Վլադիմիր Հակոբյանը:
Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի անձնական արխիվից:

- 1986-ին դարձել եք մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն, կոչումը պահպանել եք նաեւ 1989-ին` մինչեւ 18, եւ 1991-ին` մինչեւ 20 տարեկանների մրցույթներում: Հաղթանակներն ի՞նչ հետք էին թողնում Ձեր հետագա կարիերայի վրա:

- Ես այնքան էլ հուզմունքային չեմ, միշտ հանգիստ եմ վերաբերվել իմ հաղթանակներին: Հիշում եմ, երբ մասնակցում էի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնությանը, որպես ԽՍՀՄ միակ ներկայացուցիչ մտածում էի, որ անկախ ամեն ինչից պետք է չեմպիոն դառնամ, երկրորդ տեղը զբաղեցնելն անգամ ձախողում կարող էր համարվել: Առաջին խոշոր հաջողությունը մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչում ստանալն էր: Այդ ժամանակ սովորում էի Գարի Կասպարովի եւ Միխայիլ Բոտվինիկի դպրոցում եւ շատ լավ հարաբերությունների մեջ էի Միխայիլ Մոիսեեւիչի հետ, ասես պապ ու թոռ լինեինք, չնայած շատերն ասում էին, որ նրա հետ շփվելը շատ բարդ է: Նա ինձ շատ կարեւոր եւ լավ խորհուրդներ տվեց, ասում էր, որ շատ հեշտ կգրավեմ առաջին տեղը, բայց շատ կարեւոր է չպարտվելը, ինչը հոգեբանորեն ազդում է հետագա խաղերի վրա: Այդ խորհուրդները ավելի օգտակար էին, քան խաղատախտակի առջեւ փորձերը:

Մինչեւ 18 տարեկանների առաջնությունում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր, իսկ մինչեւ 20 տարեկաններինի ժամանակ մի քիչ ավելի բարդ ստացվեց: Խորհրդային Միությունից 4 հոգով էինք խաղում, մրցակցությունը ավելի մեծ էր: Հաղթանակն ինձ համար ուղղակի հաճելի զգացողություն է, դրանից մեծ բավականություն եմ ստանում:  

«Իմ մասնագիտությունը շախմատը դարձավ, ինչի համար երբեք չեմ զղջացել»

- Կգա՞ մի պահ, երբ կհոգնեք ու կորոշեք հեռանալ շախմատից:

- Այնպես ստացվեց, որ իմ մասնագիտությունը շախմատը դարձավ, ինչի համար երբեք չեմ զղջացել: Հիմա մտածում եմ այլեւս օլիմպիադայում չխաղալու մասին: Երեք անգամ չեմպիոն ենք դարձել, երեքը լավ թիվ է: Օլիմպիադան, ի տարբերություն մյուս մրցաշարերի, շատ լարված է անցնում: Հատկապես վերջին տուրից առաջ, երբ ոչինչ պարզ չի լինում, այդ օրերը թիմի համար, կարելի է ասել, դժոխք են դառնում: Կարծում եմ, ունենք երիտասարդ եւ տաղանդավոր շախմատիստներ, ովքեր կարող են փոխարինել ինձ օլիմպիադայում: Ամեն դեպքում, դեռ ժամանակ ունենք, եւ եթե անհրաժեշտություն լինի, իհարկե, կխաղամ:

- Շախմատային դիվանագիտությամբ առաջնորդվո՞ւմ եք կյանքում:

- Անկեղծ ասած, երբեք տրամաբանական կապ չեմ տեսել շախմատի եւ կյանքի քայլերի միջեւ, չեմ կարող ասել, որ շախմատն օգնում է, ընդհակառակը` երբեմն գուցե եւ խանգարում է ինչ-որ բանի մասին շատ մտածելու եւ խորանալու առումով:

«Եթե մի օր հոգնեմ շախմատից, երաժշտությամբ կզբաղվեմ»


Վլադիմիր Հակոբյանը:
Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի անձնական արխիվից:

- Մի առիթով ասել եք, որ «եթե այլ մասնագիտություն ընտրեիք, երաժշտության ոլորտում կլիներ»:

- Շախմատով լուրջ զբաղվելուն զուգահեռ սկսեցի լողի եւ երաժշտական դպրոց հաճախել: Կիթառի դասերի էի գնում: Կես տարի անց պետք է համերգ ունենայինք, իսկ ես չէի սիրում բոլորի ներկայությամբ նվագել, հրաժարվեցի պարապմունքներից, հետո նաեւ լողը թողեցի, ինչը դժվար էր շախմատի հետ համատեղել: Երբ տեղափոխվեցինք Երեւան, վերսկսեցի կիթառի պարապմունքները, անհատական էի պարապում, ուսուցիչս ասաց, որ 3 տարում կարող է ինձ կիթառի վիրտուոզ դարձնել: Հաճույքով կցանկանայի տիրապետել այդ գործիքին, բայց ժամանակի բերումով սահմանափակվեցի սիրողական մակարդակի գիտելիքներով:  Եթե մի օր հոգնեմ շախմատից, երաժշտությամբ կզբաղվեմ: 

- Գիտեմ, որ նաեւ երգեր եք գրում:  Ի՞նչ միջավայրում եք դրանք կատարում:

- Հայաստանում լինելու ժամանակ շատ քիչ օրեր են լինում, որ ձեռքս կիթառ չվերցնեմ, շախմատին կարող է չմոտենամ, բայց կիթառին` ոչ:  Ստեղծագործում եմ հիմնականում շանսոն ոճում, միշտ եղել եմ Վլադիմիր Վիսոցկու երգերի ազդեցության ներքո: Երբ ընկերներով հանդիպում ենք, նվագում եմ ու երգում:

- Ձեր ստեղծագործությունները ձայներիզի տեսքով կներկայացնե՞ք:

- Հնարավոր է: Նման առաջարկներ եղել են, բայց դրա համար շատ ժամանակ եւ լուրջ ուշադրություն է պետք: Ես դեռ լրջորեն զբաղվում եմ շախմատով: Երաժշտական կյանքն ու շախմատը միանգամայն տարբեր են:

«Տեսա եւ զգացի, որ ինքն է…»


Վլադիմիր Հակոբյանը կնոջ հետ:
Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի անձնական արխիվից:

-Ձեր տիկնոջ հետ ծանոթության մասին կպատմե՞ք: Ինչպե՞ս գրավեցիք նրա սիրտը:

- Տիկնոջս հետ ծանոթացել եմ Շախմատի տանը` 1996 -ին: Մրցաշարից նոր էի վերադարձել, իսկ այդ տարի Հայաստանում պետք է անցկացվեր Համաշխարհային օլիմպիադա: Կինս`Քրիստինեն,  ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, եւ, քանի որ լավ էր տիրապետում անգլերենին եւ համակարգչին, այստեղ զբաղված էր օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով:

Տեսա եւ միանգամից զգացի, որ ինքն է... Բավական շուտ եմ կողմնորոշվել, առաջին օրն իսկ որոշեցի, որ որեւէ արտակարգ բան չպատահելու դեպքում պետք է միասին լինենք: Ծանոթությունից հետո սկսեցինք հանդիպել, բայց, քանի որ օլիմպիական տարի էր եւ շատ էի բացակայում երկրից, 1997-ի սկզբին նոր նշանվեցինք եւ նույն տարում ամուսնացանք:

- Ընտանիքին Ձեր ժամանակից որքա՞ն եք հատկացնում:

- Հայաստանում աշխատում եմ ժամանակս անցկացնել կնոջս եւ երեխաններիս հետ: Վերջերս ենք վերադարձել Հունաստանից, 20 օր հանգստանում էինք այնտեղ եւ այդ ողջ ընթացքում միասին էինք, ինչը տանը հաճախ չի ստացվում:
 
- Իսկ Ձեր տղաների վերաբերմունքը շախմատի հանդեպ ինչպիսի՞ն է:

- Տղաներս՝ Վալերին, Էդուարդը եւ Սերգեյը խաղում են շախմատ, միշտ հետաքրքրվում են իմ խաղերով: Միջնեկս` Էդուարդը,  լրացրել է առաջին կարգի նորմա: Բայց ես չեմ ուզում, որ դա շարունակվի: Սա բավական դժվար մասնագիտություն  է, երբ նայում ես մասնագիտական տեսանկյունից:

«Ես աշխարհի մարդ եմ...»


Վլադիմիր Հակոբյանի ընտանիքը:
Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի անձնական արխիվից:

- Տարբեր երկրներում եք եղել, ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ դուր գալիս:

-Եթե անկեղծ լինեմ, ինձ համար արդեն միեւնույն են բոլոր երկրներն ու քաղաքները, իհարկե, տեսնում եմ գեղեցիկն ու արվեստը, բայց այնքան եմ ճամփորդել, որ հիմա ուշադրությունս չեմ կենտրոնացնում որեւէ երկրի վրա եւ չեմ կարող ասել, թե սիրահարված եմ այս կամ այն երկրին: Կան քաղաքներ, որտեղ ինձ լավ եմ զգում, օրինակ` Դուբայը,  կան երկրներ, որտեղ ես սիրում եմ խաղալ, ինչը հաճախ կապված է ոչ թե երկրի, այլ մրցաշարի  կազմակերպման հետ:

- Երեւանն ինչպիսի՞ քաղաք է Ձեզ համար:

- Երեւանն իմ քաղաքն է, միշտ հաճույքով այստեղ եմ վերադառնում, բայց կարող եմ ասել, որ ես աշխարհի մարդ եմ, ամեն տեղ ինձ լավ եմ զգում:

«Ինձ համար  դժվար է խաղալ ընկերներիս դեմ… Ընկերոջ դեմ պայքարելը բարդ է»

- Խաղընկերոջ խաղից ինչ-որ բան սովորում կամ հաճույք ստանո՞ւմ եք: 

- Իհարկե: Ուժեղ շախմատիստի հետ լինում են հետաքրքիր փուլեր, որոնցից հաճույք ես ստանում: Ինձ համար դժվար է խաղալ ընկերներիս դեմ, որոնք այնքան էլ շատ չեն եւ անպայման չէ, որ Հայաստանից լինեն: Խաղալուց պետք է պայքարել, իսկ ընկերոջ դեմ պայքարելը բարդ է:

«Իմ բոլոր երազանքները կատարվել են»

-Ի՞նչն է Ձեզ երջանկացնում:

-Ես ինձ երջանիկ եմ համարում: Ունեմ ծնողներ, լավ ընտանիք, որը շատ եմ սիրում, շատ լավ ընկերներ, որոնց հետ միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում, մասնագիտություն, որը սիրում եմ:

Իմ բոլոր երազանքները կատարվել են: Չի եղել այնպիսի բան, որի մասին երազել եմ եւ չի կատարվել: Երբեք չեմ երազել դառնալ աշխարհի չեմպիոն, երազել եմ լավ ապրել եւ ունենալ այն ամենը, ինչ ունեմ:

Վլադիմիր Հակոբյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am