Ավետիք Իսահակյանի «Mosaika»-ն՝ երկու անտիպ հատված - Mediamax.am

exclusive
12507 դիտում

Ավետիք Իսահակյանի «Mosaika»-ն՝ երկու անտիպ հատված


Ավ. Իսահակյանի ձեռագիրը
Ավ. Իսահակյանի ձեռագիրը

Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան

Ավ. Իսահակյանի ձեռագիրը
Ավ. Իսահակյանի ձեռագիրը

Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան

Արփիկ Ավետիսյանի կողմից արտագրված ստեղծագործությունը
Արփիկ Ավետիսյանի կողմից արտագրված ստեղծագործությունը

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվ

Ավետիկ Իսահակյանը
Ավետիկ Իսահակյանը

Լուսանկարը` Ավ. Իսահակյանի տուն-թանգարան


1927 թվականին գրաքննադատ Հարություն Սուրխաթյանը (1) Երեւանի Գրականության թանգարանին էր հանձնել Ավետիք Արասխանյանի (2) խմբագրությամբ Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» հանդեսի (1889-1907) արխիվի ոչ լրիվ հավաքածուն: Արժեքավոր բազմաթիվ ձեռագրերի հետ թանգարան էին բերվել նաեւ Ավ.Իսահակյանի վաղ շրջանի ստեղծագործությունների երկու տետրերը:

 

Վարպետը հանդեսին  ակտիվորեն թղթակցել է, այնպես որ, «Մուրճ»-ի արխիվում այլ գործեր եւս պիտի ունենար, որոնք  մեզ չեն հասել:

 

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի ձեռագրերի մեջ այս մասին հետաքրքիր վկայություններ կան: Մասնավորապես, թանգարանի առաջին տնօրենը՝ Երվանդ Շահազիզը (3), յուրահատուկ վերաբերմունք ուներ Իսահակյանի անձի եւ նրա ստեղծագործությունների հանդեպ:  Շահազիզը, «խախտելով» թանգարանային օրենքները՝ թանաքով զգուշությամբ համարակալել էր տետրերը ժամանակագրական կարգով, նշել տետրերի էջերը, ապա բանաստեղծություններն ու ասել. «Սոքա հայոց  մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանցի գործերն են, պետք է լավ պահպանել դոցա»:

 

«Այդ տետրերը, որոնք շուրջ 35 տարվա պատմություն ունեին, հիշեցնում էին Մատենադարանի ձեռագրերը. գունաթափ մելան, անընթեռնելի ձեռագրեր…

 

Սովորական թղթից Վարպետի ձեռքով պատրաստված անկազմ տետրերի երեսին լեցուն տառերով գրված էր. «Ավետիք Իսահակյանցի»: Առաջին տետրի աջ անկյունում խմբագրության աշխատակցի նշումն է ձեռագրերի ստացման մասին՝  1892 թ., նոյեմբերի 13», - կարդում ենք տատիկիս անտիպ  հուշերում:

 

Այս ստեղծագործություններից հիշյալ տարիներին քիչ բան է տպագրվել «Մուրճ»-ում:

 

Թե ինչու է «Մուրճ»-ում Իսահակյանի վաղ շրջանի գործերից քիչ բան տպագրվել (հիմնականում մերժվել են), տատիկիս հուշերում կարդում ենք. «Շահազիզը տարակուսած էր. «Եղբայր, չեմ հասկանում, թե էս Արասխանյանցը ինչու՞ չի սիրել բանաստեղծությունն ու բանաստեղծներին: Մերժեց Թումանյանի «Շունն ու կատուն», ասենք՝ դա մի քիչ հասկանալի է՝ մարդը չի սիրել ընտանի կենդանիներին ու չի կամեցել, որ շունն ու կատուն մտնեն բանաստեղծության մեջ: Մեր Իսահակյանցի գործերի մեջ ոչ շուն կա եւ ոչ էլ կատու, բայց, արի տես, որ մերժել է նրա՝ Շուշիկին (4) նվիրված գողտրիկ բանաստեղծությունը: Այդ է, մեր խմբագիրների անբուժելի հիվանդությունն է, ինչ արած»:

Ավ. Իսահակյանի ձեռագիրը Ավ. Իսահակյանի ձեռագիրը

Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան

Այդ տետրերի 16 բանաստեղծությունները գրված են 1891-1892 թթ.՝ Էջմիածնում, նրա ուսումնառության տարիներին, եւ հայրենի Ալեքսանդրապոլում: Սիրո, վշտի, կարոտի երգեր են:

 

Երկրորդ տետրում 12 գործ է՝ գրված 1894-1897 թթ.: Տետրում կան 1895 թ. հայկական կոտորածների նկարագրություններ հիշեցնող բանաստեղծություններ, որոնց մի մասը նրա երկերի ժողովածուներում տեղ չեն գտել:

 

Երկրորդ տետրի գործերն են «Հատվածներ», «Յոթն օր անապատում, յոթը գիշեր անապատում» վերնագրով անպատրաստ գրքից» (1895), սոցիալական թեմայով անվերնագիր մի պատմվածք՝ աղքատների ու հարուստների կյանքից (1897), «Ընկերներիս» արձակ գործը, «Mosaika»-արձակ հատվածները»` կազմված 12 մասից, եւ «Դուք ինձ ասում եք տոկալ սովորիր» արձակ էջերից՝ գրված 1896 թ., Երեւանի բանտից, ինչպես նաեւ այլ ստեղծագործություններ:

Ավետիկ Իսահակյանը Ավետիկ Իսահակյանը

Լուսանկարը` Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

«Ավետիք Իսահակյան. Երկերի լիակատար ժողովածու» գրքում (Երեւան, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատ., 2014 ) հրապարակվեց անտիպ «Mosaika» արձակ բանաստեղծությունների անավարտ շարքը (բնօրինակը պահպանվում է ԳԱԹ, Իսահակյանի  ֆոնդ, 8): «Մուրճ»-ում «Mosaika»-ից որեւէ հատված չի տպագրվել:

 

«Mosaika»-ի ինը հատվածներից յուրաքանչյուրի ծանոթագրությունում նշված է, որ դրանք մշակել, հրապարակել է Արփիկ Ավետիսյանը: Տատիկիս արխիվում պահպանվում են Իսահակյանի ստեղծագործությունները, որոնք արտագրել է Իսահակյանի վերոնշյալ երկու տետրերից: Այդ թվում եւ «Mosaika»-ն: Տատիկիս տետրում «Mosaika»-ն 12 հատվածից է բաղկացած: Գրքում տպագրված է միայն ինը հատված. չկան 4, 9, 12 հատվածները: «Mosaika» արձակ հատվածներից վերջին 12-րդն է տպագրվել Իսահակյանի «Արձակ էջեր»-ում (1963): 4-րդն ու 9-րդը տեղ չեն գտել որեւէ  հրատարակությունում: Ստորեւ ներկայացնում ենք այդ երկու անտիպ հատվածները, որոնք տատիկս խնամքով արտագրել է ու պահել …

 

***

 

4.

 

Այս մարդկանց դատարկ խոսքերից, ջին, -սիրտս եմ բանում աշխարհի առաջ...Ահա խեղճ սիրտս-քրքրված, վիրավոր սիրտս... Ես ուզեցա ապրել ուրիշի հոգու մեջ, իմ սրտի արյունը թափել այնտեղ, հյուսվել նրա բոլոր ջղերով ու երակներով-այդ ընկերի առաջ ես բացեցի սիրտս եւ ուզեցա հալել նրան իմ սրտի մեջ, բայց նա մնաց սառն ու սառույց...Եվ ես բոլոր ընկերներիս շպրտեցի ինձնից հեռու-թող գնան ինձնից հեռու, շատ հեռու...Եվ առա արյունոտ սիրտս, թողեցի հայրերիս հարթ, ծանոթ ճամփեքը, մտա անապատները եւ թափառեցի... Ժայռերի գրկում եւ հոնգուր-հոնգուր լալիս էի.-էխ, իմ ընկերներ, ես ձեզ հեռու շպրտեցի, որ հեռավոր մռայլի մեջ երեւան ձեր սրտերի բոցն ու կրակը, եթե ունեք,-եթե ունեք, թող աստղերի պես շողշողան ձեր սրտերը, նրանք կշողան նաեւ իմ սրտում...»:

 

Բայց մութն էր հեռուն, եւ աստղերը չէին վառվում եւ ոչ ոքի սիրտը չէր վառվում ինձ համար...

 

9.

 

Անդորր նիրհում է երկիրը՝ հոգնած ու սպիտակահեր. ձյունի հաստ շերտերը գրկել են նրան-եւ սառն են երկրի երազները:

 

Խոշոր ու մտամոլոր ամպերը թափառում են երկնքում՝ անպատկառ ու անորոշ- ու՞ր եւ ինչու՞ համար...

 

Խորին լռություն, երկիրը նիրհում է...Երբեմն միայն հեռվից շների հաչը վրդովում է մշուշային անդորրը...

 

-Չկա մի ձայն, չկա մի շարժում, բայց աղմկում է հոգիս, բայց եռում է սիրտս…

 

Օ,որքան խեղճ եմ, որքա՞ն թշվառ, որքա՞ն անզոր…

 

Ինձ մտածող որդ են անվանում, բայց ու՞ր եմ ես սողում, ինչու՞ համար: Անդորր նիրհում է երկիրը, ձյունի հաստ շերտերը գրկել են նրան-եւ սառն երկրի երազները…Լուռ է, շատ լուռ է շուրջս. շների հաչը հալվել է խորին լռության մեջ-բայց հոգիս աղմկում է. ես ի՞նչ եմ մտածում, ու՞ր եմ սողում եւ ինչու՞…

 

Խորին լռություն-երկիրը նիրհում է հոգնած ու սպիտակահեր…

 

***

 

Իսկ թե ինչպես են այդ ստեղծագործությունները հայտնվել տատիկիս արխիվում, կարդում ենք հենց նրա հուշերի անտիպ պատառիկներից.

 

«1937 թվականի աշնանը Վարպետը՝ Գարեգին Լեւոնյանի (5) եւ Միքայել Մանվելյանի (6) ընկերակցությամբ, եկել էր Պատկերասրահ: Մենք հետեւում էինք նրա յուրաքանչյուր քայլին: Նա երկար կանգնեց Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի կտավների առաջ, երկար զննում էր «Արա գեղեցիկ ու Շամիրամ» (7) կտավը, ապա Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» (8) ստեղծագործության թեմաներով Սուրենյանցի նկարները: Մի քանի ժամ պատկերասրահում շրջելուց հետո, նա իր ընկերների հետ մեկնեց իր տուն: Սիրում էր մեր պատկերասրահը եւ արվեստաբան Ռուբեն Դրամբյանի (9) վաստակը՝ թանգարանային արժեքների հարստացման գործում:

Ավ. Իսահակյանի ձեռագիրը Ավ. Իսահակյանի ձեռագիրը

Լուսանկարը` Գիտության եւ արվեստի թանգարան

Երկու օր անց Վարպետը դարձյալ մեր հյուրն էր, բայց այս անգամ՝ միայնակ:  Թանգարան էր եկել՝ ծանոթանալու եւ նյութեր հավաքելու մորեղբոր՝ բանասեր եւ բանահավաք Կարապետ Կոստանյանի (10) հարուստ արխիվից: Նրան հետաքրքրում էին «Սասնա Մհեր» դյուցազնավեպի ժողովրդական պատումները: Այս ընթացքում էր, որ Իսահակյանը տեսավ իր հին հիշատակարանները. նրա համար մեծ անակնկալ էր: Վարպետը խնդրեց  իրեն վերադարձնել այդ տետրերը:

 

-Թանգարան մտած արժեքները տերերին չեն վերադարձվում,-ասացինք Վարպետին:

 

Առաջարկեցի իմ օգնությունը՝ իր համար արտագրել երկու տետրերը: Մտածելով՝ հրաժարվեց. «Այդ ստեղծագործություններն իմ աչքում այլեւս չեն ունենա այն արժեքը, որ նրանք ունեն հիմա: Այդ դեղնած ու գունատ տետրերը սիրելի են այն պատճառով, որ նրանք ինձ հիշեցնում են իմ հեռավոր անցյալը, իմ երիտասարդությունը…Արտագրված էջերը կսրբեն իմ ապրած կյանքի հետքերը, հիշողությունները: Մարդն առանց հուշերի ու հիշողությունների խեղճ ու աղքատ է»:

Արփիկ Ավետիսյանի կողմից արտագրված ստեղծագործությունը Արփիկ Ավետիսյանի կողմից արտագրված ստեղծագործությունը

Լուսանկարը` Ա. Ավետիսյանի արխիվ

Տետրերի էջերը մի քանի անգամ թերթելուց հետո ծոցագրպանից հանեց ֆրանսիական գրիչն ու նշումներ կատարեց նոթատետրում, ապա ամենայն զգուշությամբ ու խնամքով վերականգնեց տետրերի խունացած տառերն ու բառերը եւ «Mosaika» արձակ հատվածների վերջում իր ձեռքով գրեց՝ «1895-1897, շարունակելի»:

 

Հակառակ մեր որոնումների՝ գտնել չկարողացանք այդ ստեղծագործության շարունակությունը, որն այնպես լավ պատկերացում է տալիս Վարպետի վաղ շրջանի գեղարվեստական մտածողության ու փիլիսոփայական մասին»:

 

Այդ երկու տետրերը տատիկս, այդուհանդերձ, նույնությամբ արտագրել է: Դրանք այժմ ուսումնասիրման փուլում են: Անտիպ մի քանի բանաստեղծություններ, որոնք տատիկս վերծանել է, կներկայացնենք առաջիկայում: 

 

Լիլիթ Ավագյան

 

1.Հարություն Սուրխաթյան, 1882-1938,հայ գրականագետ, թարգմանիչ:

2. Ավետիք Արասխանյան,1857-1912, 1889-1990 թթ. խմբագրել է «Մուրճ» ամսագիրը: «Մուրճ»-ը հրատարակվել է 1889-1907 թթ., Թիֆլիսում:

3. Երվանդ Շահազիզ, 1856-1951, գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբոր որդին:

4.Շուշանիկ Մատակյան, Իսահակյանի հեռավոր ազգականուհին, որին սիրահարված էր Վարպետը:

5.Գարեգին Լեւոնյան, 1872-1947, հայ գրականագետ, արվեստաբան, գուսան Ջիվանու որդին:

6. Միքայել Մանվելյան, 1877-1944, դերասան, արձակագիր:

7. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», Վարդգես Սուրենյանցի (1860-1921) 1899 թ.-ին ստեղծած կտավը:

8. 1899թ.-ին , Մոսկվայում, Ալ. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը հրատարակվել է Վ.Սուրենյանցի ձեւավորմամբ: Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրված են այդ գրքի ձեւավորման բնօրինակները:

9. Ռուբեն Դրամբյան, 1891-1991, արվեստաբան: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի բազմաթիվ արժեքավոր գործեր ձեռք են բերվել Դրամփյանի ջանքերով: 

10. Կարապետ Կոստանյան, 1853-1920, հայագետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին