«Հայք չկան Ռուսաստանում` մի տգետ, անլուսավոր հայանուն ամբոխ» - Mediamax.am

exclusive
18932 դիտում

«Հայք չկան Ռուսաստանում` մի տգետ, անլուսավոր հայանուն ամբոխ»


Լազարյան ճեմարանը եւ Ստեփանոս Նազարյանիn պատկերող նամականիշը
Լազարյան ճեմարանը եւ Ստեփանոս Նազարյանիn պատկերող նամականիշը
Ստեփանոս Նազարյանը
Ստեփանոս Նազարյանը
Ներսիսյան դպրոցը
Ներսիսյան դպրոցը
Հյուսիսափայլի շապիկը
Հյուսիսափայլի շապիկը
Լազարյան ճեմարանը
Լազարյան ճեմարանը

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի թղթապանակներում պահվում է արեւելագետ, «Հյուսիսափայլ» (1) հանդեսի խմբագիր Ստեփանոս Նազարյանի (2)՝ 1864 թ.-ի նամակը՝ խմբագիր, մանկավարժ Խորեն Ստեփանեին (3):

 

Սա մի դառը նամակ է 19-րդ դարի կեսերին Ռուսաստանում հայկական համայնքի, հայերի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի,  առհասարակ՝  հայ ժողովրդի մտավոր եւ ֆիզիկական թշվառության մասին: Նամակը մռայլ էր, որովհետեւ  1864 թ.-ին Ստ. Նազարյանը նաեւ զգում էր՝  «Հյուսիսափայլ»-ը այլեւս հնարավորություն չի ունենալու լույս տեսնել ամենացավալի հիմնավորմամբ՝ ընթերցող  չունի:

 

Նամակը, որի բնօրինակը Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում է, ստիպեց ինձ անդրադառնալ Ստեփանոս Նազարյանի հայացքներին, նրա գրած այլ նամակներին (Երեւան, 1969 թ. ), «Հյուսիսափայլ»-ի փակման պատճառներին:

Ստեփանոս Նազարյանը Ստեփանոս Նազարյանը

 

Ինչպես 19-րդ դարի վերջի եւ 20-րդ սկզբի Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունն էր շատ ցավոտ ցուցադրում հայ  ժողովրդի անհաջողությունների առանցքային  պատճառները, նույն ախտորոշումը 1830-ականներից տվել է Ստեփանոս Նազարյանը: 

 

1841թ. փետրվարի 7-ին Ներսես Աշտարակեցուն (4) գրած իր մի նամակում Նազարյանը պատմում է Պետերբուրգի հայերի, մասնավորապես՝ մեծահարուստների մասին.

 

«Հազիւ թէ բառս քանի մի խօսին հայերեն, ի բաց մերժեն յանձանց  յիւր հայութիւն եւ կամ էին լինիլ եւ թուիլ ռուս քան հայկեան» (Մի քանի բառ հազիվ են խոսում հայերեն եւ բացահայտ ժխտում են իրենց հայ լինելը, ցանկանում են ավելի շուտ ռուս լինել, քան հայ) («Նամականի», Երեւան, 1969, էջ 59):

 

Որակյալ կրթություն՝ մայրենի լեզվով… 1843 թ.-ի օգոստոսին Հովհաննես Լազարյանին (5) գրած նամակում Ստ. Նազարյանը կոչ է անում հայ մեծահարուստներին ժամանակին համընթաց քայլել, վերանայել Լազարյան ճեմարանի դասավանդման սկզբունքները, դարձնել ճեմարանը հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն, հայ երեխաներին կրթել մայրենի լեզվով, բարձրացնել ազգային արժանապատվությունը: Հայերի մեջ  «թաքնված ամենայն լավը», որը մտավոր խավն ու մեծահարուստները պետք է փորձեն զարգացնել (նույն տեղում, էջ 79-80):

Լազարյան ճեմարանը Լազարյան ճեմարանը

 

1846 թ.-ին Կազանում հրատարակված «Обозрение истории Гайканской письменности в новейшем времени» աշխատության մեջ Նազարյանը գրում էր, որ Հայաստանի գիտությունը կրում է միջնադարի կնիքը, չի կապվում ժամանակակից կյանքի պահանջին.

 

«Ազգը չի հասել իր մտավոր չափահասության, քանի որ հնարավորություն չունի հասկանալի լեզվով արտահայտելու իր մտքերն ու հույզերը, քանի որ ժողովրդի կրթության ղեկը հայ եկեղեցական պաշտոնյաների ձեռքին է, իսկ տիրապետող լեզուն՝ գրաբարը»:

 

Ինչպե՞ս է հնարավոր, որ 19-րդ դարում (այս դեպքում նրբանկատորեն շրջանցենք 5-րդ դարը, Խորենացու «Ողբ»-ը) եղած խնդիրներն այդքան այժմեական լինեն 21-րդ դարի Հայաստանում:

 

Ստորեւ աննշան կրճատումներով ներկայացնում ենք Ստեփանոս Նազարյանի նամակը՝ Խորեն Ստեփանեին:

 

9 հուլիսի, 1864 թ., Մոսկվա

 

Ազնվամիտ պարոն

 

Ստեփանոս Հարությունյան Ստեփանե

 

Ձեր երկար լռությունը, ուղիղն ասեմ, կասկածանք հարուցեց իմ սրտի մեջ, մի գուցե եւ Ձեր վերա ներգործել էր ասիական թանձր օդի կապարյա ծանրությունը: Բայց, վերջ ի վերջո, Ձեր պատվական գրությամբ փարատեցիք իմ երկմտությունքս,- ցավեցուցիչ երկմտությունքս:

 

Դուք դիմել էիք Թիֆլիզ՝ հայեր որոնելու այնտեղ, հայերը յուրյանց բնիկ աշխարհում գտնելու, ճանաչելու (6)…Ես ինչ ասեմ եւ միթե իմ ասելս մի բան կփոխե կամ թե դեպ ի լավը  կհեղափոխե: Ազնիվ պարոն. Հայք չկան Ռուսաստանում, եւ թե ուր կան, այդ եւս ինձ հայտնի չէ: Մի տգետ, անլուսավոր հայանուն ամբոխ, օտարի ներգործության տակ ջախջախված, որովհետեւ ինքը չունի յուր մեջ ոչինչ մտավորական եւ բարոյական կարողություն, եւ ոչ իսկ կամի գործ դնելով չորություն՝ գոյացնել այդ բաները- ահա այդ բանը, որին մենք ասում ենք հայ ազգ: Դուք եւ ես եւ մյուս շատեր կարող են անմխիթար մոլորվիլ, բայց այդ մոլորությունը մի ազնիվ մոլորություն է, որովհետեւ «ով սիրում է, նա հավատում է», բայց  Ձեր ու իմ եւ մեր սիրածը մի անսեր ասիացի է. վասն որո եւ մեր սերը դեպի նա մի անհասկանալի բան է նորա համար: Ինչ ազգի եւ մարդերի մեջ չկան ոչինչ բարոյական եւ հոգեղեն կապեր, այնտեղ պիտի գոյանա մի մարմնացած եսականություն, ամեն մինը յուր համար արջի պես առանձնացած մի անկյունում:

 

Ուրախ եմ, լսելով , որ Դուք գտել եք Ձեր համար աշխատության ու գործունեության ասպարեզ այս եւ այն ուսումնարանում, բայց անպատճառ հարկավոր էր ձեզ ոտք հաստատել Ներսիսյան դպրոցում: Գուցե հաջողվի Ձեզ մի առողջ, կենդանի հոգի տնկել այդտեղ, մի քանի բարի սերմեր ցանել այդտեղ, ուստի կարող էին ապագայք ժողովել պիտանի հունձ: Ես շատ ու շատ շնորհակալ կլինեի Ձեզ, եթե ինձ հետզհետե ծանոթացնեիք այդ դպրոցի ուսումնատվության եւ ուսանելի նյութերի մասին: Ինձ ցանկալի կլիներ նույնպես իմանալ, թե ովք էին դասատուքը այդտեղ եւ ուսումնարանը ի՛նչ ուսումնական մատյանքով գործ էր կատարում, որովհետեւ առանց դպրոցական գրքերի ինձ անմտածելի է մի ուսումն, մանավանդ հայերի մեջ:

Ներսիսյան դպրոցը Ներսիսյան դպրոցը

 

Պաշտոն չգտնելը Թիֆլիզի գիմնազիայում մի մեծ ցավ չէ, իմ կարծիքով: Եվ ռուսաց ատելությունը դեպի մեզ, առհասարակ, մի շատ բնական բան է: Մի ազգ, որ ինքը սիրում ու հարգում չէ իր անձը եւ խոզի պես թավալվում է տգիտության կեղտի մեջ, միթե դա կարող է օտարներին սեր ու հարգություն ազդել դեպի ինքը: Հայը սիրեց լուսավորություն եւ ազնիվ բան, մասնակից եղավ այն ընդհանուր լուսավորությանը, որ կա Ռուսաստանում, հայը հանձն առավ մի գովանի ձեռնարկություն, ձեռնտու եղավ յուր ազգային մատենագրությանը, դպրոցին, բայց ռուսը չսիրեց հային, հալածեց նրան…Ո՞վ կարող էր սիրել մի ազգ, մի մարդ, որ ամեն օր ինքն յուր երեսին թքում է, որ ընտրել էր յուր համար մտածող ու բանական մարդկությունը հեռի է բաց ճակատով յուրյանից, որպես մի օտար բան: Ո՞վ կարող է սիրել հայերը: «Հյուսիսափայլի» կացությունը շատ վատ է: Եվ պիտի վատ լինի մի ազգի մեջ, որո համար գիտությունը եւ գրասիրությունը ընդունվում է թույնի պես: Ձեր լոկ  «աղոթք եւ խնդիրը» շատ փոքր բան է, գո՜րծ պիտի (7): Ուր դա չկա, առավոտից մինչեւ երեկո կարող ես աղոթել եւ խնդրել: Բայց դրանով ոտքի վերա մնալ կարող չէ: Կարծեմ այս տարու «Հյուսիսափայլը» վերջին փորձը լինի, որ փորձվեցավ՝ բավականին վնաս հասուցանելով մասնավոր մարդերի, որ երաշխավոր են եղած օրագրի հրատարակության ծախքին 2400 մանեթով: Բայց ազգի կողմից մինչեւ այժմ հաշիվ կան 150 ընկերագիրք (բաժանորդ-Լ.Ա.): Ձեր օրինակներ «Հյուսիսափայլ»-ի , Ձեր եղբոր պատվիրելով, ուղարկվում են Գրիգոր Սողոմոնյան Թամամշեւի (8) վերա, որից ունիք իրավունք պահանջելու միշտ ձեր բաժինը: Նա ստանում է յուր եւ Ձեր համար երեք օրինակ: Դուք կամիք օրագիր տպել Թիֆլիզի մեջ՝ շարոնակելով «Կռունկ»-ի (9) հրատարակությունը:

Հյուսիսափայլի շապիկը Հյուսիսափայլի շապիկը

 

Մեծ ուրախությամբ կհրատարակիմ հայտարարությունը, եթե կամեիք յուր ժամանակին հասուցանել ինձ: Աստված տա, Ձեզ ամենուն հաջողություն եւ ամենամեծ բազմություն ընկերագիրների: Ուղղության մասին անհոգ եմ, որովհետեւ ճշմարտությունը մին է, եւ Դուք մնալով դորա սահմանի մեջ, կարող չեք այլապես քարոզել, քան թե մինչեւ այսօրս քարոզել եւ քարոզում է «Հյուսիսափայլ»-ը՝ օր ու գիշեր ուսանելով իտալական ընտիր աղբյուրներից:

 

Մի խնդիր ունեմ Ձեզանից, որ, հուսամ, լրացունեք. ասել պարոն Քաթանյանցին, որ նա շուտով ուղարկե «Հյուսիսափայլ»-ի օրինակների արծաթը, եթե կամի (կամենա-Լ.Ա.): Նա ուղարկել է մինչեւ այժմ 150 մանեթ, այսինքն՝ 15 ընկերագրի արծաթ, բայց ես ուղարկել եմ մինչեւ այսօր 22 օրինակ, ուրեմն՝ 7-ը՝ առանց արծաթի: Մինչեւ այսօր ստացողքը նորա ցուցակների միջի մարդերից սոքա են /թվարկվում է 20 հոգանոց ցուցակ՝ անուն-ազգանուններով/:

 

Խնդրեմ ասել Քաթայանցին (10), որ ամենեւին անկարգ գործ է մինչեւ այսօր օրագրի տետրակը ստանալ, բայց չհոգալ արծաթ ուղարկել ինձ: Եվ առհասարակ, անօգուտ էր ինձ անունների ցուցակ ուղարկել՝ առանց արծաթի, որովհետեւ այդպիսի անվանք գործ դնել անկարելի է: Որովհետեւ ես արծաթ չունիմ պարտքով ստացողների համար արծաթ վճարել, նամակատանը՝ ճանապարհի ծախք եւ այլ առաջուց, ինչպես կարգս: Ես այս տեղեկությունը արդեն տված եմ պարոն Քաթանյանցին, բայց նա միշտ անտես է առնում գրածս եւ ընթանում է միշտ ասիական վհատեցուցիչ անկարգությամբ:

 

Ամենայն բարեմաղթությամբ՝ Ձեր բարյացակամ Ս. Նազարյանց:

 

Ստեփանոս Նազարյանը ճիշտ  էր. «Հյուսիսափայլ»-ը 1864-ին դադարեց լույս տեսնել: Պատճառը կարդում ենք նրա՝  1865 թ. փետրվարի 28-ին Հովհաննես Հովսեփյանին գրված նամակում.

 

«Տրտմությամբ սրտի ստիպված եմ ծանուցել ազնիվ պարոնիդ, որ «Հյուսիսափայլ» օրագրի հրատարակությունը 1865 թվականից մեր ազգի ընթերցող հասարակության շատ սակավաթիւ լինելու պատճառով կարող չէ առաջ տարվիլ, վասն որո խափանվեցավ»…

 

Լիլիթ Ավագյան

 

Ծանոթագրություն

1. «Հյուսիսափայլ»,1858-1864 թթ.,  64-80 էջանոց գրական-գեղարվեստական ամսագիր, լույս է տեսել Մոսկվայում: Առաջին անգամ իր գործերն այս ամսագրում է տպագրել Միքայել Նալբանդյանը: Աշխատակցել են Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը: Գլխավոր խմբագիր՝ Ստ. Նազարյան,  հիմնական աշխատակից՝ Միքայել Նալբանդյան:

2. Ստեփանոս Նազարյան, 1812-1879,  արեւելագետ, գրականագետ, խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու:

3. Ստեփան  Ստեփանյան (Խորեն Ստեփանե), 1840-1900, մանկավարժ, խմբագիր, հասարակական գործիչ:

4. Ներսես Աշտարակեցի, 1770-1857, Ամենայն հայոց կաթողիկոս (1843-1957):

5. Հովհաննես Լազարյան, 1738-1801, Ռուսաստանի  պետական խորհրդական, արդյունաբերող, կալվածատեր: Նրա միջոցներով հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, Ռուսական օրիորդաց դպրոցը՝ Ցարսկոյե սելոյում: Մոսկվայի եւ Պետերբուրգի հայկական եկեղեցիները կառուցվել են նրա միջոցներով:

6. 1864-ին, այս նամակը ստանալու ընթացքին, Խորեն Ստեփանեն վերադարձել էր Թիֆլիս, այնտեղ հիմնել Մարիամյան օրիորդաց դպրոցն ու Հավլաբարի 1-ին երկսեռ դպրոցը:

7. Նկատի ունի Խորեն Ստեփանեի հոգեւոր գործունեությունը. 1887 թ. վերջինս Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի հոգեւոր հովիվն էր:

8. Գրիգոր Սողոմոնյան Թամամշեւ: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը Գաբրիել Թամամշյանի մասին է (ծննդյան եւ մահվան թվականներն անհայտ են): Մեծահարուստ, բարեգործ:

9. Խոսքը «Հայկական աշխարհի կռունկ» ամսագրի մասին է , 1864-1865 թթ.:

10. Նկատի ունի Հովհաննես Քաթանյանցին (1824-1894): Հայ բեմանկարիչ: 1857-59 թթ.՝ Ներսիսյան դպրոցի տեսուչ: Գաբրիել Թամամշյանի կողմից Թբիլիսիում կառուցված թատրոնի գլխավոր նկարիչ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին