Գրիգոր Զոհրապը դարձավ «Ետուարտ»՝ հանուն «Փոստալի» տպագրության - Mediamax.am

exclusive
11756 դիտում

Գրիգոր Զոհրապը դարձավ «Ետուարտ»՝ հանուն «Փոստալի» տպագրության


Լուսանկարը` «Շողակաթ» հեռուստաընկերություն

Գրիգոր Զոհրապի ձեռագիրը
Գրիգոր Զոհրապի ձեռագիրը

Գրիգոր Զոհրապի «Փոստալը» նովելի տպագրության մասին հետաքրքիր հուշագրություն (1) կա, որի հեղինակը՝  Տիգրան Արփիարյանը (2) ներկայացնում է, թե խիստ գրաքննության պայմաններում ինչպես տպագրվեց նովելը «Մասիս» հանդեսում: Հուշագրությունը տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում է:

 

Գրիգոր Զոհրապի մասին ժամանակակիցների հուշերի մի մասը հավաքված է  «Գրիգոր Զօհրապը ժամանակակիցների յուշերում եւ վկայութիւններում» գրքում (Երեւան, 2006):  Երգիծագիր Հարություն Ալփիարը (3) այսպես է ներկայացնում Զոհրապին.

 

«Եթե փափկաճաշակ գրող մը չըլլար՝ երբեք չպիտի ներէր իր մօրը, որ զինքը գեղեցիկ աղջիկ մը ծնած չէ: Կը սիրէ որ ամեն գեղեցկագէտ ու ճաշակագէտ մարդ ետեւէն երթայ, քծնէ եւ իրեն դարպաս ընէ (սիրահետել-Լ.Ա.): Բաւական է, որ թուղթի կտոր մը առջեւը, գրիչ մը ձեռքը եւ բերանը հավանայի սիկառ մը ունենայ, ամեն բան գրելու կարող է: (…) Նշանաբան. «Աշխարհք հոգս չէ»: Մասնավոր նշան. Ամեն բան ունի առանց մասնաւոր բան մը ունենալու»: Հասցէ.Երբ երեք հոգի սեղանի մը կանաչ չուխային շուրջը չորրորդ մը կը փնտռեն, սպսեցէք, Զոհրապը հեռուն չէ»  (4):

 

«Անիկա մէկ նիւթ միայն կը ճանչնայ`կինը»

 

Զոհրապի գործերի մասին հետաքրքիր քննադատական հոդված ունի  Հովհաննես Ավագյանը (5). «Ոմանք, մեր մէջ, հայ Մօփասան կոչած են զինքը (…): Բայց Զոհրապ չի ճգնիր ու թերեւս չի ալ կրնար ստեղծել այն սարսուռը, զոր կ՝ունենաս, երբ Մօփասանի (6) Կօշմարը, Մօսիէօ Փառանը, Գիժը, Չուանի մը կտորը, Վախկոտը, եւ այլ, եւ այլն: (…) Զոհրապի նորավիպական գրչին աշխարհը սահմանափակ է վերին աստիճանի: Անիկա մէկ նիւթ միայն կը ճանչնայ գրեթէ. -կինը. մշտնջենապէս իր թարմութեանը, գեղեցկութեանը մէջ մնալ գիտցող այն կինը, որ պիտի չուզէր երբեք ապրիլ այնքան երկար, որ ճերմակնային, թափեին իր մազերը, թուլնային իր միսերը, կթոտէին ծունկերը…Զոհրապին ըմբռնած կինը աղւոր պէտք է մնայ միշտ՝ ժպտելու համար ասոր անոր երեսին: Իրեն համար լկրտած խնդուք մը աւելի կ՝արժէ, քան ամենապարկեշտ, բայց կախ երես մը: Ասիկա ամէն արուի հակումն է իրապէս, բայց քչեր պիտի ունենան Զոհրապի անկեղծութիւնը՝ ելնել պոռալու զայն աշխարհի երեսին» ( ԳԱԹ արխիվ, «Փիւնիկ» հանդես, 1920, Գ տարի, թիվ V,մայիս):

 

Ահա եւ Տիգրան Արփիարյանի հուշագրությունը.

 

«Հաճելի անակնկալ մը վայելքը ունեցա կարդալով կիրակի առտվան «Ազատամարտ»-ի (7) մեջ Գ. Զոհրապի նամակը, իր 4 տարի առաջ գրված «Ծաղիկ»-ի (8) հրատարակության ձեռնարկի մը առթիվ եւ որ գրագետ-փաստաբանին դարակներուն խորեն հարություն առած ըլլալ կերեւա: Այդ գրվածքը իր գրական արժեքներեն դուրս՝ մտքիս մեջ կարթնցնե շարք մը հիշատակներու, որոնք թեեւ ոչ շատ հեռավոր անցյալի մը կը վերաբերին, անհետացած մոռացված ըլլալու պատրանք կուտան սակայն:

 

«Զոհրապի սկզբունքն ալ կը կայանար իր ձեռագիրներեն բառ մը պակասած չի տեսնելու մեջ»

 

«Մասիսի»-ի (9) հրատարակությունն է այն, իբրեւ գրական շաբաթաթերթ, որուն սերտիվ կապված էր Զոհրապին անունը՝ իր առաջին երիտասրադութենեն մինչեւ հասուն տարիք, երբեմն ինք վարելով խմբագրապետությունը ու երբեմն իր զորավոր աշխատակցությունը նվիրելով: Եվ ինչ տագնապներու, հուզումներու շրջանի մը մեջ, երբ անողոք գրաքննությունը իր ժանիքները կարկառած էր ամեն հրատարակությանց վրա, նույնիսկ վիպակներուն ու բանաստեղխականներուն: Ես ինքս մաշեցուցած ըլլալով երկար տարիներ, մտքիս տկար կորովը այդ հեւիհեւ վազքին մեջ , մոտեն ականատես եղած եմ Զոհրապին խանդոտ մասնակցությանը այդ գրական գործին, առանց որեւէ նկատումի եւ շատ անգամ նյութական զոհողություններով, միայն արվեստին սիրույն:

 

Երբ անցյալ տարի ձեռքս առի «Խղճմտանքի ձայներ»-ը ու «Բոսթալ» հանդիպեցավ աչքիս, սիրված մտերիմ մը վերագտնելու հմայքը կրեցի, վասնզի այդ նորավեպին հրատարակությունը 1900-ի «Մասիս»-ին մեջ, իր արկածները ունեցած էր եւ քիչ մնաց , որ լույս չտեսներ, եթե հնարավորություն մը զբաղեցներ թերթին վարիչը, որ պատիվ ունի ստորագրելու այս տողերը: Զոհրապի անունը սոսկում կազդեր ավագ գրաքննիչ Մինաս էֆ. Կամսարի, որուն ականջները լեցուցած էին այն ատենի Մաթպաարին (10) նրբանցնքրեուն մեջ, թե բուռն հոդվածներ կը գրե եւ թե պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Գրիգոր Զոհրապի ձեռագիրը Գրիգոր Զոհրապի ձեռագիրը

 

Դժվարն հոն էր, որ Զոհրապի սկզբունքն ալ կը կայանար իր ձեռագիրներեն բառ մը պակասած չի տեսնելու մեջ:

 

Ինչպես հաշտեցնել այս երկու ծայրահեղությունները: Անքուն գիշեր մը անցուցի «Բոսթալ»-ը տպարան հանրնելե առաջ: Հարկ էր կամ հրատարակել զայն ամբողջությամբ եւ կամ հրաժարիլ այդ գոհար նորավեպեն, որ թեեւ քաղաքական գույն մը չուներ, բայց ընկերային ու ընտանեկան «ազնվաշուք» -ներուն դեմ, որ ապահովապես պիտի գայթակղեցներ Մինաս էֆենտին: «Մեծ աղաներուն դեմ գրել չըլլար». այս էր արդեն իր ինքնաստեղծ հանգերգը պետական ճնշիչ մթնոլորտեն ներշնչված: Ամբողջ ձեռագիրը ընդօրինակեցի՝ վերնագիրը վերածելով «Աղախինի մը պատմություն»-ի՝ ստորագրության տեղ դնելով «Ետուարտ»: Արտաքին երեւույթեւ փակված էր:

 

Եվ ահա ներս կը մտնե Մինաս էֆենտին:

 

-Ի՞նչ ունիս տեսնենք այս շաբաթվա թիվին մեջ:

- Ոչինչ, Մինաս էֆենտի: Խմբագրական մը ուսումնական խորհրդի վրա:

-Քննադատական չի՞ գտնվի մեջը:

-Բնա՜վ:

-Ուրի՞շ:

-Ոտանավոր մը:

-Եթե Արփիարեն է, կարդամ:

-Ո՜չ, Սիպիլեն:

-Անոր գրչի վրա վստահություն ունիմ, անցիր:

հետո ավելցուցի վարանոտ շեշտով մը. «Ընդարձակ նորավեպ մը կա…»:

 

Բարեմիտ գրաքննիչը ցատկեց տեղեն. այս բառը ցնցած էր զինքը, վասն զի իր կես ամսաթոշակը կտրված էր վիպական ազատաշունչ հրատարակություն մը արտոնած ըլլալու համար:

 

-Վտանգավոր բան մը չէ, Մինաս էֆենտի,-հարեցի համոզիչ ձայնով մը,- պարտիզակցի աղախինի մը կյանքը:

-Հեղինակը ո՞վ է:

-«Ետուարտո», արտոնատեր Յարճանյան էֆենտիի որդին, բժիշկը:

-Շատ լավ, ուրեմն կարդալու պետք չիկա:

 

Մեկնեցավ գնաց՝ առանց բան մը կարդալու, ամբողջ ձեռագիրը ամրագրելով: Ըրածս վստահության զեղծում մըն էր, բայց անվտանգ: «Բոսթալ»-ը փրկված էր. այս պետք էր ինծի:

 

Շաբաթ առտու հրապարակ կելլեր «Մասիս»-ը՝ մեծ աղմուկ հանելով մանավանդ Գատըգյուղի ու բերայի ջոջ դասակարգերուն մեջ, որ գայթակղություն սփռեց՝ մինչեւ ժողովրդական խավերը հիացումով լափած էին Զոհրապի նորավեպը: Կը նախազգայի, որ փոթորիկ մը պիտի պայթեր գլխուս:

 

Երկուշաբթի առտու Մինաս էֆենտին ներխուժեց խմբագրատան գրասենյակես, ինք որ կեսօրեն առաջ դուրս չէր ելլեր տունեն, ու այլայլված ձայնով մը.

 

-Պռավո, Տիգրան, այս խաղը ըրիր ինծի, «Բոսթալ» վերնագիրը ու Զոհրապին ստորագրությունը ծածկելով ինձմե: Տեսնենք այսօր Մաթպաարին մեջ աղմուկ պիտի ըլլա: Հըֆզի պեյին աչքին երեւալու չէ:

 

Հանդարտեցուցի զինքը. պատասխան չունեի տալու: Օրեր հաջորդեցին օրերուն, շաբաթը անցավ, ձայն չեղավ բարեբախտաբար: Մինաս էֆ. չի խրատվեցավ այս միջադեպեն, վասն զի ազնվասիրտ անձ մըն էր ու մինչեւ վերջը միշտ նույն կույր վստահությունը ունեցավ իմ վրաս, որուն շնորհիվ հրատարակվեցին «Մասիս»-ին մեջ ոչ միայն Զոհրապին արձակներն ու ոտանավորները, այլ մինչեւ իսկ արտասահմանի գրագետներե ղրկած հոդվածները.-ավելորդ է ասել՝ ծածկանունով: Այս շրջանին մեջ գրագետ փաստաբանին 2 գրվածքները միայն չը համարձակվեցա առնել՝ խափանումի մը վախեն: Նուրյան էֆենտիի եւ Վահան վարդապետի (11) ուրվագիծներե մեկը՝ «Անհետացող դեմքեր»-ու եւ մյուսը «Ծանոթ դեմքեր»-ու շարքին մաս կազմող, որոնք սահմանադրությամբ հռչակումեն ետք միայն կրցան հրատարակվիլ, այս էջերուն մեջ, կարծեմ:

 

…Պետք է շեշտել, սակայն, որ այդ շրջանը ճշմարիտ մարտիրոսություն մըն էր պոլսահայ թերթերու վարիչներուն եւ անոնց հանդուգն աշխատակիցներուն համար, որոնց դրոշակակիրը հանդիսացավ Գ. Զոհրապ ՝ իր անուղղակի, բայց հպարտ մաքառումներովը սանսյուռ ճնշումներերուն դեմ»:

 

Լիլիթ Ավագյան

 

Ծանոթագրություն

1.Այս հոդվածը տպագրված է 1910 թ.-ին, Կոստանդնուպոլսում, «Ազատամարտ» օրաթերթի 178-րդ համարում:

2. Տիգրան Արփիարյան, 1854-1914, հրապարակախոս, խմբագիր, Արփիար Արփիարյանի եղբայրը: Խմբագրել է «Մասիս» հանդեսը, որի խմբագիրը 1892 թ.-ին Գ.Զոհրապն էր:

3. Հարություն Ալփիար, 1864-1919, լրագրող, երգիծագիր:

4. Նկատի ունի Զոհրապի սերը թղթախաղի հանդեպ:

5. Հովհաննես Ավագյան, 1882-1959, ամերիկահայ գրականագետ, գրող, լրագրող:

6. Գի դը Մոպասան, 1850-1893, ֆրանսիացի նովելիստ, անսպասելի ավարտով պատմությունների վարպետ:

7. «Ազատամարտ», Կ.Պոլիս, 1909-1914:

8. «Ծաղիկ», հասարակական, գրական տասնօրյա հանդես, Կ.Պոլիս, 1886-1905 (ընդմիջումներով):

9. «Մասիս», հասարակական-քաղաքական, գրական թերթ, Կ.Պոլիս, 1852-1884՝ օրաթերթ, 1884-1908 թթ.՝ շաբաթաթերթ:

10. Մաթպաար, գրաքննություն իրականացնող տեսչություն:

11. Նուրեան էֆէնտիի եւ Վահան վարդապետի Ուրուագիծները:  Օհաննէս Նուրեան, «Ազատամարտ», 1909, Վահան վարդապետ Տէր Մինասեան,  «Շիրակ» հանդես , 1905 թ., «Արտավազդ» կեղծանունով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին