Պարզաբանում. հատուկ միջոցների կիրառում - Mediamax.am

exclusive
3423 դիտում

Պարզաբանում. հատուկ միջոցների կիրառում


Լուսանկարը` Photolure


Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում եւ հուլիսի 29-ին Սարի թաղում Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց քաղաքացիների դեմ: Ոստիկանությունն այս գործողությունները մեկնաբանեց քաղաքացիների կողմից ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված անվտանգության գոտին ճեղքելու փորձով:

 

Առողջապահության նախարարությունը ապրիլի 30-ին հայտնեց, որ հատուկ միջոցների եւ ուժի կիրառման հետեւանքով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 73 տուժած` տարբեր աստիճանի վնասվածքներով: 

 

«Պարզաբանում» խորագրի այս թողարկմամբ ներկայացնում ենք, թե օրենքով սահմանված  որ դեպքերում Ոստիկանության զորքերը կարող են հատուկ միջոցներ կիրառել:

 

1. Ի՞նչ գործառույթ ունեն Ոստիկանության զորքերը

 

Ոստիկանության զորքերի գործողությունները կարգավորվում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1997 թվականի նոյեմբերի 17-ին: Կառույցը մինչեւ 2004 թվականը կոչվում էր Ներքին զորքեր, որից հետո անվանափոխվել է Ոստիկանության զորքերի:

 

Ոստիկանության զորքերը Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները եւ ազատությունները հանցավոր եւ այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը։

 

2012 թվականից Ոստիկանության զորքերի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանն է:

 

2.Ե՞րբ են կիրառվում հատուկ միջոցներ

 

Ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմաններն ու սահմանները ամրագրված են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ 4-րդ գլուխներում:

 

Դրանցից առանձնացրել ենք մի քանի կետեր:

 

Խաղաղ, առանց զենքի հավաքները կամ հանրային միջոցառումները կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է:

 

Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն եւ մարտական տեխնիկա այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

 

Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետեւյալ դեպքերում.

 

1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.

 

2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

 

3) իրավախախտման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց

ձերբակալելիս.

 

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

 

5) իրավախախտում կատարած անձանց ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին

 

6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի եւ շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների եւ բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս

 

7) առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվող անձանց, զավթած կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս:

 

3. Որո՞նք են հատուկ միջոցները

 

ՀՀ Կառավարության կողմից 2011-ին հաստատված ցանկում Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված է 80 անուն ակտիվ պաշտպանության եւ հատուկ միջոց` ռետինե մահակներից մինչեւ ջրանետ մեքենաներ, ԲՌԴՄ եւ «Տիգր» զրահամեքենաներ:  Այս միջոցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ոստիկանությունը, որպես կանոն, չի հրապարակում գործողությունների ժամանակ կիրառած հատուկ միջոցների ամբողջական ցանկն ու դրանց անվանումները:

 

Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպերի տեսագրություններից ու լուսանկարներից  դատելով, Ոստիկանության զորքերն այդ օրերին կիրառել են ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ:

 

Հատուկ միջոցների ցանկի հետ մեկտեղ Կառավարությունը հաստատել է նաեւ դրանք սպառազինության մեջ ներառելու ու օգտագործելու կարգը, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ նույն փաստաթղթի վերջին չորս էջերում:

 

Սպառազինության մեջ նոր միջոցների ներառման ու օգտագործման կարգի ամենաուշագրավ մասը դրանց` մարդու կյանքին ու առողջությանը հասցվող վնասի կետն է:

 

Ըստ կարգի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր եւ անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն եւ օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

 

Սուրեն Ստեփանյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին