Պարզաբանում. Տարածքային ցուցակ եւ քվեարկության նոր կարգ - Mediamax.am

exclusive
6043 դիտում

Պարզաբանում. Տարածքային ցուցակ եւ քվեարկության նոր կարգ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


2017թ. Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն փոփոխված ընտրակարգով: Հայաստանն անցել է համամասնական ընտրակարգի, որի պարագայում մեծամասնական թեկնածուներ չեն առաջադրվում, փոխարենը` կուսակցություններն ունեն տարածքային ցուցակներ, որոնցից պատգամավորները կընտրվեն այսպես կոչված վարկանիշային (ռեյտինգային) սկզբունքով: Թե ի՞նչն է այս ընտրակարգի առանձնահատկությունը եւ էլ ի՞նչ փոփոխություններ են կատարվել ընտրական եւ քվեարկության կարգերում, Մեդիամաքսը ներկայացնում է «Պարզաբանում» խորագրում: 

 

1. Ինչպե՞ս է աշխատում քվեարկության էլեկտրոնային համակարգը, որը ներդրվել է այս տարի:

 

ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների քվեարկության կարգի համաձայն` տեղամասում ընտրողը մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ:

 

Եթե ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով արդեն մասնակցել է քվեարկությանը, սարքավորման էկրանին կարմիր նշան է հայտնվում եւ հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե ընտրողը տվյալ ընտրատեղամասում գրանցված չէ, էկրանին հայտնվում է դեղին նշան եւ նրան դուրս են հրավիրում ընտրատեղամասից: Եթե սարքն ավտոմատ չի մուտքագրում ընտրողի փաստաթղթի տվյալները, դրանք մասնագետը մուտքագրում է ձեռքով: 

 

Եթե որեւէ խախտում չկա, սարքում կանաչ լույս է վառվում: Ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը: Մասնագետը կտրոնը եւ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին, որից հետո նա մոտենում է հանձնաժողովի անդամին եւ տալիս կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն ազգանունը: Ընտրողը ստորագրում է իր անվան դիմաց, ապա այդ ցուցակում եւ կտրոնի վրա հանձնաժողովի անդամը դնում է իր կնիքը: Եթե ընտրողը չի կարողանում ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնությանը` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

 

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնն ու ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար: Պետք է ուշադիր լինել եւ ստանալ ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց:

 

2. Ինչպիսի՞ քվեաթերթիկներով է կատարվում ընտրությունը:

 

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում է տարածքային ընտրական ցուցակներ:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Լուսանկարը` Photolure

Թեկնածուների անունների աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

 

3. Ինչպե՞ս է քվեարկում ընտրողը:

 

Ընտրողը քվեարկում է խցիկում, գաղտնի: Նախ` ընտրում է այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում ընտրողը որեւէ նշում չի կատարում:

 

Ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում է նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում:

 

Ապա` քվեաթերթիկն առանց ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում դրանց համար նախատեսված առանձին արկղի մեջ: Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկներ ստանալու համար:

Լուսանկարը` Photolure

Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու:

 

Ընտրություն կատարելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը, եւ առանց քվեարկության ծրարը վերցնելու, դրա կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, եւ ընտրողը ծրարը գցում է դրա մեջ:

 

4. Ինչպե՞ս են բաշխվում մանդատները համապետական ընտրական ցուցակի թեկնածուների միջեւ:

 

ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

 

Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուրի հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:

Լուսանկարը` Photolure

Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:

 

Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջեւ: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:

 

5. Ինչպես են բաշխվում ընտրական տարածքին հասանելիք մանդատները:

 

Յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

 

                                                              Կտ

                                              ԿտԳտ =   _____

                                                           ԿտՄտ +1

 

որտեղ`

 

Գտ -ն ընտրական տարածքի գործակիցն է,

 

Կտ -ն տվյալ ընտրական տարածքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը,

 

Մտ -ն հերթական մանդատի համար ընտրական տարածքի գործակիցը հաշվելիս այդ ընտրական տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է:

 

Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատը ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ բոլոր մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Լուսանկարը` Photolure

Համամասնական ընտրական համակարգերի պայմաններում ընտրությունները անց են կացվում կուսակցական ցուցակներով։ Համամասնական բաց ցուցակներով ընտրակարգի դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը։ Այս համակարգով յուրաքանչյուր կուսակցության տարածքային ցուցակում պետք է լինի նվազագույնը 5 թեկնածու, իսկ առավելագույնը` 15: Քվեարկությունից հետո կուսակցության համար հավաքված ընդհանուր ձայները բաժանվում են մանդատների եւ յուրաքանչյուր ընտրատարածք որքան մասնակցություն ունեցել է ու որքան ձայն բերել է, մանդատները համամասնորեն բաժանվում են ըստ այդ քանակի:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Մեդիամաքսին ասել է, որ նոր ընտրակարգի դեպքում ի տարբերություն մեծամասնականի, այսօրվա 13 ընտրատարածքները կարող են լինել բազմամանդատ: 

 

«Ենթադրենք որեւէ քաղաքական ուժ ստացել է 500 հազ. ձայն` մեկ ընտրատարածքից եկել է 80 հազ., մյուսից` 30 հազ. եւ այդպես շարունակ: Եթե այդ մեկ ընտրատարածքից եկած 80 հազ. ձայնը տալիս է այդ տարածքում 4 մանդատի հնարավորություն, ապա մանդատները ստանում են այդ ընտրատարածքում առաջին չորս առավել շատ ձայներ հավաքած թեկնածուները: Մեկ ընտրատարածքից կարող են լինել մեկից ավելի պատգամավորներ` տարբեր կուսակցություններից: Ով որքան ձայն է բերել, համամասնորեն այդքան մանդատ էլ ստանում է, եւ ձեւավորվում է մանդատ ստացող թեկնածուների վերջնական ցանկը»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին