exclusive
729 դիտում

Խմելու ջրի թանկացման պատճառները


Լուսանկարը` REUTERS


2017թ. օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)` սակագների վերանայման հայտով, որով առաջարկել էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականին ավելացնել 14,3 դրամով։

Հանձնաժողովը 2017թ. նոյեմբերի 22-ին մասամբ բավարարեց ներկայացված հայտը՝ 1 խմ մետրի արժեքը ներկայումս գործող 180 դրամի փոխարեն սահմանելով 191.4 դրամ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն, սակայն, հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագնի տարբերությունը պետք է փոխհատուցվի սուբսիդիայի տեսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից վճարվող վարձակալության վճարների հաշվին։ Սա նշանակում է, որ առաջիկա մեկ տարում ջրի սակագինը սպառողի համար կմնա անփոփոխ։

«Պարզաբանում» խորագրի այս հրապարակումը ներկայացնում է ջրի սակագնի բարձրացման դրդապատճառները եւ հետագա թանկացումների հեռանկարը՝ ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության։

1․ Ինչո՞ւ սակագնի բարձրացման անհրաժեշտություն առաջացավ:

Համաձայն վարձակալության պայմանագրի եւ լիցենզիայի պահանջի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ամեն տարի, օրենսդրությամբ սահմանված ժամկետում,  ՀԾԿՀ-ին ներկայացնել իր կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հայտ:

Սակագնային համաձայնագրով՝ վարձակալության պայմանագրի 15 տարիների համար նախատեսված բազիսային սակագները ձեւավորվել են հայկական կողմի հայտարարած միջազգային մրցույթի մասնակից ֆրանսիական «Վեոլիա գրուպ» ընկերության եւ ՀՀ կառավարությունը ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի միջեւ բանակցությունների արդյունքում ու ընդունվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Այս համաձայնագրով՝ վարձակալության պայմանագրի առաջին տարվա համար գործում է մի սակագին, 2-րդի համար՝ մեկ այլ սակագին, եւ այսպես շարունակ:

Սակագնի վրա ազդում են նաեւ այլ գործոններ՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագները, վաճառված ջրի ծավալը:

2․ Առաջիկա տարիներին սակագնի նոր բարձրացում սպասվո՞ւմ է:

Ըստ սակագնային համաձայնագրի՝ մանրածախ ծառայությունների բազիսային սակագներն ընկերության առաջին տարիներին շարունակաբար բարձրանալու են, իսկ հետո շեշտակի իջնելու են՝ ներկայիս սակագներից ավելի ցածր մակարդակի:

Ինչպիսին կլինի մյուս 3 բաղադրիչների դերը (սղաճը, էլեկտրաէներգիայի սակագները, վաճառված ջրի ծավալը) սակագների վերջնական ձեւավորման գործում, այսօր կանխատեսել հնարավոր չէ:

3.  Արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր՝ սակագների բարձրացումից խուսափելու համար:

Նման խնդիր ընկերության առջեւ դրված չէ: Ջրամատակարարման շարունակական բարելավման համար «Վեոլիա ջուր» ընկերությանը անհրաժեշտ են միջոցներ, որոնց հիմնական աղբյուրը սակագներն են, հետեւաբար նաեւ՝ դրանց շարունակական ճշգրտումը:

Սակագների փոփոխությունը ինքնանպատակ չէ: Սակագնային քաղաքականությունը պետք է նպաստի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Պատրաստել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am