Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին` դրանք անվանելով «քաղաքական դեգրադացման» նշան - Mediamax.am

3376 դիտում

Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներին` դրանք անվանելով «քաղաքական դեգրադացման» նշան


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` 2rd.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»:

Ռոբերտ Քոչարյանը այդ մասին ասել է այսօր 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում` մեկնաբանելով ՀՀ նախագահի կողմից ձեռնարկված սահմանադրական բարեփոխումները:

 

«Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ», -ասել է ՀՀ նախկին նախագահը:

 

«Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձեւում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է», - նկատել է Ռոբերտ Քոչարյանը:

 

Մեկնաբանելով այն ենթադրությունը, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այն սահմանափակման ամրագրումն է, որի համաձայն որեւէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի, նախկին նախագահն ասել է.

 

«Դրա համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա, առավել եւս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին