Հայկական բանակը կկանխի ցանկացած ոտնձգություն, վստահեցրել է նախագահը - Mediamax.am

1543 դիտում

Հայկական բանակը կկանխի ցանկացած ոտնձգություն, վստահեցրել է նախագահը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «hայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է, ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:

 

«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով:

 

Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ եւ արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը:

 

Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը եւ կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի եւ իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:

 

Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքն այսուհետ եւս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար», - ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին