«Տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար թանկ են վճարելու» - Mediamax.am

4416 դիտում

«Տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար թանկ են վճարելու»


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված նիստին, որտեղ անդրադարձել է սահմանային լարվածությանն ու կորուստներին:

«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում եւ ապագայում այդպես էլ լինելու է»,-ասել է Սերժ Սրագսյանը եւ նկատել,- «Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար»:

 

ՀՀ նախագահն իր խոսքում նշել  է, որ «մենք պատերազմ հրահրելու որեւէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետեւել եւ հետեւելու է հատուցման գործողություն: Մինչեւ վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողություններն եղել են սիմետրիկ իրենց ձեւով եւ ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով»:

 

«Այսուհետ կարող են տեղի ունենալ նաեւ ձեւով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը: Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ, դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»,- ասել է նախագահը:

 

«Մենք մնում ենք այն համոզման, որ ճիշտը պայմանավորվելն է, որ ճիշտը բանակցությունները շարունակելն է եւ հայտնի սկզբունքների ներքո պայմանավորվածություններ ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն զինադադարի պահպանման եւ վստահության կամուրջներ կառուցելու պարագայում: Կամուրջներ այրելով ոչ ոք լավ բանի չի հասել եւ չի հասնելու:

 

Ես մեկ անգամ եւս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք եւ լավին, եւ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները: Սթափ գործընկերոջ հետ կարող ենք եւ պարտավոր ենք խաղաղություն բանակցել: Ոչ սթափ հակառակորդին պարտավոր ենք եւ անպայման խաղաղություն ենք պարտադրելու»,-եզրափակել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին