Վարչապետն էներգիայի թանկացմանն այլընտրանք չի տեսնում - Mediamax.am

9572 դիտում

Վարչապետն էներգիայի թանկացմանն այլընտրանք չի տեսնում


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ որեւէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում:

Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստի սկզբում:

 

«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում արձանագրված չարաշահումների եւ ճոխության դիմաց սպառողը չի վճարելու, եւ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը:

 

Վարչապետն առանձնացրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք հիմնական պատճառ:

 

Առաջինը, ըստ նրա, վերջին տարիների սակավաջրությունն է, երկրորդը՝ ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառը 2013թ. դեկտեմբերին, երրորդը՝ վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումը:

 

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

 

Նա հանձնարարել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ուշադրության կենտրոնում պահել սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը:

 

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սակագնի չբարձրացման դեպքում «անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին